Թուրքական հաց և սպառնալիք. «Հայերը և թուրքերը»

4078

Հատված ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

1993թ. ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու նպատակով Անկարա մեկնած հայկական պատվիրակությանը` Տեր-Պետրոսյանին, Փափազյանին և Լիպարիտյանին, ընդունում է վարչապետ Դեմիրելը: Շատ բովանդակային և հետաքրքիր հանդիպում էր, պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը: ՙԴեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց` սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք` մեր հարևանն է, սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, մտահոգություններ ունեք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք, սա Լաչինն է, սա ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հե՞տ ինչ գործ ունեք: Քելբաջարը որ գրավեցինք, այդ մարդիկ (թուրքերը) ասացին, չէ’, մեր եղբայրներին ծեծում եք՚,- հիշում է Լիպարիտյանը:

Այսպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարան կապեց ԼՂ հարցի հետ: Նախքան Քելբաջարը Թուրքիան արդեն իսկ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, սակայն ձեռնպահ էր մնում հայ-թուրքական սահմանը շրջափակելու թշնամական գործողությունից:

1992թ. Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող միակ աշխատող հաղորդակցությունը աբխազական երկաթգիծն էր: Ճիշտ է, հայ-թուրքական սահմանը շրջափակված չէր, սակայն երկու սահմանադռները` Կարս-Գյումրի և Ալիջան-Մարգարա, բացվում էին որոշ դեպքերում: Ադրբեջանն ավելի վաղ փակել էր Բաքու-Նախիջևան  երկաթգիծը, դեպի Իրան տանող` Ջուլֆայի գիծը ևս փակ էր, նոր-նոր ցամաքային կապով ձևավորվում էին հարաբերություններն Իրանի հետ:

Հայաստանը Եվրամիության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել վարկ ստանալ, որով պետք է հաց գնվեր: Վարչապետ Խոսրով Հարությունյանը հացամթերումների նախարարից տեղեկանում է, որ հացի մի քանի օրվա պաշար կան միայն: ՙԻնձ համար շատ անսպասելի էր: Այդ պահից սկսվեց հացի համար մեր կռիվը: Ես` որպես վարչապետ, ընկճված էի, երբ երեկոյան դուրս էի գալիս քաղաքը շրջելու, տեսնում էի հացի հերթերը: Շատ ճնշող էր: Երբ փակվեց Աբխազիայի երկաթգիծը, վիճակն ավելի բարդացավ: Բեռնատար ավիացիա չունեինք: Ավիացիան սարսափելի վիճակում էր, կամայականություններ` ինչքան ասես: Ապրանքը գալիս էր, ներքևից սակարկում էին, մինչև այսքան գումար չտաք, վայրէջքի հնարավորություն չենք տա: Օրը ցերեկով կրակում էին Երևանի փողոցներում: Կարող էին կրակոցներ լսվել վարչապետի պատուհանի տակ՚,- հիշում է Հարությունյանը:

Տեր-Պետրոսյանը կապվում է վարչապետ Դեմիրելի հետ, քննարկում Թուրքիայի տարածքով ցորեն ներկրելու հնարավորությունը: Դեմիրելի պատասխանը դրական էր: Հայաստանի նախագահը վարչապետին կարգադրում է իր թուրք գործընկերոջ անունով նամակ պատրաստել: Հարությունյանը հիշում է Դեմիրելին գրած նամակի բովանդակությունը. ՙԵս և Դուք հնարավորություն ունենք մեր ժողովուրդներին ապացուցելու, որ կարող ենք նաև համագործակցել, եկեք փորձենք այդ հնարավորությունը բաց չթողնել՚:

Դեմիրելը 1992թ. սեպտեմբերի 21-ին հայ գործընկերոջը հղած պատասխան նամակում գրել էր. ՙԻմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատկի տեղափոխման միջոցների, քանակի ձևակերպումների և  ժամկետների վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Մեր անկեղծ ցանկությունն է տեսնել հարևան տարածաշրջանը որպես համերաշխության, կայունության, բարգավաճման և համագործակցության կղզի: Թուրքիան կշարունակի իր կառուցողական գործունեությունն այս ասպարեզում՚:

Հոկտեմբերի 10-ին Անկարայում պայմանագիր է ստորագրվում Հայաստանի պարենի և Թուրքիայի առևտրի նախարարությունների միջեւ. Թուրքիան փոխարինաբար Հայաստանին տրամադրում էր 100 հազար տոննա հացահատիկ: Տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի վարչապետերի հեռախոսազրույցը: ՙԴեմիրելը հարցրեց, թե ինչպե՞ս կարող է հացն ուղարկել: Ասացի՝ Կարս-Գյումրի երկաթգիծը գործում է: Դրական զրույց էր: Թուրքիան համաձայնեց մեր ապագա վարկի դիմաց իր ներքին պաշարներից Հայաստանին հաց տալ, պայմանով, որ դրա փոխարեն հետագայում հաց ստանա Եվրամիությունից՚,- հիշում է Հարությունյանը:

Նոյեմբերի 16-ից մտցվում են կտրոններ, հացի հերթերը վերանում են: Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը 6 հազար տոննա հացահատիկ էր նվիրել, որը ևս Հայաստան է հասնում Թուրքիայի տարածքով: Դա 12 օրվա հաց էր: ՙՑորենը 1992-93թթ. Թուրքիայի ճանապարհով եկավ, ուրիշ ճանապարհ չունեինք: Բայց կանգնեցրին, 100 հազար տոննա պիտի գար, 52 հազարը եկավ: Հայ-թուրքական բանակցություններում բավական առաջ էինք գնացել, բայց կանգ առավ: Շատ թուրք դիվանագետներ, որոնց հետ ժամանակին բանակցում էինք, և փորձագետներ, հիմա ասում են, որ այն ժամանակ պետք էր հարաբերությունները բնականոնեցնել՚,- ասում է Լիպարիտյանը, ով 1992-97թթ. եղել է գլխավոր բանագնացը Թուրքիայի հետ հարաբերություններում:

Հարությունյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններին պետք էր ավելի խնամքով վերաբերվել. ՙՊետք էր այնպես անել, որ թուրքերը դուռը չփակեին: Ես չեմ ասում, որ ամեն ինչ կարող էր հաջողել, բայց դա մենք չկարևորեցինք, ավելի հեշտ հաշտվեցինք խզելու հետ: Կարելի էր ջանք գործադրել և նույնիսկ Շուշիի, Լաչինի, Քելբաջարի պարագայում պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները, որովհետև միջազգային հանրությունը տոն էր տալիս դրա պահպանմանը: Մենք թուրքերի գործերն ավելի հեշտացրինք, չպիտի թույլ տայինք, որ թուրքերը հեշտ որոշում կայացնեն: Նրանք շատ պիտի չարչարվեին սահմանը փակելու որոշումը կայացնելու հարցում՚:

1991թ. Թուրքիան ճանաչել էր կովկասյան երեք երկրների անկախությունը, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, հրաժարվել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Պատճառները կարող էին լինել մի քանիսը` ղարաբաղյան հակամարտություն, հայկական պահանջատիրություն, Հայոց ցեղասպանության ճանաչման քայլեր: Թուրք պաշտոնյաները հղումներ էին անում Հայաստանի անկախության հռչակագրին, որի 11-րդ կետում ասվում էր. ՙՀայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՚: Թուրքիայի կեցվածքն ավելի կոշտացավ, երբ ԼՂ-ի շուրջ սկսեց ձև ավորվել անվտանգության գոտին:

Ըստ Տեր-Պետրոսյանի` Թուրքիան իր համար ստեղծել է թակարդ, որից չի կարողանում դուրս գալ, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նա կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման, մասնավորապես, ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ. ՙՄենք փորձեցինք ապացուցել, համոզել, որ նրանք պետք է կարողանան անջատել հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգումը հայ-ադրբեջանականից, սակայն չհաջողվեց: Եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, նպաստել ԼՂ հարցի լուծմանը, որը նա դարձրել է հարաբերությունների բարելավման նախապայման, ապա Թուրքիան իր նպատակներին շատ ավելի հեշտությամբ կհասներ, եթե մինչևհիմա բարելաված լիներ իր հարաբերությունները Հայաստանի հետ՚:

Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ Անկարան միշտ էլ ցանկություն է ունեցել ԼՂ հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Արզումանյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր թուրք պաշտոնյաների հետ. ՙԱյդ հանդիպումների ընթացքում նշվում էր, որ մենք պետք է գիտակցենք, թե Թուրքիայում ինչպիսի հասարակական կարծիք և կախվածություն կա Ադրբեջանից, և  այդ նրբանկատությունը հաշվի առնելով` պետք է բանակցություններում ավելի կառուցողական լինենք, որպեսզի իրենց (թուրքերին) հնարավորություն տանք` բացատրեն Ադրբեջանին, թե ինչու են Հայաստանի հետ բարելավում հարաբերությունները: Թուրքիան շրջափակումով Հայաստանի նկատմամբ իրականացնում էր թշնամական գործողություն և չէր կարող շարունակել միջնորդի իր հավակնություններն ունենալ: Թուրքիան իր քաղաքականությունը պետք է վերանայեր, որպեսզի ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլև հասարակությունը նույնպես ընդունելի համարեր այդ միջնորդությունը, բայց դա չեղավ՚:

Վահան Փափազյանն արտգործնախարարի պաշտոնում չորս տարիների ընթացքում, հանդիպել է Թուրքիայի հինգ արտգործնախարարի հետ և ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում Անկարան լրջորեն էր տրամադրված: ՙԲայց ավելի կարևոր էր, որ Թուրքիան շատ լուրջ էր ընդունում Հայաստանը` որպես անկախ պետություն: Չեթինի, Սոյսալի, Ինոնյուի, Բայքալի, Չիլլերի հետ հանդիպումները եղել են բավականաչափ անկեղծ: Հայաստանը և Թուրքիան իրարից թաքցնելու բան չունեն, խնդիրները հայտնի են, դիվանագիտություն խաղալու կարիք չկար: Թուրքիան սահմանները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար շատ ավելի քիչ պահանջներ էր դնում, քան այսօր: Սա փաստ է: Ինչքանո՞վ էր դա անկեղծ: Չեմ կարող ասել: Միայն մի մանրամասն կարող եմ հիշել, որը գուցե բացի ինչ-որ ճանապարհ այս հարցին: 1996թ. հոկտեմբերին ՄԱԿ-ում հանդիպեցի Չիլլերի հետ` Թուրքիայի ներկայացուցչությունում: Չիլլերը բառացիորեն ասաց` գրավյալ երկու գյուղից դուրս եկեք, սահմանը կբացենք: Ասացի, որ կվերադառնամ, կքննարկենք: Մենք քննարկեցինք Տեր-Պետրոսյանի հետ, որոշեցինք, որ դա անելու բան չէ, որովհետև, նախ` որևէ երաշխիք չկա, որ իրենք դա կանեին, երկրորդ` ինձ մոտ կասկած կար, որ թուրքերն ընդամենն ուզում են փորձել, տեսնել: Չպատասխանեցինք, մանավանդ, որ որոշ ժամանակ անց արդեն ես և Չիլլերն արտգործնախարար չէինք՚:

