Ձյունաշող և Պաղաղբյուր գյուղերի բնակչությունը 1886-1931 թվականներին. Տաշիրի շրջան

2784

Ձյունաշող և Պաղաղբյուր գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, անմիջական սահմանակից են Վրաստանին:

Երկու գյուղերն էլ բնակեցված են եղել մուսուլմաններով և ունեցել են համապատասխանաբար Ղըզլ Շաֆակ և Սոյուղբուլաղ անունները:

Ղըզլ Շաֆակը ավելի վաղ ունեցել է Ջուջաքենդ անունը: Ձյունաշող է վերանվանվել 1991-ին:

Ձյունաշող գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1886 թ. – 205 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թ. – 237, բոլորը՝ իսլամ,

1908 թ. – 210 հոգի,

1914 թ. – 468 հոգի,

1916 թ. – 399 հոգի,

1922 թ. – 478 հոգի, որից 4-ը՝ հայ, 474-ը՝ թրքո-թաթար,

1926 թ.- 507 հոգի, որից 8-ը՝ հայ, 1-ը՝ քուրդ, 498-ը՝ թուրք,

1931 թ.- 623, բոլորը՝ թուրքական խումբ:

Ձյունաշողը գտնվում է Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից 67 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1600 մետր է: 1989-ից գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից, հիմնականում Շամախի շրջանի Քերքենջ հայկական գյուղից բռնագաղթված փախստականներ:

Պաղաղբյուր գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1886 թ. – 159 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թ. – 154, բոլորը՝ իսլամ,

1908 թ. – 230 հոգի,

1914 թ. – 125 հոգի, բոլորը՝ թաթար,

1916 թ. – 375 հոգի,

1922 թ. – 402 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թ.- 411 հոգի, որից 6-ը՝ ռուս, 405-ը՝ թուրք,

1931 թ.- 420, բոլորը՝ թուրքական խումբ:

Պաղաղբյուրը գտնվում է Տաշիր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից 72 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1750մետր է: 1989-ից գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ: Պաղաղբյուր է վերանվանվել 1991-ին:

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Լուսանկարում՝ Ձյունաշողը

Դիտել նաև՝