Հաղպատ գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Լոռու ձոր

6323

Հաղպատ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 10 կիլոմետր, մարզկենտրոն Վանաձորից՝ 61 կիլոմետր հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա:

Գյուղը, որ հիշատակվում է նաև Ախպատ ձևով, տեղադրված է Դեբեդ գետի աջ ափին:

Թեև այսօրվա բնակիչները Հաղպատում հաստատվել են միայն 19-րդ դարի երկրորդ կեսին, գյուղն իր նշանավոր վանական համալիրով ունի շատ ավելի հին՝ ավելի քան 1000 տարվա պատմություն:

Հաղպատ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1886 – 750, բոլորը՝ հայ

1897 – 840, որից 823-ը՝ հայ-լուսավորչական, 6-ը՝ իսլամ, 4-ը՝ ուղղափառ (պրավոսլավ), 7-ը՝ այլ (բողոքական, աղանդավոր, եզդի և այլն)

1908 – 895,

1914 – 1440,

1916 – 1175,

1922 – 1072, բոլորը՝ հայ

1926 – 758, որից 1-ը՝ թուրք, 1-ը՝ հրեա, մյուսները՝ հայ

1931 – 834, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Հաղպատի վանական համալիրը

Հաղպատի վանքը՝ որպես հոգևոր և մշակութային կենտրոն, ծաղկում է ապրել 12-րդ դարի երկրորդ կեսից մինչև 14-րդ դարի վերջը՝ Տաշիր-Ձորագետի Բագրատունի կառավարիչների, ապա՝ Զաքարյանների օրոք:

11-13-րդ դարերում հայտնի էին վանքի գրադարանը, դպրոցը: Վանքը բազմիցս տուժել է սելջուկների ու լեզգիների ասպատակություններից և երկրաշարժերից:

Համալիրի կազմում են Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարերը: Հնագույնը և գլխավորը Սբ Նշան եկեղեցին է, որը 976–991 թթ-ին հիմնադրել են Բագրատունի Աշոտ Գ Ողորմած թագավորը և նրա կինը՝ Խոսրովանույշը:

Հիմնական հուշարձանախմբից դուրս են Կուսանաց անապատը՝ Սբ Տիրամոր եկեղեցով (13-րդ դար), Սբ Աստվածածին (Ջգրաշեն), Սբ Սիոն, Զորավարք (Սբ Գևորգ) եկեղեցիները (12-13-րդ դարեր), Կայանբերդ ամրոցը՝  Դսեվանքի Սբ Աստվածածին եկեղեցով (1233 թ.) և այլ կառույցներ:

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Այգեհատ (Դանուշավան), Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ,

Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2021/10/26/alaverdi-1831-korkotyan/