Ղարաբաղյան դիմակայության տարիներին Անկարան և Թուրքիայի քաղաքական շրջանակները հրապարակավ կարևորում էին հայերին ՙմի քիչ վախեցնելու՚ անհրաժեշտությունը: Ադրբեջանին թուրքական ռազմական օգնության առաջին պաշտոնական հաղորդագրությունները եղան 1990թ. սկզբին: Հայ-ադրբեջանական առաջին բախումների ժամանակ արդեն ադրբեջանական կողմից մասնակցում էին Թուրքիայի քաղաքացիներ ծայհարևան կան ՙԳորշ գայլեր՚ կազմակերպությունից: Նրանք Ադրբեջան էին անցել 1989թ. վերջերին՝ ավերված խորհրդային-թուրքական պետական սահմանի նախիջևանյան հատվածով:7

ՙԳորշ գայլերի՚ առաջնորդ Արփասլան Թյուրքեշը 1992թ. պնդում էր, որ Թուրքիան պետք է ռազմական միջամտություն ունենա ղարաբաղյան հակամարտությանը: Հենց նրա անմիջական նախաձեռնությամբ էին Ադրբեջան ուղարկվել շուրջ 300 գրոհայիններ, որոնց ծախսերը հոգում էր թուրքական հատուկ ծառայությունը` ՄԻԹ-ը: 1991-92թթ. երկու օդային թռիչքներով Թուրքիայից Նախիջևան էր հասցվել մոտ 5000 միավոր ավտոմատ և ականանետ:

1993թ. Ֆրանսիայում բնակվող պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատի առաջարկով Փարիզի ՙԿրիյոն՚ հյուրանոցում, որտեղ իջևանել էր Ֆրանսիայում այցով գտնվող Հայաստանի նախագահի պատվիրակությունը, տեղի է ունենում Թյուրքեշի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ: Նախագահից բացի, հանդիպմանը ներկա էին Փափազյանն ու Լիպարիտյանը: Օզարարատը հայկական պատվիրակությանը բացատրել էր, որ Թյուրքեշը շատ մեծ ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, և եթե հնարավոր լինի նրա դիրքորոշումները մեղմել, դրական կլինի:

Պատմում է Փափազյանը. ՙԹյուրքեշն էր, նրա որդին ու էլի մեկը: Թյուրքեշի ասածի մեջ բովանդակային բան չկար, նա անընդհատ ասում էր, թե շատ հայ ընկերներ է ունեցել, որ թուրքերն ու հայերը պիտի եղբայրներ լինեն, որ մեր վատ հարաբերությունների պատճառը ռուսներն ու եվրոպացիներն են և նման դատարկ խոսակցություններ: Այդ հանդիպման մեջ անիմաստ է փնտրել որևէ լուրջ բան: Մենք Թյուրքեշի հետ համաձայնվել էինք հանդիպել այն հաշվարկով, որ Թուրքիա վերադարձից հետո հրապարակային հայտարարություններ կանի, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը պետք է մեղմել, Հայաստանի հետ պետք է հարաբերությունները կարգավորել՚:

Ընդդիմադիր ՙՄայր հայրենիք՚ կուսակցության առաջնորդ Մեսութ Յըլմազը 1992թ. մարտին ասում էր, որ Թուրքիան պետք է զորքեր տեղակայի Հայաստանի և Նախիջևանի սահմանի երկայնքով` ցույց տալու իր լուրջ ընդդիմությունը Հայաստանի կեցվածքի հանդեպ: Մարտի կեսերին վարչապետ Դեմիրելը հարցազրույցում նշում էր, որ ինքն ավելի վճռական գործողությունների դիմելու խիստ ճնշումների տակ է եւ չի բացառում Թուրքիայի ռազմական միջամտությունը:

Պետական շրջանակները, այդուհանդերձ, փոքր-ինչ զուսպ էին: Դեմիրելը Թուրքիայի հասարակական կարծիքը մեղմելու նպատակով հայտարարում էր, որ Անկարայի միջամտությունը և  ադրբեջանամետ դիրքորոշումը միայն կբերեն նրան, որ ամբողջ աշխարհը կկանգնի Հայաստանի թիկունքին: Քելբաջարի դեպքերից հետո նախագահ Օզալը Ռուսաստանին մեղադրեց ԼՂ հայերին օգնելու մեջ և հայտարարեց, որ Թուրքիան կամրապնդի ռազմական կապերն Ադրբեջանի հետ և  այնտեղ զենք կուղարկի: Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովն Անկարա այցի ընթացքում Թուրքիային զգուշացրեց, ընդ որում` բավականին ոչ դիվանագիտական ձևով, հեռու մնալ Ադրբեջանից:

Այս զգուշացումները, սակայն, չէին կարող Հայաստանին լիովին ապահովագրել թուրքական հնարավոր ներխուժումից: 1993թ. օգոստոսին ՙՄայր հայրենիք՚ կուսակցության պատգամավորները կառավարությունից պահանջեցին ռազմական միջամտություն: ՙՀյուրիեթը՚ գրեց, որ հայկական սահմանի մոտ տեղակայվել են 50 հազար թուրքական զորքեր: ՙՌոյթերը՚ և ՙՍինհուան՚ հաղորդեցին, որ թուրքական զինված ուժերը զգաստ դրության մեջ են և պատրաստ են ներխուժել մարտի, իսկ թուրքական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանների մոտակայքում:

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ: Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ գեներալ մայոր Ալեքսանդր Բաբենկոն հայտարարում է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է հայ-թուրքական սահմանում թուրքական բանակի զրահատեխնիկայով և հրետանիով լրացուցիչ ստորաբաժանումների ներկայությամբ, որոնք իրականացնում են տեղանքի ինժեներական վերակառուցումը: Սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը հետևում է սահմանում տիրող իրավիճակին և միջոցներ ձեռնարկում թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ` համաձայն 1921թ. հոկտեմեբրի 13-ի Կարսի պայմանագրի:

Հրավիրվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ: Սեպտեմբերի 6-ին Տեր-Պետրոսյան-Դեմիրել հեռախոսազրույցում քննարկվում է հայ-թուրքական սահմաններում նկատվող թուրքական զորքերի կուտակումների խնդիրը: Վարչապետ Թանսու Չիլլերը սպառնում էր, թե Թուրքիան ՙձեռքերը ծալած չի նստի՚:

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններ է մեկնում Երևանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանս դ’ Արթինգը, որին առավելապես հետաքրքրում էր հայ-թուրքական սահմանը` ինչպես Հայաստանը Թուրքիային միացնող հաղորդակցության ուղիները, այնպես էլ Հայաստանի սահմանների ուղղությամբ թուրքական բանակի զորաշարժը:

Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում` ՙԿովկասյան քրոնիկներ. ազգակերտում եւ դիվանագիտություն Հայաստանում՚, գրում է, որ 1993թ. Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան: 1993թ. սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը լուծարեց երկրի խորհրդարանը: Ի պատասխան` վերջինս պաշտոնազրկեց նախագահին: Արդյունքում ստեղծված պատային իրավիճակը հոկտեմբերի 3-ին վերաճեց արյունահեղ բախման: Խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել վարչապետ Չիլլերի հետ: Եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերին հանելու էր Կովկասից և Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ ներխուժումներ իրականացնել Հայաստանում` պատրվակելով քրդական հարցը:

Խրիզանթոպուլոսը վկայակոչել է այդ օրերին թուրքական բանակի տեղաշարժերը սահմանային գծում և Իրաքի վրա հարձակումը 1993թ. հոկտեմբերին: Հայաստանի վրա Թուրքիայի հավանական հարձակման գաղտնի տեղեկությունը նա ստացել էր Երևանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններ Ֆրանսուա դ’ Արտինգից և Հարրի Գիլմորից: Զարմանալի է, որ թուրքական վտանգի մասին իր հուշերում չի հիշատակել Երևանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, ով բավական մանրամասնորեն է ներկայացնում 1992-94 թվականների Հայաստանը:

Խրիզանթոպուլոսը գրում է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են թուրքական սպառնալիքի մասին, և երկրի Անվտանգության խորհուրդը զորքերը բարձր մարտական պատրաստության է փոխադրել: Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության պետ (1993-94թթ.), գեներալ մայոր Էդուարդ Սիմոնյանցը հաստատել է Խրիզանթոպուլոսի պնդումները: ՙՏարբեր ուղղություններով Հայաստանի տարածք թուրքական զորքերի ներխուժման իրական սպառնալիք եղել է մի քանի անգամ, այդ թվում և այն դրվագում, որի մասին խոսում է Հունաստանի նախկին դեսպանը: Թուրքական զորքերի Հայաստան ներխուժման հնարավորության տեղեկատվությունը մեզ մոտ ստացվում էր ոչ միայն դիվանագիտական աղբյուրներից: Անվտանգության խորհրդի որոշմամբ ձեռնարկվեցին համապատասխան միջոցներ: Բուն ներխուժումն այդպես էլ տեղի չունեցավ: Տեղ գտան իրական սպառնալիքներ, ընդհուպ թուրքական բանակը վերատեղաբաշխվեց Հայաստանի հետ սահմանում, հիմնվեցին դաշտային շտաբներ, զորքերը համալրվեցին և’ անձնակազմով, և’ տեխնիկայով, և’ սպառազինություններով՚:

Արմեն Այվազյանի կարծիքով` 1918-21թթ. հետո Անկարայի և Բաքվի ռազմավարական առաջնահերթ նպատակները կովկասյան տարածաշրջանում գրեթե չեն փոխվել: ՙՆրանց շահերը դարձյալ պահանջում են իրենց միջև ընկած ՙհայկական սեպի՚ վերացում: Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին կասեցնել Հայաստանի` կենսունակ անկախ պետություն դառնալու հնարավորությունները: Այդ խնդիրը լուծելու համար, ինչպես եւ 1918-21թթ., նախ անհրաժեշտ էր գրավել Սյունիքը և անմիջական ցամաքային կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ՚: Այվազյանը ղարաբաղյան հակամարտությունը բնութագրում է ՙերկհարկանի՚. ՙառաջին հարկում՚ այն ընթանում է անմիջական մասնակիցների` Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, ինչպես նաև` Թուրքիայի, ՙերկրորդ հարկում՚` տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող տերությունների, հատկապես` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և  դարձյալ Թուրքիայի միջև:

Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը տեսնելու համար բավական է այցելել հայ-թուրքական երկու սահմանադռներ` Մարգարա և Ախուրյան: Դրանցից Ախուրյանը հավանաբար աշխարհի ամենատխուր եւ լքյալ երկաթուղային կայարանն է: Վերջին անգամ Ախուրյանը գնացքի սուլոց լսել է ավելի քան տասնյոթ տարի առաջ` 1993-ի ձմռան վերջերին, երբ Թուրքիայից շարունակվում էր ցորենի ներկրումը Հայաստան: Հերթապահ Հակոբ Գևորգյանը շուրջ երեք տասնամյակ աշխատում է այս կայարանում, որը անգամ խորհրդային ժամանակներում, երբ ՙերկաթե վարագույր՚ կար, պարապուրդի չէր մատնվել: Նա հուսով է, որ մի օր սահմանը կբացվի, գնացքներ կգան ու կգնան. ՙՄինչև սահմանի փակվելն այս կայարանում 45 երկաթուղային էր աշխատում, չհաշված մյուս ծառայությունները: Հիմա հինգ հոգի ենք մնացել, տիրություն ենք անում այստեղ, ուրիշ բան չկա: Հենց այսօր էլ, եթե Թուրքիան սահմանը բացի, կարող ենք գնացքներ ընդունել ու ճանապարհել՚:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: