Պարտություն չկա, բայց պատկերացնում եմ՝ մեղավորներ փնտրելու ինչ մղձավանջ է սկսելու, երբ, Աստված չտա, պարտությունը լինի

1216

Ես հապաղում էի ելույթ ունենալ, հանդիպել լրագրողների հետ, որովհետեւ կռահում էի՝ հարցերի այն շրջանակները, որ հետաքրքրում են լրագրողներին, ժողովրդին չեն հետաքրքրում։ Ուզում էի զգացողությունս պարզել եւ այս օրերին այս շաբաթներին հանդիպելով մարդկանց հետ, համոզվեցի, իրոք, այդպես է։ Մարդկանց հետաքրքրում է ալյուրի հարցը՝ որ ալյուր ունենան (ինչպես նոյեմբերյանցիներն են ասում՝ պետական գնով, մատչելի գնով), աղ ունենան, սակագները ցածր լինեն, բառացիորեն չի հետաքրքրում՝ ով է իշխանության, ինչ կուսակցություններ են մասնակցում ընտրապայքարին։ Միակ հարցը, որ կարելի է քաղաքական համարել, այն է, թե ինչպես եք վերաբերվում Դեմիրճյանին։ Այսքանը։

Ես երեք ամիս չեղա Հայաստանում, գնացի Հայաստանից, որովհետեւ անհնար էր ապրել այդ թունավոր քաղաքական դաշտում, որը ստեղծվել էր, դժբախտաբար՝ նաեւ ազատ կոչվող կուսակցական մամուլի կողմից, անհնար էր եւ կյանքի համար վտանգավոր։ Չի կարելի կրկնել մեր սխալը։ Ժամանակին, երբ Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը բանավեճ սկսեցին մեր դեմ, մենք մեր իշխանության բարձունքից սկսեցինք վերադարձնել նույնով, եւ մարդիկ, որոնք իրենց սեւ գործն էին մտմտում, եզրակացրին, որ Համաբարձումն անպաշտպան է։ Դա ճակատագրական, ողբերգական սխալ էր իշխանության կողմից։

Կարծում եմ՝ որեւէ իշխանություն դա չպետք է թույլ տա։ Երեք ամսից հետո ես եկա Հայաստան, որովհետեւ երեխաս վերջին շաբաթներին խոսում էր միայն Երեւանից ու իր ընկերներից։ Եվ ես նրան տուն բերեցի, իր տուն բերեցի։ Վերադարձա՝ պարզություն մտցնելու էս հարցում, եթե բանը նրան է հասնելու, որ գնալ եւ օրենքի միջոցով պարզություն մտցնել․․․ Իհարկե, շատ լավատես պետք է լինել, որպեսզի ապավինել արտահերթ ընտրություններով կազմավորված իշխանության դատարանին, բայց այս է մեր երկրի այսօրվա դատարանը, եւ Աստված չտա, որ մեր քաղաքացիների հարցով զբաղվեն այլ ատյաններ՝միջազգային կամ այլ երկրի։

Այս ամբողջ պատմության էությունը հետեւյալն է՝ հասարակության մեջ իրոք ինչ֊որ շերտ մեղավոր է եւ իշխանության մեջ ինչ֊որ օղակներ տեղ տալիս են դրան։ Բայց սովորաբար մեղավոր կամ քավության նոխազ են փնտրում պարտությունից հետո։ Պարտություն չկա, բայց ես պատկերացնում եմ՝ մեղավորներ փնտրելու ինչ մղձավանջ է սկսելու, երբ, Աստված չտա, բուն պարտությունը լինի։ Ես պատկերացնում եմ էդ վիճակը Հայաստանում։

Քավության նոխազ են փնտրում, ես չեմ ուզում դառնալ այդ նոխազը։ Շատ պարզ խնդիր է։ Քաղաքական դաշտն այսօր լարված է, սերնդափոխություն է տեղի ունենում, որը ջղագրգիռ մթնոլորտ է ստեղծում, էդպիսի սերնդափոխությունը ավելի շատ հայրասպանության է նման, քան սերնդափոխության։ Տարին երկու հեղափոխություն չեն անում։ Եթե մի մարդ մի անգամ մասնակցում է հեղափոխությանը, կարգին, առաքինի մարդ է, երկրորդ անգամ մասնակցողը՝ վտանգավոր է իր համար, իր ընտանիքի համար, իր շրջապատի, իր պետության, իր ժողովրդի համար։ Եվ հետաքրքիրն այն է, որ էս շրջանում ոչ ոք չի խոսում բուն հարցի մասին, բուն քաղաքական հարցի մասին՝ Արցախի հարցի մասին։ Կարծես մահամերձի սնարի մոտ լինենք։ Չեն խոսում, այնինչ գլխավորը պատերազմի եւ խաղաղության հարցն է։ Այնինչ նախընտրական շրջանում բոլոր կուսակցությունների հիմնական լոզունգը մեկն է՝ «Մահ կամ ազատությունը» կարող է անհատի լոզունգ կամ անհատի ընտրություն լինել, բայց չի կարելի թույլ տալ, որ ժողովուրդն այդպիսի լոզունգ ունենա։ Սովորաբար այն ժողովուրդները, որոնք գնում են այդ լոզունգով (մեր ժողովուրդի պատմական փորձն է ցույց տալիս դա), ստանում են մահ, ազատությունը բաժին է հասնում, սովորաբար, կարգախոսի հեղինակներին։ Իշխանությունով, կուսակցություններով, անհատներով, մտավորականներով կգտնե՞նք արդյոք մի բանաձեւ, սա է գլխավոր խնդիրը, որը մեր ժողովրդին խաղաղություն բերի։ Բնականաբար արժանապատիվ խաղաղություն։ Մեզ, կարծում եմ, պակասում է այն գիտակցությունը, որ մեծ պետությունների, մեծ ժողովուրդների շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն։ Փոքր ժողովուրդների շահը այն է, որ այդ մղձավանջից դուրս քան փոքր կորուստներով։

Կարծես մահամերձի սնարի մոտ լինենք

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։ Ցպահանջ…», «Հայք» 27.05.1999 թ․