Ահնիձոր գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Լոռու մարզ

4861

Լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա գտնվող Ահնիձոր գյուղը գրող Հրանտ Մաթևոսյանի (12 փետրվար, 1935 – 18 դեկտեմբեր, 2002) ծննդավայրն է:

Գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք։ Հիմնադրել են 19-րդ դարի կեսերին՝ Հաղպատ և Սանահին գյուղերից տեղափոխված, հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչները:

Գյուղի հին կամ այլ անվանումների շարքում հիշատակվում է Ահնազար, Ահնիզարավար:

Ահնիձորի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 143 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 154 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 133 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ լուսավորչական

1908 թվական – 170 հոգի

1914 թվական – 249 հոգի

1916 թվական – 283 հոգի

1919 թվական – 305 հոգի

1922 թվական – 273 հոգի

1926 թվական –311 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 367 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ,

Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Օձուն, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Տեքստը` Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ ու դիտել նաև՝

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ 1831 ԹՎԱԿԱՆԻՆ