Հրանտ Դինք. «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ»

7348

ՙՃշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ՚

2007 թվականի հունվարի 21-ին Էջմիածնի Մայր տաճարում և Հայաստանի ու աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարվում էր հոգեհանգստյան մասնավոր պաշտոն հունվարի 19-ին դավադրաբար սպանված Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար:

Ստամբուլի ՙԱկօս՚ շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Դինքը սպանությունից երկու օր առաջ հարցազրույց էր տվել ռուսաստանյան ՙՌԻԱ-Նովոստի՚ գործակալությանը: Դա 53-ամյա հայ լրագրողի վերջին հարցազրույցն էր:

Հարց- ՙԱկօս՚ թերթում դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

Դինք- Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

Հարց- Դուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:

Դինք- Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչո՞ւ տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է ԵՄ-ն, որևէ դատավորի ձեռքերի ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է:

Հարց- Դուք հրատարակում եք ՙԱկօս՚ թերթը: Դրա տպաքանակը մեծ չէ: Ինչո՞ւ է Թուրքիայում որոշ մարդկանց այն այդչափ վտանգավոր թվում:

Դինք- Ճիշտ է: Թերթի տպաքանակը շուրջ 6 հազար է: Որոշակի ուժերի անհանգստացնում է, որ այն կարդում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, և ոչ միայն Թուրքիայում:

Հարց- ՙԱկօս՚-ը համարվում է հայկական փոքրամասնության թերթը: Ինչո՞ւ է լույս տեսնում թե’ հայերեն և թե’ թուրքերեն:

Դինք- Հենց այդ պատճառով էլ այն այդչափ վտանգավոր է մեր հասարակության որոշակի ազգայնական շրջանակների համար: Մեր թերթը ճշմարտությունն է պատմում հայերի ցեղասպանության մասին: Բայց, միաժամանակ, այդ իրադարձությունը վերաբերում է պատմությանը, որից մենք պետք է դասեր քաղենք:

Հարց- Իրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը:

Դինք- Եթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ես թուրք չեմ:

Հարց- Ե՞րբ դուք ձեր հանդեպ իսկական խտրականություն զգացիք:

Դինք- Բանակում ծառայությունս ավարտելով՝ ես կարող էի շարունակել զինվորական կարիերաս և սպա դառնալ: Այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեի և սպասում էինք երրորդին: Որպեսզի կոչում ստանամ, ես, ինչպես և բանակի իմ շատ թուրք ծառայակիցներ, քննություններ տվեցի: Դրանից հետո սպայի կոչման բոլոր հավակնորդներին պետք է հերթով կանչեին և հատուկ մեդալներ շնորհեին: Չկարդացին միայն իմ անունը: Եվ այդժամ ես հասկացա. աշխարհիկ պետություն դարձած Թուրքիայում անհնար է դառնալ սպա, եթե դու մահմեդական չես: Այդժամ ես իրականում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը:

Հարց- Ձեր թերթի վերջին համարում նյութերից մեկում դուք հարց եք տվել. ՙԻ՞նչն է ինձ թիրախ դարձնում՚:

Դինք- Այդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ուր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, և, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին ևս այդ ամենը առնչվում է: Կնոջ և երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում՝ թե’ հեռախոսով և թե’ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, ապաª որովհետև  աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք:

Հարց- Բայց դուք կարող էիք հեռանալ այս երկրից:

Դինք- Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ և հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Հրանտ Դինքի վերջին հոդվածը` ՙՀոգեվիճակս վախվորած աղավնու է նման՚, տպագրվեց նրա սպանությունից հետո: Այդ հոդվածը լիովին պատկերում է Թուրքիայի քաղաքացի հայ մարդու հոգեվիճակը մոտալուտ սպանության նախօրեին:

ՙՑավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար և անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու և սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձևավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրև ՙթուրքերին նսեմացնող՚ անձ: Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ և սպառնալիք են պարունակում: Ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որևէ  պատասխան չեմ ստացել:

Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով` ոչ: Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս: Ուղեղս տագնապած էր ՙՀիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին՚ հարցով: Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, և զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. ՙՆայիր, սա այն հայը չէ՞՚:

Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում` մտահոգությունը: Մի կողմում` զգոնությունը, իսկ մյուսում` երկչոտությունը: Ինչպես աղավնին: Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները` նույնքան արագ:

Ահա սա է այն ամենի գինը: Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը: Ասում են. ՙԿարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որևէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է՚: Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը… Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք: Մի՞թե երբևէ աղավնի չեք տեսել:

Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ: Եթե ասեի` ՙԳնանք՚, գալու էին. ՙՄնանք՚` կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ: Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր… Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ին…  Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով և ապրելով նրանց վիշտը… Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար…

Հավանական է, որ 2007-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի: Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա` ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:

Բայց և այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. ՙԱյո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս՚: Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ՚:

Դինքի հուղարկավորության ընթացքում մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում: ՙԱկօս՚-ի խմբագրատան առաջ, որտեղ սպանվել էր Դինքը, տասնյակ հազարավոր մարդիկ պարզել էին ՙՄենք բոլորս Հրանտ Դինք ենք՚, ՙՄենք բոլորս հայ ենք՚ գրություններով պաստառներ: Հայազգի խմբագրապետի սպանությունը դատապարտեցին աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Թուրքական հասարակության մեկ այլ հատված անընդունելի համարեց ՙՄենք բոլորս Հրանտ Դինք ենք՚, ՙՄենք բոլորս հայ ենք՚ մոտեցումը: Սպանությունից ընդամենը տասն օր անց Տրապիզոնի մարզադաշտում հավաքված հազարավոր  ‎ֆ‎ուտբոլասերներ պարզել էին ՙՄենք Տրապիզոնից ենք, մենք բոլորս Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն ենք՚ արտահայտությունները կրող պաստառներ` դրանով իրենց համերաշխությունը հայտնելով և հերոսացնելով տրապիզոնցի 17-ամյա մարդասպան Օգյուն Սամասթին: Նույն օրերին թուրքական մամուլը տպագրեց լուսանկարներ, որտեղ Սամասթը նկարվել է ոստիկանների հետ: Մարդասպանը պարզել էր Թուրքիայի դրոշ, իսկ հետևի ‎‎ֆոնին նույնպես Թուրքիայի դրոշով մեծադիր պաստառն էր, որի վրա Աթաթուրքի խոսքերն են.  ՙՊետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին՚:

Հատված Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից