Չինարի գյուղի բնակչությունը 1897-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Բերդի շրջան

6391

Չինարի գյուղը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում է՝ նրա ամենաարևելյան մասում՝ սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ասրիկ Ջրդահան (Asrik Jrdakhan), Հաջիհասանլի (Hajihasanli) բնակավայրերին: Չինարին գտնվում է Երևանից 235 կմ, Իջևանից՝ 102 կմ հեռավորության վրա:

Չինարին եղել է հարևան Այգեձոր, նախկինում՝ Ղուլալի, գյուղի կազմում: Չինարիի վարչական տարածքում է գտնվում XIII դարի սկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը:

Չինարի գյուղի բնակչությունը ըստ տարիների (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1897 թվական – 614 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1914 թվական – 554 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1916 թվական – 447 հոգի,

1922 թվական – 596 հոգի,

1926 թվական – 696 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 689-ը՝ հայ, 4-ը՝ թուրք, 3-ը՝ ռուս,

1931 թվական – 874 հոգի:

Խորհրդային տարիներին Չինարիի բնակչությունը եղել է.

1939 թվական – 1097 հոգի,

1959 թվական – 1464 հոգի,

1970 թվական – 1575 հոգի,

1979 թվական – 1473 հոգի,

1989 թվական – 1467 հոգի:

Շրջանի պատմությունը

Մածնաբերդի և Տավուշի Բագրատունի Կյուրիկյանները

Կյուրիկյանները Բագրատունյանց արքայական տոհմի կրտսեր ճյուղն է: Նրա հիմնադիրը Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենն էր՝ Կյուրիկեն: 10-րդ դարի կեսերից նրա կառավարմանն էին հանձնվել Գուգարքի հարավային մարզերը՝ Տաշիր-Ձորագետը: 1045 թվականին Բյուզանդիան գրավեց Անին, իսկ 1065-ին՝ Կարսի թագավորությունը: Դրանից հետո Հայաստանում Բագրատունյաց միակ կազմավորումը Կյուրիկյան թագավորությունն էր: 1081 թ. Հաղբատի վանքում Կյուրիկե Ա-ի աջակցությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվեց որպես Հայոց կաթողիկոս, ինչպես նաև նրա ժամանակ դրամ հատվեց, որ առայժմ միակն է Բագրատունյաց շրջանից:

11-րդ դարի վերջերին սելջուկները, որ մինչ այդ գրավել էին Հայաստանի մեծ մասը, աստիճանաբար զավթեցին նաև Տաշիր-Ձորագետը: Կյուրիկյաններին մնաց միայն կենտրոնական հատվածը՝ Լոռին Սանահին մայրաքաղաքով:

Անվերջ հարձակումների պատճառով Կյուրիկե Ա-ի որդիները՝ Դավիթն ու Աբասը 1113 թվականին ստիպված եղան հեռանալ և անցնել Տավուշ: Այստեղ նրանց հաջողվեց պահպանել իշխանությունը Տավուշ-Գարդման գավառների մի մասում՝ առաջացան երկու փոքր իշխանություններ՝ Մածնաբերդի և Տավուշի: Մածնաբերդի իշխանությունը գոյատևեց մինչև 13-րդ դարի կեսերը:

Մածնաբերդի տեր Կյուրիկե Բ-ի որդի Վասակը Գարդման գավառում հիմնեց Կյուրիկյան նոր, ոչ մեծ իշխանություն՝ Նոր բերդ կենտրոնով, որը կարճատև կյանք ունեցավ:

Պարսկական և ցարական տիրապետության շրջան

16-րդ դարում՝ թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում Իրանի կառավարիչեր Շահ Իսմայիլն ու նրա որդի Թահմասը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում (Լոռի, Աղստև, Տավուշ, Գարդման և այլն) բնակեցրին թյուրքական և մուսուլմանական ցեղերով՝ բորչալու, ղազախ և շամշադիլ։

Շամշադինի շրջանը 16-րդ դարում ներառել է այսօրվա Բերդի և Ճամբարակի, ինչպես նաև Ադրբեջանի մաս կազմող Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջանները:

Երբ Արևելյան Հայաստանը Իրանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին, Շամշադինը մաս կազմեց Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Ղազախի գավառին՝ դառնալով 3-րդ և 4-րդ պրիստավությունները:

Խորանաշատ
1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացվելուց հետո, Հայհեղկոմը կատարեց վարչատարածքային նոր բաժանում: Հայկական ԽՍՀ բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ 1921-ի օգոստոսին կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրը 6 գավառակներով: Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ: Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը։

1930 թվականի սեպտեմբերին Շամշադինը դարձավ առանձին շրջան Շամշադին, հետագայում՝ Բերդ, շրջկենտրոնով:

Խորհրդային վերջին շրջանում Շամշադինն ուներ 15 գյուղական խորհուրդ. Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ, Նավուր (Իծաքարի հետ), Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Պառավաքար, Տավուշ, Ծաղկավան, Չինարի, Չինչին, Չորաթան:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ ԱՆդրանիկ Քեշիշյան

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2020/07/13/berdshamshadin-1831-korkotian/