Գոգավան և Ձորամուտ գյուղերի բնակչությունը 1886-1931 թվականներին. Տաշիրի շրջան

4502

Գոգավան և Ձորամուտ գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, սահմանակից են Վրաստանին:

Գոգավանում է գտնվում հայ-վրացական երեք անցակետերից մեկը՝ Գոգավան-Գուգուտի հսկիչ-անցագրային կետը:

Երկու գյուղերն էլ՝ Ձորամուտ և Գոգավան, բնակեցված են եղել մուսուլմաններով և ունեցել են Էվլու և Դեմուրչիլար անունները: Էվլուն, որ այսօրվա Ձորամուտն է, ավելի վաղ ունեցել է Մոլլա Էյուբլու, Մոլլա Էյուբ, Նովրուզ Խարաբա անունները:

Ձորամուտ գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1886 թ. – 58 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թ. – 241, բոլորը՝ իսլամ,

1908 թ. – 100 հոգի,

1926 թ.- 338 հոգի, որից 4-ը՝ հայ, 334-ը՝ թուրք,

1931 թ.- 382, բոլորը՝ թուրքական խումբ:

Ձորամուտը գտնվում է Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1600 մետր է: 1989-ից գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ և Ջավախքից վերաբնակեցվածներ:

Գոգավան գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1897 թ. – 89, բոլորը՝ իսլամ,

1908 թ. – 120 հոգի,

1914 թ. – 105 հոգի, բոլորը՝ թաթար,

1922 թ. – 89 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թ.- 128 հոգի, բոլորը՝ թուրք,

1931 թ.- 144, բոլորը՝ թուրքական խումբ:

Գոգավանը գտնվում է Տաշիր քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 66 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500 մետր է: 1989-ից գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ:

Գոգավանի անցակետը

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Լուսանկարում՝ Ձորամուտ գյուղը

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Դիտել նաև՝