Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ. նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը The Wall Street Journal-ում (2008թ հուլիս)

552

Նորանկախ երկրների նոր` ժողովրդավարական կենսաձեւ ստեղծելու ջանքերը չավարտվեցին Խորհրդային Միության փլուզումով:

Հայաստանի Հանրապետությունը` փոքր մի երկիր, որը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ էներգետիկ պաշարներով հարուստ Կասպյան տարածաշրջանի միջեւ, այդպիսի օրինակ է:

Անկախությունից հետո Հայաստանի խաղաղ զարգացման ներուժը մինչեւ վերջ չի իրացվել: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` որպես թյուրքական արմատներ ունեցող Ադրբեջանի հետ համերաշխության դրսեւորում: Ցավալի արդյունքը եղավ այն, որ արդեն տասնհինգ տարի է, ինչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր սահմանագիծը շարունակում է դիվանագիտական ու տնտեսական համագործակցության խոչընդոտ մնալ:

Այն փակ է ոչ միայն այն հայերի եւ թուրքերի համար, ովքեր կարող են ցանկություն ունենալ այցելելու հարեւան երկիր, այլ նաեւ առեւտրի, տրանսպորտի ու Արեւելքից Արեւմուտք էներգետիկ պաշարների հոսքի համար: Ռազմավարական այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծվող երկաթգիծը շրջանցեցին Հայաստանը` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի երկաթգիծ, որը մնում է փակ: Միայն Հայաստանի ժողովուրդը չէ, որ տուժում է այս սահմանափակումներից ու շրջանցումներից: Տարածաշրջանի բոլոր երկրները եւ եվրոպական պետությունների լայն համայնքը բարձր գին են վճարում առեւտրի, առաջընթացի եւ միջազգային համագործակցության այս անբնական արգելքի համար: Եկել է այս փակուղուց դուրս գալու նոր ջանքերի ժամանակը. փակուղի, որից ոչ ոք չի շահում, եւ տուժում են շատերը:

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, օգտվելով առիթից, առաջարկում եմ նոր սկիզբ, Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ` նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները եւ բացել մեր ընդհանուր սահմանը:

Ես առաջարկում եմ մեր երկրների միջեւ ձեւավորել բնականոն քաղաքական ու տնտեսական հարաբերություններ: Փետրվար ամսին Հայաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իմ թուրք գործընկերը օտարերկրյա պետությունների ղեկավարների շարքում առաջիններից մեկն էր, ով ինձ հղեց իր շնորհավորանքը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշեց, որ այս նոր ժամանակահատվածում մեր դռները բաց են նոր երկխոսության համար: Մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն իրական այլընտրանք չկա: Հուսով եմ, այդպիսի հարաբերություններ ստեղծելու համար մեր կառավարությունները կարող են անցնել նոր բաց դռան այս շեմը:

Բնականոն քաղաքական հարաբերությունների ստեղծումը մեզ հնարավորություն կտա ձեւավորելու հանձնաժողով, քննարկելու Հայաստանին ու Թուրքիային վերաբերող բոլոր խրթին հարցերը: Մենք չենք կարող շոշափելի արդյունքներ արձանագրել առանց նմանօրինակ հարաբերությունների: Միայն այդ միջոցով կարող ենք ստեղծել արդյունավետ երկխոսություն` անդրադառնալով անգամ ամենազգացական պատմական խնդիրներին: Ավելի անհատական մակարդակով բազմաթիվ հայեր եւ թուրքեր արդեն իսկ փակ սահմանը շրջանցելու ուղիներ են գտել: Նրանք օգտվում են Երեւանից Ստամբուլ եւ Անթալիա չարթերային կանոնավոր թռիչքներից: Կան բազմաթիվ ավտոբուսային եւ տաքսիների երթուղիներ Վրաստանի տարածքով, իսկ բեռնատարները շրջանցում են սահմանը` երկու երկրների միջեւ որոշ առեւտուր կատարելու համար անցնում են մեծ տարածություն: Ինչպես Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում խանդավառությունը սեղանի թենիսի շուրջ` մինչ նրանց կառավարությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին է միավորում սերը ֆուտբոլի նկատմամբ: Եվ դա ինձ մղում է անելու հետեւյալ հրավերը:

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը: Ես հրավիրում եմ իմ թուրք պաշտոնակից Ադբուլլա Գյուլին այցելելու Հայաստան եւ մարզադաշտում միասին դիտելու խաղը: Դրանով իսկ կազդարարենք մեր հարաբերությունների նոր խորհրդանշական սկիզբը:

Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, անգամ փակ սահմանի պարագայում, մեր ժողովուրդների միջեւ կան որոշակի մշակութային, հումանիտար եւ մարզական շփումներ:

Այս պատճառով հավատում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները կողջունեն այդ քայլը ճիշտ այնպես, ինչպես կողջունեն սահմանի բացումը: Հասկանալի է, այդ ընթացքում երկու կողմում էլ կարող են լինել քաղաքական խոչընդոտներ, սակայն այժմ մենք պետք է գործելու քաջություն ու տեսլական ունենանք:

Հայաստանն ու Թուրքիան չպետք է լինեն եւ չեն կարող լինել մշտական հակառակորդներ: Ավելի բարգավաճ, փոխշահավետ ապագան Հայաստանի եւ Թուրքիայի, Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական Արեւելք-Արեւմուտք միջանցքի բացումը նպատակ է, որին կարող ենք եւ պետք է հասնենք: Ժամանակն է հաղթահարելու մեզ բաժանող արհեստական պատնեշները եւ աշխատելու ավելի լավ ապագայի համար:

Աղբյուրը՝ https://www.president.am/hy/interviews-and-press-conferences/item/2008/07/09/news-8/

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը Երևանում, 2008թ սեպտեմբերի 6