Մահվան Հովիտ. Հադրութից` Արաքս

928

Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից

Քառասուներորդ գլուխ. Աղետալի վերջաբան

Լևոն Սահակյանը 70 օրվա զինծառայող էր Հադրութի զորամասերից մեկում, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմը:

՚Սկզբում լսեցինք ռումբի պայթյուն, շատ անսովոր էր: Ապա լսվում է երկրորդը, երրորդը: Հիշում եմ հրամանատարի խոսքերը` պատերազմը սկսվեց, բոլորդ անցեք նկուղներ: Բարձրանում ենք վերև, որ ստանանք զենք-զինամթերք, երբ դուրս ենք գալիս, սկսում են ռմբակոծել մեր զորամասի տարածքը: Ու նորից հրաման ենք ստանում` անցնել նկուղներ: Հիշում եմ, այդ պահին տղաները աղոթում էին և ոչ բոլորն էին իրար հավասար աղոթում: Աղոթքի բոլոր բառերը տարբեր ձայներով լսվում էին: Դա շատ է տպավորվել և դրա մասին խոսելուց մարմինս փշաքաղում է: Երեքօրյա մարտերից հետո զոհվում է մեր գումարտակի հրամանատարը` փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը: Շատ ծանր էինք տանում, որ ինքը այլևս չկաՙ,- պատմում է նա:

Լևոնը չէր հավատում, որ պատերազմ է սկսվել, պատերազմի մասին կարդացել էր գրքերում, դիտել ֆիլմեր, լսել մեծերից: Նոյեմբերի սկզբին նա և ստորաբաժանումը նահանջի հրաման են ստանում, և մի քանի տասնյակ կիլոմետր հետ քաշվում` դեպի Մարտունի-2, ճանապարհին ընկնելով շրջափակման մեջ:

Երեք ամսվա զինծառայող Լևոնը պատերազմը շարունակում է Շուշիի մատույցներում, որտեղ վիրավորվում և կորցնում է ընկերներից մի քանիսին: Բարձունքում 9 հոգով էին` լեյտենանտի հետ:

՚Այդտեղ կորցրեցինք մեր ընկերներից մեկին: Անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվում եմ, գլորվում: Կողքերս ձեռք եմ տալիս, մահացած իմ ընկերներն են … Հիմա գիրք եմ գրում ընկերներիս և պատերազմի մասինՙ,- ասում է նա:

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից Վահան Բադասյանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան քնից արթնանում է Հադրութում հնչած պայթյունների ձայնից: Անմիջապես հագնում է զինվորական շորերը և ներկայանում տեղի դիվիզիայի շտաբ, տասը օր կատարում է հրամանատարների տարբեր առաջադրանքներ` մինչև հոկտեմբերի 6-ը, երբ ծանր վիրավորվում է անօդաչու թռչող սարքի հարվածից:

՚Ջեբրայիլում կամավորականները խուճապահար եղան, խուճապը փոխանցեցին զորքին, պաշտպանական գիծը պատռվեց: Նրանք Ջեբրայիլից հասան Հադրութ և խուճապը փոխանցեցին հադրութցիներին: Չեք պատկերացնի, մի անասելի քաոս էր: Իրենց փախուստը արդարացնելու համար նրանք խուճապ էին տարածում: Իսկ եթե նրանք կցագրված լինեին զորքին, նման բան չէր լինիՙ,- ասում է Բադասյանը:

1991թ. ՚Օղակՙ գործողության ժամանակ նա տունը և ունեցվածքը կորցրել էր Խանձաձոր գյուղում: 2020-ի հոկտեմբերին նա տունը, տնտեսությունն ու ունեցվածքը կորցրեց Հադրութում: ՚Ինձ բացարձակապես ցավ չի պատճառում տան և ունեցվածքի կորուստը: 1991-ին ես ծանր էի տանում նյութական կորուստը, բայց երբ կյանքի փորձ ձեռք բերեցի, հասկացա, որ ամենից կարևորը մարդ արժեքն է: Ինձ ցավ է պատճառում հայրենիքի կորուստը, որի համար պատրաստ եմ եղել զոհաբերել կյանքսՙ,- ասում է նա:

Ֆիզուլի-Հադրութ-Ջեբրայիլ ուղղությունը` մինչև Մայր Արաքս, դարձավ Մահվան Հովիտ: 1994-ի հունվար-փետրվար ամիսներին հարյուրավոր զոհերով հայկական ուժերը շարժվեցին դեպի Հորադիս քաղաքը: Հետևեց ադրբեջանական հակագրոհը, ապա կրկին հայկական գրոհը: Զոհվածների մեծ մասը 18-20 տարեկան տղաներ էին: Արցախյան առաջին պատերազմի վերջին ամիսներին հայկական բանակը նորակոչիկներով նետվեց մարտի դաշտ:

2020-ի Արցախյան երկրորդ պատերազմը` 44 օրերը և հետագա շաբաթներն ու ամիսները, մղձավանջ էր ու աղետ: Մի քանի հազար զոհերի մեծ մասը այստեղ էր` Մայր Արաքսի ձախ ափին` Մահվան Հովտում: 2021թ հունվարի վերջի դրությամբ, ռազմական գործողությունների տարբեր վայրերից, հիմնականում Մահվան Հովտից, հայտնաբերվել է ավելի քան 1.300 աճյուն:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան` պատերազմի չորրորդ օրը, Հադրութի կենտրոնում մեզ մոտեցավ մի ոստիկան, խնդրեց անձը հաստատող փաստաթղթեր, հարցրեց, թե ինչ ենք նկարելու, ապա առաջարկեց ներկայանալ ոստիկանություն: Նստեց մեր մեքենան, միասին շարժվեցինք: Ասաց, որ սարսափելի գլխացավ ունի և մի քանի գիշեր չի քնել:

Ոստիկանության պետը ճանաչեց մեզ, թեթև ժպտաց և կարգադրեց, որ նկարենք, որտեղ պետք է: Ոստիկանը հարցրեցª կուզե՞ք հոսպիտալ: Ասացինք` այո և զարմացանք: Գիտեինք, որ հոսպիտալ նկարել չեն թողնում:

Երբ հասանք տեղ, հարավային առաջնագծից մի քանի վիրավոր էին բերել: Մեկի վիճակը ծանր էր: Քիչ անց ասացին, որ նոր վիրավորներ են բերում: Սկզբում բերում էին ՚Նիվաՙ-ներով` մեկ-մեկ կամ երկու-երկու: Ապա սկսեցին բերել ՚Ուազՙ-ներով: Հետո ասացին, որ երկու ավելի մեծª զինվորական մարդատար ավտոմեքենաներով են բերում:

Յուրաքանչյուր մեքենայի մեջ առնվազն 10 վիրավոր ու զոհ կար, գուցե ավելի, հաստատ ավելի: Նրանք թեթև, միջին և ծանր վիրավորներ էին: Մեքենաներից իջեցնելիս լսվում էին նրանց ցավերի դժոխային ձայները: Նախ վիրավորներին իջեցնում էին, առաջին օգնությունը ցույց տալիս, իսկ ընկածներին տանում կողքի շենք, որտեղ դիահերձարանն էր: Վիրավորներն այդ առավոտ շատ շատ էին: Բժիշկ Տարոն Տոնոյանն ու հիվանդանոցի աշխատակիցները նրանց օգնություն էին ցույց տալիս նաև հոսպիտալի հրապարակում` պատգարակի վրա:

՚Դժվար է այս ամենին ականատես լինել: Քաջ սերունդ է մեծանում: Նրանք ճշմարտությունը գրում են իրենց արյունովՙ,- ասաց Տոնոյանը:

Ես մոտեցա տեսնելու, թե ինչպես են զոհվածներից մեկին տանում դիահերձարան: Տղայի կրծքին ՚Կալաշնիկովՙ կար: Դիրքից հոսպիտալ բերած բուժակը նրա կրծքից` գլխի վրայով, հանեց ավտոմատը, ստուգեց` լիցքավորված փամփուշտ կա, թե ոչ: Կար: Մի զինվորական վերցրեց ՚Կալաշնիկովըՙ և օդ կրակեց: Սահմանին ընկած զինվորի վերջին կրակոցն էր: Ընկել էր` զենքը կրծքին:

Հադրութը ռազմաճակատի հարավային ուղղությունն է: Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն ասում է, որ 44-օրյա պատերազմը ընթացել է հիմնականում երկու ուղղություններով` Թալիշ-Մատաղիս և Հորադիս-Ջեբրայիլ:

՚Առաջարկ կար 7-րդ պաշտպանական շրջանը հանձնել և հետ քաշվել: Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը չի համաձայնվում և ճիշտ է անում: Պաշտպանություն են կազմակերպում: Եթե հետ քաշվեինք, շատ լուրջ խնդիրներ էինք ունենալու: Քենդ Հորադիսից եղել է ադրբեջանական ճեղքումը. Արաքս գետի ափով հակառակորդը ծավալվել 4-5 ուղղություններով` դեպի Հադրութ, Ջեբրայիլ, Խոդաֆերին: Պատերազմը սկսվելուց հետո 15-20 րոպեի ընթացքում հայկական կողմը կորցրել է իր հրետանու 40 տոկոսը և հակաօդային ուժերի 50 տոկոսը, այդ թվում` ՚Ս-300ՙ զենիթահրթիռային համակարգը, մոտ 10 միավոր ՚Օսա-ԱԿՙ զենիթահրթիռային համալիրներՙ,- ասում է նա:

Հադրութի հոսպիտալում մեզ մոտեցավ Մարգարիտա Սարգսյանը, որը ղարաբաղյան շարժման վաղ շրջանի ակտիվիստներից է։ Եկել էր օգնելու: Ասաց` կգաք մեր տուն կեսօրին:

Սեպտեմբերյան հրաշալի և տաք կեսօր էր: Նստել էինք ծառի տակ դրված սեղանի շուրջը: Հադրութի անտառային գույները մեր աչքին չէր գալիս: Այս պատերազմը, կյանքերից բացի, մեզանից տարել էր նաև բնությամբ հիանալու զգացողությունը:
Մարգարիտան հուսահատ էր: Չորրորդ օրն արդեն մենք ունեինք զգացողություն, որ այս պատերազմը կարող է ողբերգական ավարտ ունենալ: Բայց չէինք մտածում, որ ընդամենը տասն օր անց կորցնելու ենք Մարգարիտայի տունը, Հադրութ քաղաքը և ապա` շրջանն ամբողջությամբ, անառիկ համարվող Շուշին, իսկ պատերազմի 44-րդ օրը Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ ստորագրելու է հայտարարություն պատերազմը դադարեցնելու մասին, ըստ էության` կապիտուլյացիայի փաստաթուղթ:

Պատերազմի առաջին օրը` սեպտեմբերի 27-ի կեսօրից հետո, Բաքուն հաղորդեց, որ ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ են անցել 7 գյուղեր Ֆիզուլու շրջանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը հաղորդեց, որ գրավել է մի քանի բարձունքներ Մարտակերտի ուղղությամբ և Մռավի լեռնաշղթայի հատվածում:

Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հերքեցին այս լուրերը, սակայն նույն օրը երեկոյան Արցախի նախագահը մամուլի ասուլիսի ընթացքում ընդունեց, որ դիրքային կորուստներ են ունեցել Թալիշի ուղղությամբ և հարավում: Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սա 2016-ի ապրիլը չէ և ոչ էլ տավուշյան դեպքերը, սա լայնածավալ պատերազմ է, Ադրբեջանը գործի է դրել իր ամբողջ ուժերը և տեխնիկան:

Սեպտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, թե ինչ պայմաններում Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները: ՚Հայաստանի վարչապետը մեր առաջ դրել է 7 պայման: Մենք մերժում ենք դրանք: Մենք ունենք միայն մեկ պայման` Հայաստանի զինված ուժերը անհապաղ, ամբողջությամբ պետք է հեռանան մեր հողերից: Այս պայմանը ուժի մեջ է, և եթե Հայաստանի կառավարությունը այն կատարի, ապա մարտերը կդադրեցվեն, արյուն չի թափվի և տարածաշրջանում կհաստատվի խաղաղությունՙ,- ասաց Ալիևը Բավում, վիրավոր զինծառայողների հետ հանդիպման ընթացքում:

—-

Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ և Արթբրիջ գրախանութներում:

Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ: