Ախթալա քաղաքի բնակչությունը 1831-1931 թվականներին. Լոռու ձոր

7030

Ախթալան նախկինում ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները: Պղնձահանք անվանումը կապված է 1763թ.-ին վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ, որը Գյումուշխանեից (Օսմանյան կայսրություն, այսօր՝ Թուրքիա) բերել է հույն հանքագործներ, որոնք կառուցել են Ախթալայի արծաթի եւ պղնձի գործարանը և բնակավայրին տվել Պղնձահանք անվանումը: Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք:

Ախթալա անունը թուրքերեն է, ախ՝ նշանակում է սպիտակ, թալա՝ բացատ, թարգմանաբար՝ սպիտակ բացատ:

Ախթալան գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, Լալվար լեռան ստորոտում, լեռնալանջի վրա: Ծովի մակարդակից գտնվում է 740 մ բարձրության վրա: Ախթալան կազմված է մի քանի թաղամասերից: Բուն թաղամասը նախկին Ներքին Ախթալա գյուղն է, իսկ նոր թաղամասը տեղադրված է Շամլուղ գետի բարձրադիր ափին:

Ախթալան մինչեւ 1995թ.-ը եղել է քաղաքատիպ ավան, այժմ ունի քաղաքի կարգավիճակ: Ախթալան Ալավերդու տարածաշրջանում է, մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Ախթալա քաղաքը եւ Ախթալայի Առողջարանին կից գյուղը, որը Ախթալա քաղաքից գտնվում է 3 կմ հեռավորության վրա:

Քաղաքի շրջակայքում գտնվում է Ախթալայի հնավայրը, որի մեջ մտնում է Ախթալայի վանքը: Քաղաքի հնություններից նշանավոր է 10-րդ դարի ամրոցը, որն այժմ կիսավեր է, Առաքելոց եկեղեցին եւ ամրոցի արեւմուտքում ընկած զույգ եկեղեցիները, Սուրբ Երրորդություն կամ Սուրբ Աստվածածին վանքը, որը նաեւ կոչվում է Մարիամ Աննայի վանք: Միջնադարում այն եղել է գրչության կենտրոն, 1229թ.-ին վանքը վերանորոգվել է Իվանե Զաքարյանի կողմից:

1970թ.-ին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ, այժմ բնակչության թիվը 2200-ի սահմաններում է:

Ախթալայի բնակչությունը, ըստ Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության, եղել է հետևյալը.

1831 թվական – 20 հոգի, որից 3-ը՝ հայ, 17-ը՝ այլ, բայց ոչ իսլամ

1886 թվական – 117 հոգի, որից 3-ը՝ հայ, 4-ը՝ թաթար, 110-ը՝ այլ

1897 թվական – 134 հոգի (ցարական մարդահամար), որից 9-ը՝ հայ լուսավորչական, 19-ը՝ իսլամ, 99-ը՝ ուղղափառ, 7-ը՝ այլ

1922 թվական – 296 հոգի, որից 68-ը՝ հայ, 77-ը՝ թրքո-թաթար, 151-ը՝ այլ

1926 թվական – 453 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 196-ը՝ հայ, 94-ը՝ թուրք, 163-ը՝ հույն

1931 թվական – 560 հոգի, որից 250-ը՝ հայ, 133-ը՝ թուրքական խումբ, 177-ը՝ հույն

Կորկոտյանի մոտ “այլ” դասակարգումը չի մանրամասնվում, սակայն ակնհայտ է, որ Ախթալայի դեպքում խոսքը հույների մասին է: 1897-ի ցարական մարդահամարում Ախթալայի բնակչության մեծամասնությունը ուղղափառներ էին, ինչը նշանակում է՝ հույներ:

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց՝ Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Սամվել Մելիքսեթյանի ֆեյսբուքի էջից

Կարդալ ու դիտել նաև՝