Կազանի փաստաթուղթը. 2011-ի հունիս
2016 թվականի նոյեմբերի 17-ին, Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում1 հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ էին վերադարձնել 7 ադրբեջանական շրջաններ, սակայն Ադրբեջանը առաջ քաշեց մոտ մեկ տասնյակ նոր պահանջներ:
՚2007-ին, այն ժամանակ ես դեռ վարչապետ էի, համանախագահները մեզ ներկայացրեցին առաջարկներ` կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը երեք սկզբունքների հիմքով. առաջին` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, երկրորդª պետությունների տարածքային ամբողջականություն, երրորդ` ժողովուրդների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունքՙ,- ասել է Սարգսյանը և շարունակել. ՚Այդ սկզբունքները ոչ մի դեպքում չեն հակասում միմյանց: Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվումª Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը հավաք կերպով բնակվում է իր պատմական հայրենիքումՙ։
Սարգսյանն ասել է, որ ՚դա այն փաստաթուղթը չէ, որ մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք այդ սկզբունքների և այդ փաստաթղթի շուրջ վարել բանակցություններՙ, սակայն ՚երկար ժամանակ Ադրբեջան չէր համաձայնվումՙ:
՚2008-ի հունիսին, դա իմ և Իլհամ Ալիևի միջև առաջին հանդիպումն էր, ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը: Վերադառնալով Բաքու, նրանք տարածեցին հայտարարություն, թե նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի: 2008-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, և Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք Մայենդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ` 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցովՙ,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքերով` ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ. ՚2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում, Ադրբեջանը հրաժարվեց այդ սկբունքից… ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք: Բայց Ադրբեջանը հրաժարվեց… Փաստաթղթերը պատրաստ էին: Ռուսաստանի նախագահը, բացելով այդ հանդիպումը, ասաց, որ շատ լավ է, որ հասանք այս օրը, որ խաղաղ համաձայնագիր է… Ապա ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը, ասաց, որ, իհարկե, ուզում են, որ լուծումը լինի խաղաղ ճանապարհով, բայց դեռ հարցեր ունեն: Եթե չեմ սխալվում, թվարկեք 8 թե 9 կետերՙ:
Հունիսի 24-ի Կազանի հանդիպումից հետո կողմերը երբեք այլևս մոտ չեղան փաստաղթուղթ ստորագրելուն: Մինչ Կազանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, կրկին Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ և մասնակցությամբ, մարտի 5-ին հանդիպել էին Սոչիում և համաձայնվել հրադադարի խախտման միջադեպերը համատեղ հետաքննելու մեխանիզմ ունենալ, ինչը, սակայն, մնաց թղթի վրա:
Մայիսի 26-ին Դովիլում, Մեծ ութնյակի գագաթաժողովի ընթացքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների առաջնորդներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին համատեղ հայտարարություն էին ընդունել` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հորդորելով Կազանում վերջնական տեսքի բերել կարգավորման հիմնարար սկզբունքները և իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել և ոչ թե պատերազմի: Երբ Կազանի հանդիպումը ձախողվեց, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հիասթափություն հայտնեցին, իսկ Ռուսաստանը Երևան և Բաքու գործուղեց թիվ մեկ դիվանագետինª Սերգեյ Լավրովին, որը կողմերին ներկայացրեց լրացուցիչ առաջարկներ:
2011-ին բանակցային գործընթացը փակուղի մտավ երեք հինական պատճառներով:
Բաքուն շեշտադրում է տարածքային ամբողջականության սկզբունքը և փորձում արժեզրկել Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հանրաքվեի գաղափարը, ինչը 2004-ից սկսված պրահյան գործընթացի հիմնարար տարրն է: Հենց հանրաքվեի անցկացման խոստումն է հնարավոր դարձնում արտաքուստ անհամատեղելի թվացող տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները: Երբ հանրաքվեն անտեսվում է, այդ փաստաթուղթը կորցնում է իմաստը:
Երկրորդ, երբ հայկական կողմի համար Կազանի փաստաթուղթը դառնում է ընդունելի որպես բանակցությունների հիմք և Երևանը պատրաստ է լինում ստորագրել այն, իսկ Բաքուն ներկայացնում է լրացուցիչ մեկ տասնյակ պահանջներ, ապա դա նշանակում է, որ բանակցային գործընթացում լուրջ անհավասարակշռություն է ստեղծվել և կամ էլ Ադրբեջանը լուծում չի ուզում և առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով:
Երրորդ, հրադադարի խախտումները և մահվան ելքերը, ինչպես նաև ուժի սպառնալիքի կիրառումն ու պատերազմական հռետորաբանությունը ավելի են հեռացնում լուծումն ու խաղաղության հույսը: Դեկտեմբերին Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան հանդիպման ընթացում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահող պետությունների բարձրաստիճան դիվանագետներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունեցին համատեղ հայտարարություն` ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
2011թ. մայիսին, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, պետք է բացվեր Ստեփանակերտի վերանորոգված օդանավակայանը: Ադրբեջանը սպառնաց, որ կկործանի հայկական օդանավերը, եթե իրականացվեն թռիչքներ: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է լինելու Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը: Սակայն տարվա ընթացում, ինչպես նաև հետագայում, օդանավակայանը այդպես էլ չգործարկվեց:
Նոյեմբերի վերջերին ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով առաջին անգամ Հայաստան այցելեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որին Երևանում ընդունեց նաև Սերժ Սարգսյանը: Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդը համատեղ հայտարարություն տարածեցին` հորդորելով շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:
2012. Իլհամ Ալիևը ներում է շնորհում մարդասպանին
2012-ին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում դրական միտում կամ արդյունք չգրանցվեց: Ադրբեջանը շարունակեց զինվել, երկրի ռազմական բյուջեն կազմեց 3 միլիարդ դոլար, ինչը գերազանցում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական բյուջեներըª միասին վերցրած:
Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև միայն մեկ հանդիպում կայացավ` հունվարի 23-ին Սոչիում: Դա նման ձևաչափով տասներորդ հանդիպումն էր և վերջինը` Մեդվեդևի համար: Նախագահի պաշտոնում նրան փոխարինեց Վլադիմիր Պուտինը:
Ամառվա վերջին օրը Ադրբեջանին հաջողվեց տուն վերադարձնել Հունգարիայում ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին: Նա 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների օրերին գիշերը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին` քնած ժամանակ:
Մարդասպանը Ադրբեջանում արժանացավ հերոսին վայել ընդունելության և Իլհամ Ալիևի կողմից ներման, ինչին միջազգային հանրությունը կոշտ արձագանք տվեց: Ադրբեջանի նախագահը, սակայն, հայտարարեց, որ Սաֆարովին ազատ արձակելու որոշումը ՚օրինական է և արդարՙ:
Սեպտեմբերի սկզբին, երբ Սաֆարովն արդեն վերադարձել էր տուն, Բաքվի փողոցներում ՚Ազատությունՙ ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը անցորդներից հարցնում էր կարծիք Սաֆարովի արարքի վերաբերյալ: Մի երիտասարդ ադրբեջանցու պատասխանը կարող է ընդհանուր պատկեր տալ երկրում հայատյացության ծավալների մասին. ՚Այս մարդը հայրենասեր է: Մարդ սպանելը հերոսություն չէ, բայց Ռամիլը հայ է սպանելՙ:
Բովանդակային բանակցությունների բացակայության, սպառազինությունների մրցավազքի ու պատերազմական հռետորաբանության պայմաններում իրավիճակը ծայր աստիճան լարված էր: Հրադադարը խախտվում էր անդադար: Դիպուկահարների կրակոցներից բացի հաճախակի դարձան դիվերսիոն գործողությունները: Տարվա ընթացքում զոհերի մեծ մասը գրանցվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Երևան և Բաքու այցի օրերին տեղի ունեցավ սահմանային մեծ միջադեպ, որին զոհ գնացին շուրջ մեկ տասնյակ հայեր և ադրբեջանցիներ:
Դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ արտգործնախարարների Դուբլինում կայացած հանդիպման ընթացքում Մինսկի խմբի եռանախագահող պետությունների դիվանագետները ընդգծեցին, որ կողմերը բանակցային գործընթացում ձգտել են միակողմանի առավելության հասնել: Նրանք Հայաստանին և Ադրբեջանին հորդորեցին զերծ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք թշնամանք են սերմանում, իրենց ժողովուրդներին պատրաստել որպես հարևաններ, այլ ոչ թե թշնամիներ ապրելու օրվան:
2013. Ընտրություններ ու ՚Քարե երազներՙ
2013-ը ընտրության տարի էր Հայաստանում և Ադրբեջանում:
Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց ընտրություններին և իր որոշումը բացատրեց նրանով, որ սեփական ժողովրդին հարգող մարդը 68 տարեկան հասակում չի կարող հավակնել նախագահի պաշտոնին:
Նախագահական ընտրությունների ավարտից մի քան ժամ անց Հովհաննիսյանը հայտարարեց աննախադեպ ընտրակեղծիքների մասին, իսկ հաջորդ օրը` փետրվարի 19-ին, նա պնդեց, որ ինքն ստացել է ոչ թե քվեների 37 տոկոսը, ինչպես հաղորդել է ԿԸՀ-ն, այլ մեծամասնությունը և ընտրված նախագահ է: Մինչև ապրիլի կեսը Հովհաննիսյանը հանրահավաքներ արեց Հայաստանի տարբեր քաղաքներում և Երևանում:
Հանրահավաքներից մեկում Հովհաննիսյանը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին հորդորեց ՚չպղծել Աստվածաշունչը և թույլ չտալ, որպեսզի ժողովրդին ծաղրող թեկնածունՙ ձեռքը դնի Սահմանադրության մայր օրինակի և յոթերորդ դարի Վեհամոր Ավետարանի վրա: Մայր Աթոռը, ի պատասխան, տարածեց հայտարարություն` բացահայտ պաշտպանելով Սերժ Սարգսյանին և Հովհաննիսյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ այն ՚աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն էՙ:
Ապրիլի 9-ին, նույն ժամին, տեղի ունեցավ երդմնակալության երկու արարողությունª մեկը պաշտոնական, մյուսը` ժողովրդական: Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ և Հովհաննիսյանը հայտարարում էին, որ Սարգսյանը կեղծել է նախագահական ընտրությունները: Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում:
Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարել էր , որ Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ Իլհամ Ալիևիª նախագահի պաշտոնում մնալը:
Այդպես էլ եղավ: Ալիևը հաղթեց քվեների 85 տոկոսով: Եվրոպական դիտորդները և արևմտյան երկրները հայտարարեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
Հակամարտության կողմերը տարվա ընթացքում շարունակում էին սպառազինություններ ձեռք բերել: Ադրբեջանը Ռուսաստանից գնեց շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկա, այդ թվում` հարձակողական Սմերչ համակարգեր: Դեկտեմբերին` Պուտինի Բաքու այցելության ընթացքում հայտարարվեց, որ 2010-ից ի վեր Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 4 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա: Ռուսաստանը Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարն է: Ադրբեջանը լրացուցիչ գնումներ է կատարել Իսրայելից, Բելառուսից, Թուրքիայից և Հարավային Կորեայից, այդ թվում` տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Հունիսին, ադրբեջանական բանակի տոնի առիթով կազմակերպված շքերթի ընթացքում Ալիևը հիշեցրեց, որ 2003-ին, երբ ինքը եկավ իշխանության, ռազմական բյուջեն կազմում էր ընդամենը 160 միլիոն դոլար: 2014-ի համար Ադրբեջանը պետական բյուջեով ռազմական կարիքների համար նախատեսել էր ծախսել շուրջ 3.8 միլիարդ դոլար:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածը, որտեղով անցնում է Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, ադրբեջանական ուժերի գնդակոծման պատճառով հուլիսին երկու անգամ փակվեց մի քանի ժամով, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին մնաց փակ:
Ադրբեջանը հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշել շփման գծի առաջնային հատվածից, քանի դեռ ՚պատերազմը չի ավարտվելՙ: Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով տեղի ունեցավ մեկ հանդիպումª նոյեմբերի 19-ին Վիեննայում:
Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության զոհ դարձավ այդ երկրի ամենահայտնի գրողներից Աքրամ Այլիսլին, որը 2012-ի վերջերին ռուսական ՚Դրուժբա նարոդովՙ հանդեսում հրապարակել էր ՚Քարե երազներՙ վեպ-ռեքվիեմը: Այն պատմություն է հեղինակի ծննդավայր Այլիսի` հայկական Ագուլիսի մասին, որտեղ 1919-ի դեկտեմբերին տեղի էր ունեցել հայ բնակչության ջարդ: ՚Քարե երազներիՙ հերոսները Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցիներ են, դեպքերը կատարվում են 1980-ական թթ վերջերին, երբ Սումգայիթում, ապաª Բաքվում, տեղի են ունենում հայկական ջարդեր:
Ալիևը հրամանագիր ստորագրեց և Այլիսլիին զրկեց Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից: Բաքվում պարբերաբար կազմակերպված բողոքի գործողությունների ընթացքում այրում էին գրողի լուսանկարներն ու գրքերը, նրան համարում դավաճան: Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Այլիսլիին պտակեց անաստված ու հերետիկոս:
Չնայած պետական մակարդակով կազմակերպված սև արշավին, Այլիսլին իր հարցազրույցներում նշում էր, որ ՚Քարե երազներՙ-ում նկարագրված դեպքերը բացարձակ ճշմարտություն և իրականություն են: Իսկ երբ միանգամից երեք հայկական հրատարակչություններ թարգմանեցին վեպ-ռեքվիեմը, Այլիսլին ասաց, որ ՚Քարե երազներըՙ գրել էր ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար:
2014 – 2015. դանդաղ պատերազմ
1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադարից ի վեր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը երբեք այնպիսի լարվածության չէր հասել, ինչպես 2014-ին: Արձանագրվեցին դիվերսիոն ներթափանցման մի քանի դեպքեր, իսկ նոյեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվեց երեքհոգանոց անձնակազմը:
Միջադեպը գրանցվեց այն ընթացքում, երբ Հայաստանն ու Արցախը անց էին կացնում անկախությունից ի վեր ամենալայնածավալ զորավարժությունները. ՚Միասնություն – 2014ՙ զորավարժություններին մասնակցում էր շուրջ 47 հազար զինծառայող և պահեստազորային: Խոցված ուղղաթիռն ընկել էր շփման գծին մոտ հատվածումª հակառակորդի հենակետից 100 մետր հեռավորության վրա, և ադրբեջանական կրակոցների պատճառով հնարավոր չէր լինում մոտենալ ուղղաթիռին և զոհված անձնակազմին: Հանդիպելով ադրբեջանական կողմի արհամարհական և անպարկեշտ կեցվածքին, խոցումից մեկ շաբաթ անց հայկական կողմը հատուկ գործողությամբ դեպքի վայրից դուրս բերեց խոցված հայ օդաչուների աճյունները:
Սա 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր խոցված առաջին ուղղաթիռն էր:
Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցավ երեք հանդիպում, որոնցից առաջինը կազմակերպեցին ռուսները, երկրորդը` ամերիկացիները, երրորդը` ֆրանսիացիները: Պուտինը Սարգսյանին և Ալիևին Սոչի հրավիրեց ամառային բախումներից կարճ ժամանակ անց` օգոստոսի 10-ին: Սեպտեմբերի 4-ին Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, իսկ հոկտեմբերի 27-ինª Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փարիզում:
2015-ին Ադրբեջանը դիպուկահարների պատերազմը փոխարինեց խափանարարների` դիվերսանտների պատերազմով:
Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում և Արցախ-Ադրբեջան շփման գոտում սեպտեմբերի վերջին շաբաթը հայկական կողմի համար ամենից ծանր ու ողբերգական ժամանակահատվածներից էր հրադադարից ի վեր: Ադրբեջանական կրակահերթերի հետևանքով Տավուշի երկու գյուղերում սպանվեցին երեք քաղաքացիական անձինք, իսկ Արցախի հյուսիսում` շփման գծից շուրջ 5 կմ հեռավորության վրա, հակառակորդի ականակոծության հետևանքով զոհվեց չորս և վիրավորվեց 16 զինծառայող` ճաշի ընթացքում:
Հայկական կողմի հակահարվածը չուշացավ: Սկզբնական շրջանում ադրբեջանական կողմը չէր հաղորդում կորուստների մասին, սակայն հաջորդ օրերին հայտարարեց առնվազն չորս սպանվածի լուրը: Հայկական կողմը պնդեց, որ պատժիչ գործողության հետևանքով սպանվել են մեկ տասնյակ ադրբեջանցիներ: Ամբողջ տարվա ընթացքում սահմանի և շփման գծի երկայնքով ընթանում էր դանդաղ պատերազմ՝ խլելով քաղաքացիական անձանց ու զինվորների կյանքեր:
Ադրբեջանը հրաժարվում և շարունակում է անտեսել համանախագահների՝ նախորդ տարիներից շարունակաբար կրկնվող հորդորները՝ դիպուկահարներին հետ քաշել առաջնագծից:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ելույթում վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Եթե Բաքուն շարունակի ագրեսիվ քաղաքականությունը, շարունակեց Սարգսյանը, ապա Հայաստանին այլ ընտրություն չի մնա, քան իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Նյու Յորք մեկնելու նախորեին Երևանում՝ համահայկական մի հավաքում Սարգսյանը ասել էր, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է:
2015-ին և նախորդող մի քանի տարիներին Ժառանգություն կուսակցությունը խորհրդարանում հանդես էր եկել Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն մեծամասնություն կազմող Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը խոչընդոտել էր: Սարգսյանի և ՀՀԿ դիրքորոշումը Արցախը ճանաչելու հարցում եղել է հետևյալը՝ Երևանը կճանաչի, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: 2016-ի ապրիլին Ադրբեջանը պատերազմ սկսեց, սակայն Հայաստանը չճանաչեց Արցախը:
Դեկտեմբերի 19-ին Բերնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տարվա ընթացքում միակ հանդիպումը:
Ռուսաստանի արտգործնախարարիª Հայաստան այցելության շրջանում մամուլում և փորձագիտական ու դիվանագիտական շրջանակներում հաճախ էր գրվում Լավրովի պլանի կամ ռուսական առաջարկների մասին, որը համարվում էր միջանկյալ լուծում:
Կարգավորման այդ պլանը ենթադրում էր երկու հիմնական փաթեթ՝ առաջին. հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու, երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով, ինչն ամրագրված էր Մադրիդյան փաստաթղթում:
Ադրբեջանը համաձայն էր տարածքների վերադարձ-կարգավիճակի հստակեցում բանաձևին, սակայն շարունակում էր պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է, թեկուզ ձևական, մնա Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ադրբեջանի սահմանադրությունը: Եթե Ադրբեջանը համաձայնություն է տալիս Կազանի առաջարկներին կամ Լավրովի պլանին, ապա նախ պետք է փոխի երկրի սահմանադրությունը, քանի որ, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը նշանակում է Արցախի անկախություն:
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Բելգրադի նախարարական հանդիպմանը եռանախագահող պետությունների արտգործնախարարները դատապարեցին ծանր զենքերի կիրառումը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց մահը:
—-
Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ և Արթբրիջ գրախանութներում:
Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ: