Հայաստանի որեւէ պաշտոնյա որեւէ տարածքային պահանջ Թուրքիային չի ներկայացրել. Սերժ Սարգսյանի զրույցը «Ռադիկալ»-ի հետ, 28 օգոստոս, 2008թ

826

՝Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Թուրքական «Ռադիկալ» օրաթերթին, 28 օգոստոս, 2008թ

Պարոն Նախագահ, Թուրքիայի ու Հայաստանի հավաքականները սեպտեմբերի 6-ին խաղալու են Երեւանում. այն համարվելու է ամենաքաղաքականացված սպորտային իրադարձությունը: Քաղաքական առումով ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ հրավիրեցիք նախագահ Գյուլին Ձեզ հետ միասին դիտելու խաղն այստեղ:

Գիտեք, առաջին հերթին իմ հիմնական նպատակը մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ կատարելն էր: Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո պարոն Գյուլի շնորհավորական ուղերձում խոսվում էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորության մասին: Այնուհետեւ պարոն Էրդողանն ասաց, որ այս ժամանակահատվածում դռները բաց են երկխոսության համար: Եվ ես որոշեցի արձագանքել, առիթն օգտագործել:
Սպորտային լավ միջոցառում է տեղի ունենալու, մանավանդ որ մեր ազգային հավաքականների միջեւ առաջին հանդիպումն է: Եվ անկախ արդյունքից` կարծում եմ, բոլորը հաճույք կստանան, եւ, բնականաբար, բազմաթիվէմոցիաներ կլինեն: Մեր դժվար հարաբերությունների պատմության մեջ սա բացառիկ երեւույթ է, եւ կարծում եմ, ճիշտ կլինի, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները ներկա լինեն այդ բացառիկ երեւույթին. վերջիվերջո մենք հարեւաններ ենք եւ այդպիսիք մնալու ենք:

Կարծում եմ, ե՛ւ թուրք, ե՛ւ հայ ժողովուրդների համար շահեկան է, որ մենք ունենանք բնականոն, նորմալ հարաբերություններ: Իմ հրավերն այս համատեքստում է պետք դիտարկել:

Անկարայում վերոհիշյալ հրավերի հետ կապված որոշակի մտավախություններ կան: Օրինակ` սահմանային խնդիրները եւ այն, թե ինչպես կդիմավորեն Նախագահ Գյուլին Երեւանում: Դուք կիսու՞մ եք այդ մտահոգությունները:

Որեւէ մտավախություն` կապված կազմակերպչական կամ այլ հարցերի հետ, չի կարող լինել: Մենք հրավիրել ենք երկրի նախագահի, եւ մեր վերաբերմունքն անպայման համարժեք կլինի այդպիսի դեպքերում նախատեսված բոլոր կանոններին:

Շարունակելով այս հարցը կամ հետեւելով պատասխանին` ասեմ, որ ես խոսել եմ նաեւ Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք ասել են, որ չեն ողջունում այդ հրավերը եւ իրենց ձայնը լսելի են դարձնելու, եթե Նախագահ Գյուլը որոշի գալ Հայաստան:

Ես չեմ կարծում, որ նրանք իրենց ձայնը լսելի դարձնելու համար անպայման պետք է ինչ-որ բաներ անեն, որ սովորական կանոնների մեջ չի տեղավորվում: Ընդհանրապես, եթե որեւէ մեկը կատարի մի քայլ, որ «քաղաքակիրթ պահվածք» ասվածի մեջ չի տեղավորվում, առաջին հերթին իր վերաբերմունքը կցուցաբերի Հայաստանի իշխանությունների, Հայաստանի նախագահի նկատմամբ: Դա կարող է վերաբերել ինչպես պարոն Գյուլին, այնպես էլ մեկ այլ նախագահի, ով հրավիրվում է Հայաստանի Հանրապետություն:

Խոսելով տարածաշրջանային, մասնավորապես, վրաց-թուրք-ադրբեջանական ծրագրերի մասին, որոնք կարող են շատ ավելի օգտակար լինել ողջ տարածաշրջանի համար, երբ այստեղ խաղաղություն հաստատվի` արդյոք կուզեի՞ք դուք էլ լինել այս ծրագրերի մաս, կուզեի՞ք, որ թուրք նախագահները Հայաստան այցի հրավեր ստանալու պարագայում երկու անգամ մտածելու կարիք չունենային եւ Ձեզ էլ ողջունեին Անկարայում այնպես, ինչպես ողջունում են Վրաստանի կամ Ադրբեջանի նախագահին:

Գիտեք, մինչեւ այսօր իրականացվող տարածաշրջանային ծրագրերից ես առնվազն երկու դաս եմ քաղել.

Առաջինն այն է, որ երբ այդ ծրագրերին մասնակցում են ոչ բոլոր երկրները կամ գոնե մի երկիր բացակայում է, դրա արդյունքում ստեղծվում է բաժանարար գիծ, ինչը շատ վտանգավոր է:

Երկրորդն այն է, որ երբ այդպիսի ծրագրերի ժամանակ քաղաքական նպատակահարմարությունը գերիշխում է տնտեսականի նկատմամբ, ապա այդ ծրագրերն ինքնին թույլ են ստացվում: Այստեղ ակամայից հիշում ենք ձիու եւ սայլի հայտնի պատմությունը, եւ մեզանից որեւէ մեկն, անկասկած, չի ցանկանա հայտնվել մի սայլում, որը կապված է ձիու առջեւից:

Ո՞ր ծրագրի մասին է խոսքը:

Օրինակ, Կարս-Բաքու-Թբիլիսի երկաթուղու կառուցումը: Այդպիսի երկաթուղի այսօր գոյություն ունի, եւ անհրաժեշտ է ընդամենը շատ ավելի քիչ գումարներ ծախսելով այն դարձնել ավելի ժամանակակից:

Ակնհայտ է, որ այստեղ այդ հսկայական գումարների ծախսը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը դուրս մնա այդ ծրագրից:

Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարների` Թուրքիա այցելելուն, ապա պետք է ասեմ, որ այդպիսի դեպքեր բազմիցս եղել են. ինքս տարբեր պաշտոններում ոչ մեկ անգամ եմ այցելել Թուրքիա եւ հավելեմ, որ հարեւան երկրների ղեկավարների կամ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները չեն կարող որեւէ արտառոց բան լինել կամ, ինչպես Հայաստանում են ասում, դա լավություն անել չէ, դրանք բնականոն հարաբերություններ են, ինչին մենք ձգտում ենք:

Նախագահ Գյուլը բազմիցս եւ, հատկապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շնորհանդեսի ծրագրի ներկայացման ժամանակ նախագահներ Սահակաշվիլու եւ Ալիեւի կողքին կանգնած հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Հայաստանը տարածաշրջանային ծրագրերի մաս, երբ Հայաստանը հարգի միջազգային իրավունքի կանոնները` հավանաբար նկատի ունենալով 1921 թվականի պայմագիրը: Ի՞նչ կասեիք այս մասին:

Ես կարծում եմ, ավելի ճիշտ պատասխանը կստանաք պարոն Գյուլից, թե նա ինչ նկատի ուներ:

Ես մեկ բան կարող եմ ասել. Հայաստանն, անդամակցելով տարբեր միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ, ԵԱՀԿ եւ այլն, ու պայմանագրերի, խորապես հարգում է միջազգային իրավունքը:

Թույլ տվեք իմ հարցն ավելի հստակ ձեւակերպել. Հայաստանում որոշ կուսակցություններ շարունակում են օգտագործել Արեւմտյան Հայաստան հասկացությունը եւ շարունակում են խոսել տարածքային պահանջների մասին` Սեւրի պայմանագրի հիման վրա: Հարցս հետեւյալն է` ինչպե՞ս եք դուք իրավական առումով գնահատում առկա սահմանը Թուրքիայի հետ, արդյո՞ք համարում եք այն իրավական:

Գիտեք, ես չեմ հիշում որեւէ հայ պաշտոնյայի, ով երբեւէ խոսել է տարածքային պահանջների մասին, ընդհակառակը` շատ եմ հիշում: Եվ այստեղ խոսել որոշ անհատների կամ կուսակցությունների մասին, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետեւ վստահ եմ, որ Թուրքիայում էլ կան քաղաքացիներ, կուսակցություններ, որ Հայաստանը պետություն չեն համարում:

Ես մշտապես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. հարաբերությունները կարգավորելու համար մենք որեւէ նախապայմանի կարիք չունենք, որեւէ նախապայման առաջ չենք քաշում: Ես կարող եմ ավելի ծավալվել այս հարցի շուրջ` ելնելով նրանից, որ բազմիցս թուրք պաշտոնյաների կողմից լսել եմ հարց «Արեւմտյան Հայաստան», «Արեւելյան Հայաստան» տերմինների մասին: Ինձ համար տարօրինակ էր միշտ, եւ միշտ փորձել եմ բացատրել «Արեւմտյան Հայաստան» եւ «Արեւելյան Հայաստան» տերմինների նշանակությունը. դրանք պատմականորեն ձեւավորված տեղանուններ են եւ այդ տեղանունները, նաեւ այդ ձեւակերպումները գալիս են 19-րդ դարի երկրորդ կեսից: Հիմա խոսել այն մասին, որ այս տեղանունների կամ բառակապակցությունների մասին մոռանանք, նույնն է, որ պահանջ դնենք, ասենք, մոռանանք, որ եղել է Կիեւյան Ռուսիա, Օսմանյան Կայսրություն, Սպարտա եւ այլն, եւ այլն: Չեմ կարծում, իրավացի է հարցն այս կերպ դնել:

Այսինքն` դա նախկինի «ժառգոնի՞», տերմինաբանությա՞ն խնդիր է:

«Ժառգոնի» չէ, դա տերմին է: Եթե մենք այդ տերմինաբանությամբ ղեկավարվեինք, չէինք ասի Հայաստանի Հանրապետություն, կասեինք, Արեւելյան Հայաստանի Հանրապետություն:

Շարունակելով հարցը` արդյո՞ք դուք հնարավոր եք համարում դիվանագիտական հարաբերությունների հաստատում առանց սահմանի վերջնական ճանաչման:

Ի՞նչ է նշանակում վերջնական: Մենք նախնակա՞ն ենք ճանաչել սահմանը:

Ես նկատի ունեմ 1921թ-ի սահմանային պայմանագիրը:

Ես ստիպված պետք է կրկնեմ` Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ որեւէ տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ չի ներկայացրել: Ես չգիտեմ Թուրքիան ունի այստեղ որոշակի վերապահումներ, թե` ոչ: Եթե ունի, բոլոր պարագաներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ցանկացած հարցի մասին կարելի է խոսել: Երեւի տեղյակ եք, որ Ռուսաստանը սահմանային խնդիրներ ուներ կամ ունի Չինաստանի, Ճապոնիայի հետ, սակայն նրանք չեն դադարեցնում իրենց դիվանագիտական հարաբերությունները` մինչ այդ հարցերը լուծվեն:

Նորից եմ կրկնում. Հայաստանի որեւէ պետական պաշտոնյա այդպիսի հայտարարություն չի արել:

Ձեր հրավերից հետո բավական իրադարձություններ են տեղի ունեցել Կովկասում: Ո՞րն է Ձեր վերաբերմունքը Ռուսաստանի կողմից Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի շրջաններին աջակցություն հայտնելու խնդրին:

Իրոք, ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել, եւ այդ իրադարձությունների արդյունքում բազմաթիվ մարդկային զոհեր են եղել: Սա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ սպառազինությունների անհսկելի մրցավազքը կարող է հղի լինել շատ վտանգավոր հետեւանքներով: Մենք ընդհանրապես համարում ենք, որ այսպիսի խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, եւ այսպիսի դեպքերում անպայման պետք է հաշվի առնվի ժողովուրդների կամքի ազատ արտահայտումը: Ցավոք սրտի, գնալով իրադարձությունները, կարծեք թե, սրվում են, ինչին մենք կողմնակից չենք: Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի եւ Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի նախագահ պարոն Սարկոզիի համատեղ ընդունած փաստաթուղթը եւ համարում ենք, որ դրա իրականացումը կարող է որոշակի հանդարտություն բերել տարածաշրջանին: Այդ հանդարտությունը, խաղաղությունը մեզ համար չափազանց կարեւոր են:

Այլ հանգամանքները մի կողմ թողած, ասեմ, որ մենք Վրաստանով ենք տեղափոխում մեր ապրանքների զգալի մասը` 70 տոկոսից ավելին, եւ սրանով համարյա ամեն ինչ ասված է:

Հեռուստատեսային նորություններից տեղեկացել եմ, որ բենզինի որոշ խնդիրներ կան քաղաքում:

Այո, որոշ: Հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այս խնդիրները կկարգավորվեն:

Հիմա լա՞վ է:

Հենց այսօր լավ չէ, բայց կարծում եմ` մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այս խնդիրները կկարգավորվեն: Հենց այդ փաստը խոսում է այն մասին, որ անկայունությունը տարածաշրջանում Հայաստանին ձեռնտու չէ: Սա այն դեպքում, երբ խոսքը երեք շաբաթվա անկայուն իրավիճակի մասին է: Իսկ եթե այդ անկայուն իրավիճակը լինի երեք ամիս, երեք տարի, ավելի շատ պրոբլեմներ կունենանք:

Ձեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն դրական է արձագանքել Կովկասյան կայունության պլատֆորմ ստեղծելու վարչապետ Էրդողանի նախաձեռնությանը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը եւ ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հնարավորությունն այդ պլատֆորմում:

Արտաքին գործերի նախարարն ասել է` ողջունում է պարոն Էրդողանի միտքը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին` տարածաշրջանում կայունությանը, անվտանգությանը վերաբերվող խնդիրներում: Կարծում եմ, արտաքին գործերի նախարարը շատ ճիշտ է վարվել: Երբ մենք ստանանք առաջարկություններ, քննարկենք այդ նախաձեռնությունը եւ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, անշուշտ, այն ժամանակ մեր վերաբերմունքը կարտահայտենք:

Եվ ուսումնասիրելուց հետո կտաք Ձեր վերջնական պատասխանը:

Այո:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ե՛ւ Ադրբջանի, ե՛ւ Թուրքիայի հետ Ձեր հարաբերություններում խնդիր է հանդիսանում, արդյո՞ք տեսնում եք դրա շուտափույթ լուծման հնարավորություն եւ արդյո՞ք տեսնում եք Ադրբեջանի հետ տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական երկխոսության մակարդակը բաձրացնելու հնարավորությունը:

Մենք նախագահ Ալիեւի հետ հանդիպել ենք այս խնդրով Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-ին: Եվ պարոն Ալիեւը, եւ ես դրական ենք գնահատել մեր հանդիպման արդյունքները եւ համարել ենք, որ տեղի է ունեցել խոսակցություն, որը հիմք է տալիս շարունակելու բանակցությունները: Դրանից հետո ցուցում ենք տվել արտգործնախարարներին` շարունակել բանակցությունները` հիմք ունենալով «մադրիդյան» սկզբունքները: Նրանք արդեն ունեցել են երեք հանդիպում: Հույս ունենք, որ մենք այդ սկզբունքների ներքո կարող ենք գալ ընդունելի լուծումների:

Կարո՞ղ եք ժամանակ նշել:

Կարծում եմ` մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը որեւէ ակնկալիք ունենալը ճիշտ չէ: Այնուհետեւ կտեսնենք` ամեն ինչ կախված է քաղաքական կամքից: Մենք պատրաստ ենք քաղաքական կամք ցուցաբերել:

Սրանից բխող մի հարց: Դուք տեսնո՞ւմ եք ընդհանրություններ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջեւ: Քանի որ դուք նշեցիք, որ ընդունում եք իրենց ապագան որոշելու ժողովուրդների իրավունքը:

Ընդհանրապես, ես կարծում եմ, եւ մշտապես մինչեւ այս դեպքերը խոսել ենք, որ կան եւ նմանություններ, եւ տարբերություններ: Այս իրադարձությունների լույսի ներքո, կարծում եմ, ճիշտ կլինի ոչ թե խոսել ընդհանրությունների կամ տարբերությունների մասին, որովհետեւ դեռեւս շուտ է, եւ դա կարող է կրքերի բորբոքման առիթ հանդիսանալ: Ես կարծում եմ, որ մենք մեկ բանի մասին պետք է խոսենք, որ չի կարելի այսպիսի խնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Սա հղի է շատ անկանխատեսելի հետեւանքներով: Ես չգիտեմ այս դեպքերը, որ զարգացան Վրաստանում, Հարավային Օսիայում, Աբխազիայում շա՞տ մարդիկ էին կանխատեսել հենց այնպես, ինչպես տեղի ունեցան: Մենք պետք է շատ զգույշ լինենք:

Հայ-թուրքական հարաբերությունները որոշակի առումով սահմանափակվել են Ցեղասպանության հարցով: Արդյո՞ք դուք համարում եք, որ հնարավոր չէ հարաբերություններ զարգացնել մինչեւ այս խնդրի լուծումը: Արդյո՞ք դուք կարծում եք, որ Ցեղասպանության ճանաչումը նախապայման է հարաբերությունները զարգացնելու համար:

Աշխարհում չկա մի հայ, որ համոզված չլինի, որ Ցեղասպանություն եղել է: Բայց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մենք երբեք չենք դիտել որպես նախապայման մեր հարաբերությունների հաստատման կամ հարաբերությունների բարելավման ճանապարհին: Եվ մշտապես հենց դրա համար ենք ասում, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների:

Ի՞նչ կարծիք ունեք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարի մասին, որը կարող է ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Արդյո՞ք կարծում եք, որ երկու հանձնաժողովների զուգահեռ գործունեությունը, որոնցից մեկը կլինի այդ իրադարձությունների ուսումնասիրության պատմաբանների հանձնաժողով, իսկ մյուսը` հարաբերությունների բարելավման մեխանիզմներն ուսումնասիրող հանձնաժողով, կարող է զուգահեռ ընթանալ:

Ես իմ կարծիքն այս կապակցությամբ արտահայտել եմ բազմիցս: Միգուցե այստեղ էլ ցանկություն կա, որ օրիգինալ երեւանք: Ինչի՞ համար եմ ասում. պետություններն իրար հետ հարաբերություններ հաստատելու համար երբեք հանձնաժողովներ չեն ստեղծում: Մեզ մոտ ասում են. եթե ուզում ես հարցն սպանել` հանձնաժողով ստեղծիր: Ես կարծում եմ, որ ամենից օպտիմալ տարբերակն այն է, որ մենք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, ստեղծենք միջկառավարական հանձնաժողով, որտեղ կլինեն բազմաթիվ ոլորտներով զբաղվող մասնագետներից բաղկացած հանձնաժողովներ: Գիտե՛ք, մի այդպիսի հանձնաժողով ստեղծվել էր: Հիշո՞ւմ եք Միացյալ Նահանգներում էր աշխատում: Եվ ի՞նչ եղավ այդ հաձնաժողովի հետ: Մենք պարտավոր ենք բարենպաստ պայմաններ ստեղծել մեր մասնագետների, փորձագետների համար: Իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել հնարավոր է միայն դիվանագիտական հարաբարություններ ունենալու պայմաններում: Ես կարծում եմ, որ դուք անպայան կհամաձայնեք, որ աշխատել մի հանձնաժողովում որպես երկրների ներկայացուցիչներ, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ կամ աշխատել դիվանագիտական հարաբերություններ ունցող երկրների կարգավիճակով, դրանք տարբեր են:

Շարունակվող երկխոսություն կա թուրք եւ հայ պաշտոնյաների միջեւ: Արդյո՞ք կարծում եք, որ որեւէ հույս կա այս երկխոսությունից:

Այո, եթե ես հույս չունենայի, ապա կհամարեի անիմաստ այդ հանդիպումները: Ես համարում եմ, որ մենք այսօր հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է որոշումներ կայացվեն: Իսկ որ այդ որոշումները շատ թեթեւ չեն լինելու, սա էլ է շատ ակնհայտ, որ այս որոշումները ե՛ւ հայ, ե՛ւ թուրք հասարարկությունների ոչ բոլոր ներկայացուցիչներն են հավանութան արժանացնելու` էլի ինձ համար կասկած չի հարուցում: Բայց, որ դրական որոշումը պաշտպանելու են մեր հասարակությունների մեծամասնությունը, այստեղ էլ ես համոզված եմ: Ուրեմն, այս գիտակցությամբ պետք է որոշումներ կայացնել:

Շատ հետաքրքիր բան ասացիք: Կկարողանայի՞ք մի փոքր ավելի կոնկրետացնել` դիվանագետների աշխատանքը հանգել է մի հանգրվանի, երբ արդեն պետք է որոշումներ կայացնել: Ինչպիսի՞ որոշումների մասին է խոսքը:

Ես նկատի չունեի, որ դիվանագետների աշխատանքի արդյունքում ենք հասել մի հանգրվանի, որտեղ որոշումներ պետք է կայացվեն: Դիվանագետների աշխատանքը մի բաղկացուցիչ մասն է ողջ աշխատանքի, այդ թվում նաեւ այս հարցազրույցը, այդ թվում նաեւ պարոնայք Գյուլի եւ Էրդողանի հայտարարությունները: Ես նկատի ունեմ, որ մենք մեր հարաբերություններում հասել ենք մի հանգրվանի, որ պետք է որոշումներ կայացնել: Իսկ որոշումներ կայացնելը հարաբերությունների հաստատումն է:

Ուրեմն դուք զգում եք, որ շատ մո՞տ եք այդ որոշումների կայացմանը:

Ես ցանկանում եմ, որ մոտ լինենք այդ կարեւոր որոշմանը:

Որքանո՞վ կարեւոր է այդ որոշման կայացման համար Գյուլի գալը կամ չգալը:

Ես կարծում եմ, որ կարեւոր է: Մարդիկ որոշումների են գալիս ոչ միանգամից, եւ որոշում ընդունելու ճանապարհին դրական էմոցիաները չափազանց կարեւոր են: Ամեն ինչից բացի, անձնական շփումներում միշտ էլ կարելի է եզրակացություններ անել: Մի բան է, երբ խնդրի մասին խոսում ես հրապարակավ, մի բան է, երբ խոսում ես` նայելով զրուցակցիդ աչքերին: Խոսքն ընդհանրապես խնդիրներին է վերաբերում, ոչ թե կոնկրետ մեխանիզմներին: Մի բան եմ ուզում նշել. եթե ես կարեւոր չհամարեի, ես չէի ուղարկի հրավեր պարոն Գյուլին:

Սրանք իմ հարցերն էին, եթե կցանկանաք ավելացնել որեւէ բան, խնդրեմ:

Ես իմ պատասխաններում փորձեցի ասել հետեւյալը, որ մենք հարեւաններ ենք, որ մենք ունեցել ենք հարաբերությունների դժվար պատմություն, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները: Եվ այսպիսի ակնկալիք ունենք Թուրքիայի ղեկավարությունից: