Հատուկ գնդից՝ Հայկական բանակ

7675

1992 թվականի հունվարի 28-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը, որ գլխավորում էր վարչապետ Գագիկ Հարությունյանը (նաև՝ ՀՀ փոխնախագահ) ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը:

Ահա այդ պատճառով է, որ ամեն տարի Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 28-ին: Իրականում, Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին:

Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը օգոստոսի 21-ին ստորագրեց թիվ 411 հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»:

Ստորաբաժանումը ձևավորվելու էր կամավորության սկզբունքով. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»:

Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր «սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը»:

«Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը` ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն», – հետագայում ասել է Վազգեն Մանուկյանը:

Ձևավորվող Հայկական բանակի առաջին գործողություններից էր Հայոց ազգային բանակը՝ ՀԱԲ-ի զինաթափումը: ՀԱԲ-ը քաղաքական-ռազմական խմբավորում էր, որ փորձում էր չենթարկվել հիմնադրվող պետության օրենքներին: 1990-ի օգոստոսի 29-ին Գերագույն խորհրդի նախագահ և երկրի փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ ՀԱԲ-ը զինաթափ արվեց:

«Ոչ կարգավորված խմբերը միշտ մեծ վտանգ են ներկայացնում երկրի կայունության և պաշտպանության հարցում: Մեզ պետք էր բոլոր կռվող տղաներին մտցնել կառույցների մեջ: Հատուկ գնդի ձևավորումը կարծես թե միակ հնարավոր լուծումն էր: Զինված ջոկատների տղաների մի մասը համաձայնվեցին մտնել այդ գնդի մեջ: Նույնիսկ ուրախացան, որովհետև նրանք ուզում էին ծառայել իրենց հայրենիքին, և դա օրինական ճանապարհ էր, կառավարության որոշումով իրենք զենք էին վերցնում իրենց ձեռքը և ծառայում հայրենիքին», – ասել է Վազգեն Մանուկյանը:

Խորհրդային Հայաստանի ներքգործնախարար (1990-1991) Կարլոս Ղազարյանը մի հարցազրույցում ասել է. «Ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի հիմնավորեմ Հատուկ գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր: Հայաստանի կառավարության որոշումը կար, բայց Մոսկվան դեռ կար, մենք պարտավոր էինք այդ հարցերը կարգավորել: Բակատինը սեղանին դրեց թերթը և ասաց. «Դուք բանակ ե՞ք ստեղծում»: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:

1990թ սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվել կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարքեր էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:

Կարլոս Ղազարյանը ասել է. «Դժվարություններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ներքգործնախարարության կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ՆԳՆ աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրեցինք, այլ ներքին զորքերի: ՆԳՆ-ը երկու տեսակ հագուստ ուներ»:

Հատուկ գնդի հրամանատար նշանակվեց Սերգեյ Առաքելյանը: Սկզբանական շրջանում գունդը կազմված էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկված էին առաջին և երկրորդ գումարտակներում, մեկ դեսանտային վաշտ և սահմանային հատուկ վաշտեր:

1990թ սեպտեմբերի 24-ին գնդի կազմավորման ընթացքին ծանոթանալու համար հավաքակայան այցելեցին Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, հոգևորականներ: Այդ օրը կայացավ զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթ:

Սերգեյ Առաքելյանը ասել է. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստվածաշնչի վրա դնում էինք ձեռքը, մյուս ձեռքին բռնած կարդում է երդման տեքստը, որից հետո ստորագրում»:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը:

Գուրգեն Մելքոնյանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էինք երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունեին, հատկապես մեծ մարդիկ, օձիքներ էին կրել: Սափրված էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մորուքներից հրաժարվել: Ֆիդայությունից դառնում էին զինվորական: Մեծ մասը երդվել էին, որ իրենք իրենց մորուքները կսափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի, կլինի մերը»:

«Հասնինք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արդահան»,- երգելով անցնում էին Հատուկ գնդի ներկայացուցիչները: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր նաև վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանը ողջույնի խոսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:

Այսպես է դրվել Հայկական բանակի հիմքը, որն անցավ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներով, արյունաքամ եղավ, տվեց հազարավոր զոհեր, սակայն շարունակում է լինել Հայաստանի պաշտպանության և տարածքային ամբողջականության երաշխավորը:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն