Արծնի և Ապավեն գյուղերի բնակչությունը 1886-1931 թվականներին. Տաշիրի շրջան

2604

Արծնի և Ապավեն գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, սահմանակից են Վրաստանին, մինչև 1988-ը բնակեցված են եղել ադրբեջանցիներով:

Արծնի գյուղը նախկինում ունեցել է Ղզըլքիլիսա, ապա Ղզլդաշ անունները: Մինչև 1935 թվականի հունվարի 3-ը գյուղը ունեցել է Ղզըլքիլիսա անունը, մինչև 1991-ի ապրիլի 3-ը՝ Ղզըլդաշ, իսկ ապրիլի 3-ից՝ Արծնի։

Արծնին գտնվում է Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից՝ 67 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1700 մետր է:

Արծնի գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1886 թ. – 106 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թ. – 102, բոլորը՝ իսլամ,

1908 թ. – 215 հոգի,

1914 թ. – 265 հոգի,

1916 թ. – 490 հոգի,

1922 թ. – 373 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թ. – 409 հոգի, որից 1-ը՝ հայ, 408-ը՝ թուրք,

1931 թ. – 437, բոլորը՝ թուրքական խումբ:

Ապավեն գյուղը մինչև 1991 թվականի ապրիլի 3-ը ունեցել է Սարիար անունը:

Ապավենը գտնվում է Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից՝ 68 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1680 մետր է:

Ապավեն գյուղի բնակչությունը, համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1886 թ. – 78 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թ. – 92, բոլորը՝ իսլամ,

1908 թ. – 105 հոգի,

1914 թ. – 97 հոգի,

1922 թ. – 149 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թ. – 162 հոգի, բոլորը՝ թուրք,

1931 թ. – 181, բոլորը՝ թուրքական խումբ:

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Լուսանկարում՝ Արծնի գյուղը

Դիտել նաև՝