Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն՝ լրջանալու պահը. բանակցային գործընթացը Լիսաբոնից Կոպեհագեն

2002

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

1997թ. հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվեց Ֆրանսիային: Փետրվարին ԱՄՆ-ի միացումով  ձևավորվեց եռանախագահությունը: Այսպիսով` կարգավորման գործընթացում ներգրավվեցին կովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող երեք հիմնական կենտրոնները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի:

Ապրիլի առաջին օրերին Մոսկվայում կազմակերպվեցին բանակցություններ: Լիսաբոնի գագաթաժողովից հետո Մինսկի խմբի ձևաչափով սա առաջին և վերջին հանդիպումն էր: ՙԱյն տևեց շատ կարճ: Հանդիպմանն Ադրբեջանը պնդեց, որ բանակցությունները պետք է կայանան, այսպես կոչված, ՙԼիսաբոնի սկզբունքների՚ հիման վրա: Հայաստանը և ԼՂ-ը լքեցին դահլիճը: Երբ Մինսկի խմբի գործընթացն առկախվեց, ԼՂ-ի պաշտոնական մասնակցությունը նույնպես դադարեց: ԼՂ-ի պաշտոնական մասնակցությունը Մինսկի խմբի լիագումար կազմով բանակցություններին դադարեց հենց ա’յդ ժամանակ՚,- ընդգծում է հայկական պատվիրակության ղեկավար Օսկանյանը:

Ապրիլի 28-ին Սևծովյան տնտեսական համագործակցության ստամբուլյան նիստում Դեմիրելի նախաձեռնությամբ տեղի է ունենում  հանդիպում Տեր-Պետրոսյանի և Ալիևի միջեւ, ավելի վաղ` մարտի 28-ին, Մոսկվայում, ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցել էին Ելցինի միջնորդությամբ: Ակտիվ մաքոքային դիվանագիտություն էր ծավալում եռանախագահությունը, որը մայիսի վերջին-հունիսի սկզբին կողմերին ներկայացրեց կարգավորման նախագիծ, որը հետագայում պետք է ստանար ՙառաջին փաթեթային՚ անվանումը:

Ո՞րն էր 1997թ. ներկայացված առաջարկների հիմքը: Օսկանյանը պնդում է, որ ինքը և Ղուկասյանը (ղարաբաղյան պատվիրակության ղեկավարը) ադրբեջանցիների հետ կարգավիճակի հարց երբեք չեն քննարկել: ՙԱռաջարկները համանախագահներն էին գրել, այնտեղ որոշ դրույթներ կային այն փաստաթղթից, որի շուրջ մենք բանակցում էինք: Առաջինը, որը փաթեթային էր, որտեղ կային նաև կարգավիճակի մասին դրույթներ, բոլորովին նորություն էր, որովհետև մենք և ղարաբաղյան կողմն ադրբեջանցիների հետ կարգավիճակ չենք բանակցել, երբե’ք: Մեր մակարդակով կարգավիճակի շուրջ բանակցություններ այդ ժամանակահատվածում չի գնացել: Փաթեթային առաջարկությունը միանշանակորեն հիմնված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: ԼՂ-ին առաջարկվում էր բարձր ինքնավարություն, որը Հայաստանը մերժեց: Հետո բերեցին փուլայինը, որին Տեր-Պետրոսյանը հակված էր, ղարաբաղյան կողմը` դեմ՚:

Լիպարիտյանի ասելով` համանախագահները փաթեթային տարբերակ են ներկայացրել` նկատի ունենալով Ստեփանակերտի, մասամբ նաև` Բաքվի պահանջները. ՙՄայիսին բերեցին փաթեթային փաստաթուղթ, որը վատ էր, չասենք ճակատագրական, բայց վատ էր: ԼՂ-ը մերժեց, Ադրբեջանի պատասխանը հստակ չէր, մենք սկզբունքորեն ընդունեցինք որպես բանակցությունների հիմք` մանրամասն ներկայացնելով մեր փաստարկները: Հուլիսին եկան նոր փաստաթղթով, որը նորից փաթեթային էր, բայց ավելի վատը, քան մայիսինը: Դա էլ ԼՂ-ը մերժեց, մենք շատ ավելի լուրջ փաստարկներով դեմ եղանք՚:

Փաթեթայինը, ըստ Տեր-Պետրոսյանի, ենթադրում էր, որ միաժամանակ լուծվում են տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, ինչպես նաև խաղաղարար ուժերի տեղակայումը, շրջափակումների վերացումը, փախստականների վերադարձը, բուֆերային ու անջատիչ, ոչ թռիչքային գոտիների ստեղծումը ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանում: ՙՍա հարցի փաթեթային լուծման մի մասն էր: Մյուս մասը ԼՂ կարգավիճակի շտկումն էր: Առաջին մասի նկատմամբ, ըստ էության, ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ, երկրորդը` կարգավիճակը, կտրականապես մերժելի էր ԼՂ-ի համար, և  նույնքան կտրականապես մերժեց Բաքուն: Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում, և, կարծես թե, միջնորդներն էլ շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը: Ադրբեջանը նույնքան կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես ԼՂ-ը: Հայաստանը ունեցել է շատ լուրջ վերապահումներ՚,- ասում էր Հայաստանի նախագահը:

Ավելի ուշ ՙՊատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը՚ հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում էր. ՙՄերժելով նախ փաթեթային, ապա փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին` ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե’ Ղարաբաղը, թե’ Հայաստանը՚:

Վազգեն Սարգսյանը 1997թ. հոկտեմբերին հուզական նամակ էր գրել Տեր-Պետրոսյանին` հարցնելով` ՙինչի՞ համար էին այդքան զոհերն ու զոհողությունները՚, եթե պետք է գնայինք նման զիջումների: ՙՈչ մի արտառոց բան չի պատահել. փակվեցին ադրբեջանական ճանապարհները, բացվեց պարսկականը: Թուրքիայի հետ հաղորդակցություն մենք երբեք չենք ունեցել… Աշխարհի հզորների ճնշումն էլ, վերջապես, կրիտիկական աստիճանի չի հասել: Հասնի էլ, հերն անիծած, չէ՞ որ մենք էինք 88-ին ժողովրդին համոզում, որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի, դիմադրության մեջ է՚:

ԼՂՀ ԱԳՆ-ն ևս հակադրվում է Հայաստանի նախագահին` ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանը ոչ լիովին կոռեկտ է շարադրել Ստեփանակերտի մոտեցումները փաթեթային և փուլային տարբերակների վերաբերյալ: ՙ1997թ. մայիսին համանախագահությունն առաջարկել էր համապարփակ համաձայնագրի նախագիծ, որը բաղկացած է երկու մասից. հակամարտության դադարեցում և  կարգավիճակ: Նախագիծը մեթոդաբանական իմաստով, իրոք, ներկայացնում էր փաթեթային լուծման տարբերակ: Սակայն թե’ կարգավիճակի և թե’ զինված հակամարտության դադարեցման համաձայնագրերը հիմնված էին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի արած հայտարարության մեջ շարադրված սկզբունքների վրա, հայտարարություն, որը պաշտոնական փաստաթղթի բնույթ չի ստացել Հայաստանի դիրքորոշման շնորհիվ: ԼՂՀ ղեկավարությունը մերժել է ոչ թե առհասարակ կարգավորման փաթեթային տարբերակը, այլ հենց տվյալ նախագիծը՚:

Հունիսի 20-ին Դենվերի գագաթաժողովում համատեղ հայտարարություն տարածեցին համանախագահող երեք երկրների առաջնորդներ Բորիս Ելցինը, Բիլ Քլինթոնը և Ժակ Շիրակը` կողմերին հորդորելով դրական մոտեցում ցուցաբերել Մինսկի խմբի առաջարկությանը: Հունիսի կեսերին, ապա հուլիսին եռանախագահներն այցելեցին տարածաշրջան` կողմերին ներկայացնելով երկու մասից կազմված նորացված փաթեթային տարբերակ: Առաջին մասը վերաբերում էր զինված հակամարտության դադարեցմանը: Ըստ համաձայնագրի, ՙՀայաստանի ուժերը դուրս են բերվում Հայաստանի տարածք՚, իսկ ՙՂարաբաղի ուժերը` ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս՚, տեղակայվում են ԵԱՀԿ բազմազգ խաղաղարար ուժեր, ապահովվում տեղահանված անձանց վերադարձը մշտական բնակավայրեր, ՙՀայաստանը և Ադրբեջանը երաշխավորում են իրար միջևազատ եւ անվտանգ երկաթուղային հաղորդակցություն, մասնավորապես Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան -Երևան գծով՚:

Լաչինը Ադրբեջանը ՙվարձակալությամբ տրամադրում է ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի միջանցքը բացառապես ԼՂ-ի կողմից օգտագործվելու մասին՚, ՙԵԱՀԿ-ն հետևում է Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի շինարարությանը, որի ավարտից հետո Լաչին քաղաքը հանվում է Լաչինի միջանցքից: Այն վերադարձվում է ադրբեջանական վարչարարության ներքո, և նրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ՚:

Համաձայնագրի երկրորդ` ՙԿարգավիճակ՚ բաժնում ճանաչվում էր Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ԼՂ-ն մնում էր ՙպետական և տարածքային կազմավորում Ադրբեջանի կազմում՚, իսկ նրա ՙվարչական սահմանները գծվում են նախկին ԼՂԻՄ սահմաններով՚, ՙԼՂ-ն և Նախիջևանը կունենան Ադրբեջանի և Հայաստանի հետ ազատ եւ առանց խոչընդոտների հաղորդակցության եւ կապի իրավունք՚:

ԼՂ-ին հնարավորություն էր տրվում ունենալ հանրաքվեով ընդունված սահմանադրություն, սեփական դրոշ, զինանշան, օրհներգ, նրա տարածքում գործում են ԼՂ-ի սահմանադրությունն ու օրենքները, ՙԱդրբեջանի օրենքները գործում են ԼՂ-ի տարածքում, եթե նրանք չեն հակասում վերջինիս սահմանադրությանն ու օրենքներին՚: ԼՂ-ն ընտրում էր Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մասնակցում նախագահի ընտրություններին: ԼՂ քաղաքացիները ունենալու էին Ադրբեջանի անձնագրեր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ հավելագրումով: Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունն իրավունք չեն ունենա մուտք գործել ԼՂ-ի տարածք, եթե չկա Ստեփանակերտի իշխանությունների թույլտվությունը: ԼՂ-ն կունենա ՙազգային գվարդիա և ոստիկանական ուժեր՚, նրա քաղաքացիներն իրավունք կունենան ծառայությունն անցկացնել ԼՂ-ի տարածքում:

Առաջարկությունը մերժեց Ստեփանակերտը: Երևանը փաստաթուղթն ընդունեց բանակցությունների հիմք` ներկայացնելով բազմաթիվ առարկություններ, այդ թվում` ՙՀայաստանը չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ« քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ-ի կարգավիճակը՚, ԼՂ-ի ՙանկլավային գոյության բացառում՚, ՙԱդրբեջանի բանակը և ոստիկանությունը ոչ մի պարագայում չեն կարող մուտք գործել ԼՂ-ի տարածք՚, ՙմիանշանակորեն հանել ԼՂ-ի բազմազգ գաղափարը և հստակորեն ամրագրել« որ ԼՂ-ի պաշտոնական լեզուն հայերենն է՚:

ՙՊատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը՚

1997թ. նոյեմբերի 1-ին երեւանյան օրաթերթերում տպագրվում է Տեր-Պետրոսյանի ՙՊատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը՚ հոդվածը: Հայաստանի անկախությունից հետո առայսօր դա ղարաբաղյան կարգավորման շուրջ գրված ծանրակշիռ, բայց նաև հակասական գնահատականների ու խստիվ քննադատության արժանացած վերլուծություններից է:

Տեր-Պետրոսյանը փորձում է մամուլում հրապարակային լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ կանգնած ամենակնճռոտ խնդրի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ: ՙԻ՞նչ հասկացավ ժողովուրդը ընդդիմության հանած աղմուկից. որ Արցախի համար մենք արյուն ենք թափել, որ գրավված տարածքները վերադարձնելով` վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա, որ մենք ծնկի կբերենք և’ Ադրբեջանը, և’ միջազգային հանրությունը՚: Հայաստանի նախագահը հռետորական հարց էր տալիս` հակամարտությունը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ բանակցությունների միջոցով, հնարավո՞ր է արդյոք հավերժ կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը, հարցը պետք է լուծվի փոխզիջումո՞վ, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, և այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը: ՙՀարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո’չ միջազգային հանրությունը, ո’չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետև դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար, նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը՚:

Տեր-Պետրոսյանը նկատում էր, որ փոխզիջումն այլընտրանք չունի, փոխզիջման այլընտրանքը պատերազմն է: ՙՓոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը Ղարաբաղի իսպառ կործանման և  Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է: Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն: Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. երեք հազար տարի այն բնակեցված է եղել հայերով և երեք հազար տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով: Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը: Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են: Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու ենք, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ՚:

Փոխզիջումը, ըստ Տեր-Պետրոսյանի, ընտրություն է ոչ թե լավի ու վատի միջեւ, այլª վատի ու վատթարի. ՙՓոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին: Նախագահ Ալիևը դա ներկայացնելու է Ադրբեջանի հաղթանակ, ես փորձելու եմ ներկայացնել Հայաստանի հաղթանակ: Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիևը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը: Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի՚: Տեր-Պետրոսյանն անհեթեթություն էր որակում ընդդիմության պնդումները, թե Հայաստանի նախագահը ծախում է Ղարաբաղը` իշխանությունը պահելու համար: ՙԴժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով` որևէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել: Ես ընտրվել եմ իմ առջեւ կանգնած դժվարությունների եւ դրանց հաղթահարման գործում կրելիք պատասխանատվության սառը գիտակցությամբ, որի համար ամենևին չեմ զղջում: Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները: Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ձեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սևրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի: Ես հեշտությամբ կարող էի քաջի ու հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու սփյուռքի միասնության խորհրդանիշը՚:

Տեր-Պետրոսյանը գրում էր, որ այդ ամենը կատարելու համար իրեն խանգարում է ՙպարզ քաղաքական հաշվարկը և մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը՚: Ղարաբաղի անկախության հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի, ՙմեր միակ դաշնակիցն արկածախնդրության մերժումն է՚:

1997-ի սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Մինսկի խումբը տարածաշրջան այցելեց նոր առաջարկներով, որոնք վերջնական փաստաթղթային տեսք ստացան դեկտեմբերին: Ժիրայր Լիպարիտյանը, ով սեպտեմբերին 15-ին հրաժարական էր տվել, պնդում է, որ Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունը, ներառյալ նրանք, ովքեր հետագայում մերժեցին 1997թ. սեպտեմբերի առաջարկությունը, հուլիսին կարևոր մի հանդիպման ընթացքում հավանություն էին տվել փուլային մոտեցմանը: ՙԵս չեմ կարող ներկայացնել մանրամասներ, բայց կասեմ, որ ներկայացված առաջարկությունը, փաստորեն, հիմնվել էր այդ հանդիպման ընթացքում բոլորի կողմից ընդունված սկզբունքների վրա: Միջնորդները սեպտեմբերին բերեցին նոր փաստաթուղթ, որը փաթեթային չէր և  մասամբ հիմնված էր մեր աշխատանքի վրա: Այս մասին տակավին պետք չէ խոսել, բայց նախագահ Տեր-Պետրոսյանն ամեն պատճառ ուներ մտածելու, որ Ղարաբաղը կընդունի նման փաստաթուղթ, ամեն պատճառ ուներ՚:

Լիպարիտյանն ասում է, որ կարգավորման այդ տարբերակով ստատուս քվոն պահպանվելու էր, քանի դեռ Ղարաբաղի և Լաչինի, միգուցե անգամ Քելբաջարի կարգավիճակի հարցը լուծված չէ. ՙԶբաղեցված մյուս տարածքները հետ էին տրվում: Սրա հետ մեկտեղ նաև շրջափակումները պետք է վերացվեին, կնքվելիք համաձայնագիրը խաղաղություն էր բերելու, ինչպես նաև` տնտեսական հիմնավոր և հաստատուն զարգացման ներուժ: Հսկայածավալ պաշտպանական ծախսերը նվազելու էին, դրա փոխարեն ավելանալու էին սոցիալ-տնտեսական ոլորտին ուղղվելիք գումարները, արտաքին ներդրումները մեր տնտեսության մեջ լրջանալու էին, կրճատվելու էր արտագաղթը՚:

Հայաստանի իշխանություններին թվում էր, որ ժամանակի առումով նպաստավոր պայմաններ են ստեղծվել, Արզումանյանի խոսքերով` Ադրբեջանը նոր էր պատերազմից դուրս եկել, ներքաղաքական բարդ վիճակում էր, կորցրել էր տարածքներ, պատերազմը վերսկսելու որևէ հնարավորություն չուներ, բանակը բարոյալքված էր: ՙԿա իրարամերժ երկու մոտեցում, Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, և կա Ադրբեջանի դիրքորոշումը, որը չի ընդունում: Խուսափելով այդ երկու հակադիր հարցերից` փորձել քննարկել այն կետերը, որոնք կարելի է քննարկել: Փուլային առաջարկն ուներ կետեր, որոնք բխում էին մեր շահերից, և այն կետերը, որոնց հետ ունեինք խնդիրներ, բանակցային գործընթացում կարող էինք անդրադառնալ, և այդ փաստաթուղթն ընդունվում էր որպես բանակցությունների հիմք: Մեր կարծիքով` ժամանակն աշխատում էր ոչ ի նպաստ Հայաստանի, մենք կարծում էինք, որ ժամանակն է սկսել բանակցություններ, իսկ ի՞նչ կտային, կկարողանայի՞նք առավելագույնն ստանալ, ցույց կտար ժամանակը: Նույն փուլային տարբերակն է քննարկվում տասը տարի անց, արդյոք լա՞վ վիճակում ենք: Շահեց Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը: Պատմությունը պետք է գնահատական տա՚:

Ստեփանակերտը մերժում է փուլային տարբերակը, որում ոչ մի խոսք չկար Ղարաբաղի կարգավիճակի մասին` ի տարբերություն փաթեթային, ապա և մեկ տարի անց ներկայացված ՙԸնդհանուր պետության՚, որում ամրագրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ նախագահը հատուկ մամուլի ասուլիս է տալիս Երևանից Ստեփանակերտ ժամանած լրագրողների համար և հրապարակավ հակադրվում Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում առաջարկած տեսակետների հետ:

Ենթադրաբար, Ղուկասյանը մարտահրավեր նետեց Տեր-Պետրոսյանին` վարչապետ Քոչարյանինև ուժային նախարարների հետ խորհրդակցելուց հետո կամ նրանց քաջալերանքով: Այլապեսª ինչպե՞ս բացատրել, որ Ղուկասյանը Տեր-Պետրոսյանի ասուլիսին արձագանքում է միայն տասն օր անց: Բացի այդ, Ստեփանակերտի ասուլիսը կազմակերպվել էր հապշտապ. Երևանից լրագրողներին ԼՂ էր հասցրել հատուկ ուղղաթիռը:

1997թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահը մեկնում է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրախորհրդի գագաթաժողովին: Մեկ օր անց տեղի է ունենում Տեր-Պետրոսյանի հանդիպումն Ալիևի հետ: Հոկտեմբերի 23-ին ԱՊՀ Քիշնեւի գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենում Տեր-Պետրոսյան-Ալիեւ նոր հանդիպում: Դեկտեմբերի առաջին օրերին Մինսկի խումբը հերթական անգամ այցելում է տարածաշրջան` Ստեփանակերտում, Երևանում եւ Բաքվում ներկայացնում գրավոր նոր` փուլային առաջարկություն:

Կարգավիճակը` ապագայում

Փուլայինը մինչ այսօր հակամարտության կողմերին գրավոր, պաշտոնապես ներկայացված և  մամուլում տպագրված միակ տարբերակն է, որտեղ ԼՂ կարգավիճակից խոսք չկա, այն թողնված է բաց, ապագային: Մյուս կողմից` փուլայինը միակ տարբերակն է, որում խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Խաղաղության, անվտանգության երաշխիքների, շրջափակումների վերացման դիմաց Երևանը համաձայնում էր առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման, ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ղուբաթլուի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի, գուցե Քելբաջարի շրջանները վերադարձնել Ադրբեջանին: Երևանը սկզբունքորեն ընդունում է առաջարկությունը, սակայն գրավոր` Մինսկի համանախագահությանը ներկայացնում մի շարք առարկություններ:

1997թ. դեկտեմբերի18-19-ը Կոպենհագենում տեղի է ունենում ԵԱՀԿ արտգործնախարարների նիստ: Մինսկի խումբը նշում է, որ բանակցությունները մտել են փակուղի: Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում ընդգծում է, որ Լիսաբոնում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը լուրջ հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որը ՙկանխորոշում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՚, և ՙայդ հայտարարությունն իմաստազրկեց հետագա երկխոսության անհրաժեշտությունը՚:

Արզումանյանը նշում է, որ վերջնական` արդարացի և հարատեւ լուծումը պետք է հիմնված լինի հետևյալ տարրերի վրա. ԼՂ-ի և Ադրբեջանի հարաբերությունները կանոնակարգող համաձայնագիր, որը ԼՂ-ին թույլ կտա լիակատար վերահսկողություն սահմանել իր տարածքի նկատմամբ և իր ճակատագրի տերը լինել, անվտանգության միջոցառումներ և երաշխիքներ, որոնք կբացառեն ռազմական գործողությունների հնարավորությունը և անշրջելի կդարձնեն խաղաղ գործընթացը, ԼՂ-ին աշխարհագրական այնպիսի սահմանների տրամադրումը, որը կվերացնի նրա մեկուսացված` անկլավային վիճակը:

Հայաստանը և ԼՂ-ն սկզբունքորեն ընդունելի էին համարում կարգավորման չեչենական տարբերակը: 1990-ական թթ. Չեչնիայի առաջին պատերազմից հետո Մոսկվան և Գրոզնին եկան համաձայնության, ըստ որի` Չեչնիայի կարգավիճակի որոշումը հետաձգվում էր հինգ տարով, որից հետո անցկացվում է հանրաքվե, իսկ մյուս հարցերին, որոնք վերաբերում էին պատերազմի հետեւանքների վերացմանը, լուծում էին տրվելու: Ըստ էության, չեչենական տարբերակը մոտ էր 1995թ. Դեյթոնի կարգավորմանը, որով Բոսնիայի և Հերցեգովինայի սերբ բնակչությանը` Սերբիայի Հանրապետությանը, տրվում էր հետաձգված հանրաքվեով ինքնորոշման իրավունք:

ԼՂՀ նախագահ Քոչարյանը 1997թ. փետրվարին չեչենական խնդրի նմանությամբ ԼՂ հարցի լուծումը համարում էր ընդունելի տարբերակ: Քոչարյանը հայտարարեց, որ դեռ երկու տարի առաջ Ստեփանակերտն առաջարկել է որպես լուծման հնարավորություն հեռանալ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներից ու քննարկել ԼՂ-ի և Ադրբեջանի հարաբերությունները, սակայն Բաքուն մերժեց:

1997-ի աշնանը Տեր-Պետրոսյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ Հայաստանը առաջարկել և  շարունակում է առաջարկել փուլային լուծում` ՙեկեք հանենք առայժմ այն ամենը, ինչը լարվածություն է ստեղծում՚: ՙՀետո նստենք և Ղարաբաղ-Ադրբեջան կամ Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան կազմով խոսենք կարգավիճակի մասին` առանց նախնական պայմանների: Առանց Ղարաբաղի խոսք չի կարող լինել ոչ մի բանակցության մասին, բայց ձևն ինձ համար երկրորդական է: Գլխավորը` էությունն է, իսկ էությունը դա չեչենական տարբերակն է. հանեցին խնդրի սրությունը, երդվեցին չկռվել, հարցը լուծել միայն խաղաղ միջոցներով, և հանգիստ զբաղվեցին գործով՚:

1990-ականների վերջերին բռնկվեց ռուս-չեչենական երկրորդ պատերազմը, որն իր դաժանությամբ եւ մարդկային զոհերով չզիջեց առաջինին, պարզապես այս անգամ Մոսկվան կարողացավ արյան մեջ խեղդել չեչենների անկախության ձգտումները և պարտադրել իր պայմանները: Չեչնիայի ինքնավարությունից միայն անունն է մնացել:

Լուսանկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը, լուսանկարի թվականը հայտնի չէ
—-