Խաչիկ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին․ Հայաստան-Նախիջևան սահմանի բնակավայրերը

4151

Խաչիկ գյուղը խոշորացված Արենի համայնքի 8 բնակավայրերից է։ Մյուս 7 գյուղերն են՝ Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Չիվա, Ռինդ և Արենի, որ համայնքի կենտրոնն է։

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 37 կմ, Արենիից 21 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 120 կմ հեռու։

Գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության՝ Հայոց Լեռների դեպի արևմուտք նայող լանջի վրա։ Գյուղից դեպի Շարուրի դաշտը և Արարատ լեռը բացվում է հազվագյուտ գեղեցկությամբ` լայնատարած և չքնաղ տեսարան։

Խաչիկը հարավից Նախիջևանի հետ ունի 27 կմ ընդհանուր պետական սահման։ Հյուսիսից սահմանակից է Արենիին, արևելքից՝ Գնիշիկին։

Վարչական տարածքի ամենաբարձր գագաթը Հարսնասարն է` 2773 մետր,
ամենացածր կետը` Ջրաղացները՝ 1600 մ բարձրությամբ։

Գյուղում առաջին մարդահամարն անց է կացվել 1831 թվականին․ գյուղում հաշվված էր 22 ընտանիք, 101 մարդ։ Ընտանիքներից 18-ը բնիկներ էին, 4 ընտանիք ներգաղթել է Պարսկաստանից։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Խաչիկի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 101 հոգի, որից 92-ը՝ հայ, 9-ը՝ իսլամ,

1873 թվական – 594 հոգի,

1886 թվական – 805 հոգի,

1897 թվական – 968 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1914 թվական – 991 հոգի,

1916 թվական – 1․275 հոգի,

1919 թվական – 1․350 հոգի,

1922 թվական – 1․039 հոգի,

1926 թվական – 1.068 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1063-ը՝ հայ, 5-ը՝ թուրք,

1931 թվական – 1․218 հոգի։

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Խաչիկն ունեցել է 862 մշտական և 818 առկա բնակչություն:

Խաչիկ գյուղից 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Քարկոփ կամ Խոտակերաց վանական համալիրը։ Վանքի հարավային պատի ծավալուն արձանագրությունը վկայում է, որ Վանքը կառուցել է Սյունյաց Աշոտ իշխանը, սակայն 9-րդ դարի վերջում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն քանդվել է, իսկ Աշոտի մահից հետո, նրա կինը` Շուշանիկ իշխանուհին, վերականգնել է այն, ի հիշատակ իր ամուսնու։ Վանքի օծման արարողությունը կատարվել է 910 թվականին, որին ներկա են եղել Հայոց
Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին և Սյունյաց Հովհաննես Եպիսկոպոսը։

1254-1272 թվականներին Քարկոփի վանքը նորոգում է Սմբատ Օրբելյան իշխանը, որի մահից հետո նրա եղբայր Տարսայիճ իշխանը այն ժառանգություն է տալիս
իր որդուն` պատմագիր Ստեփաննոս Օրբելյան եպիսկոպոսին։ Վերջինս 1297
թվականին Քարկոփը նվիրում է Նորավանքին։

Վանքից 300 մետր հեռավորության վրա 1271 թվականին կանգնեցվել է երկաստիճան պատվանդանով Խաչքար՝ ի պատիվ Ստեփաննոս Օրբելյանի` Խաչիկ գյուղ նրա կատարած այցելության առիթով։

Խաչիկ գյուղի կենտրոնում գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին, որ
կառուցվել է 1681 թվականին, վերակառուցվել` 1888 թվականին։

Խաչիկ գյուղում դպրոց հիմնադրվել է 1870 թվականին, Երևանի բնակիչ և Խաչիկում մեծ հողատեր Ստեփանոս Եղիազարյանի հորդորով: Նույն թվականին կառուցվել է դպրոցի շենքը, որը կարող էր տեղավորել 60 աշակերտ։

Օգտագործվել են տվյալներ Վայոց Ձորի մարզպետարանի կայքից

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