“Տրապիզոնից իմ վերջին հիշողությունները տանջում ու խռովում են հոգիս”

3500

Նախաբան-1915 թվականին Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջիակոմո Գորրինիի հետ այս հարցազրույցը տպագրվել է իտալական «Մեսսաջերո» թերթի 1915 թվականի օգոստոսի 27-ի և 28-ի համարներում և վերաբերում է Օսմանյան կայսրության ներքին իրավիճակին: Հարցազրույցի վերջում հյուպատոսն անդրադառնում է նաև հայերի դեմ իրականացվող բռնություններին: Այս հատվածը արտատպվել է նաեւ Թուրինում 1915-1918 թվականներին լույս տեսած «Արմենիա» ամսօրյայի 1915 թվականի հոկտեմբերի 15-ի համարում: 2005թ. ապրիլի 20-ին Երևանի ԱԶԳ օրաթերթը Արամայիս Բալոյանի (Հռոմ) ստորագրությամբ արտատպագրել է հյուպատոս Գորրինիի հարցազրույցը:  

Հարց – Խնդրում եմ պարզաբանել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքներին վերաբերող հրապարակումները:

Պատասխան – Տարբեր վիլայեթներում հայերը խոշտանգվում են տարբեր ձեւերով: Ամենուր նրանք հետապնդվում ու կասկածվում են: Նրանք ենթարկվում են իսկական սպանդի, որն ավելի դաժան է, քան կոտորածը: Այսպես ասած հայկական վիլայեթներից (7 վիլայեթ) հինգը` ամենակարեւորներն ու մարդաշատը, դժբախտաբար հենց իմ հյուպատոսական իրավասության տակ էին գտնվում` Տրապիզոնը, Էրզրումը, Վանը, Բիթլիսը եւ Սվազը: Իմ տարածքներում, սկսած հունիսի 24-ից, բոլոր հայերին սկսեցին տեղահանել` բռնի դուրս էին մղում իրենց բնակավայրերից եւ ուղեկցում դեպի հեռավոր կողմերը: Նրանցից միայն քչերն էին հասնում Միջագետք, իսկ մեծ մասը սպանվում էր չլսված դաժանությամբ:

Հանդիսավոր կոչը գալիս է հենց Կ.Պոլսից` սա կենտրոնական իշխանության եւ Միություն ու առաջադիմություն կուսակցության գործն է: Տեղական իշխանությունները եւ նույնիսկ մուսուլմանական բնակչությունը փորձում էին դիմադրել, մեղմացնել, ազատել, թաքցնել հայերին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Կենտրոնական իշխանության հրամանները կտրականապես հաստատված էին, բոլորը պետք է ենթարկվեին ու հետեւեին դրանց:

Մեր հյուպատոսական միջնորդությունը փորձեց փրկել գոնե երեխաներին եւ կանանց, սակայն ստացված բազմաթիվ խոստումները չէին հարգում Միություն եւ առաջադիմություն կուսակցության տեղական մարմինները, քանի որ հրամանները գալիս էին Կ. Պոլսից: Իրականացվում է անմեղ բնակչության իրական կոտորած եւ մորթ: Սա չլսված բան է, մի սեւ էջ, բացահայտ հալածանք մարդկային սրբազան օրենքների, քրիստոնեության եւ ազգային պատկանելության հանդեպ: Նույնիսկ հայ կաթոլիկները, որ նախկինում միշտ հարգված էին եւ զերծ էին մնում հալածանքներից ու կոտորածներից, այս անգամ, դարձյալ կենտրոնի հրամաններով, հալածվում են բոլորից դաժան ձեւերով:

Տրապիզոնում բնակվող լուսավորչական, կաթոլիկ եւ բողոքական շուրջ 14.000 հայերից, որոնք երբեւէ չեն հրահրել անօրինություններ, երբեք չեն նախազգուշացվել ոստիկանության կողմից, իմ մեկնելու ժամանակ մնացել էին 100-ը: Հունիսի 24-ից` այդ խայտառակ հրամանագրի հրապարակման օրից մինչ հուլիսի 23-ը` Տրապիզոնից իմ հեռանալու օրը, ես չէի քնում, չէի ուտում, գտնվում էի կաթվածահար վիճակում: Մի իսկական տանջանք էր ներկա գտնվել անզեն եւ անմեղ արարածների բնաջնջմանը:

Հայերի խմբերն անցնում էին հյուպատոսության պատուհանների տակով` աղերսելով օգնություն, բայց ոչ ես, ոչ մյուսները ոչինչ չէինք կարող անել նրանց համար: Քաղաքը պաշարված էր մինչեւ ատամները զինված 15.000 զինվորներով, ոստիկանության հազարավոր աշխատակիցներով, կամավորների բանդաներով, Միություն եւ առաջադիմություն կուսակցության հատուկ ջոկատներով: Արցունքներ, կսկիծներ, անեծքներ, բազմաթիվ սպանություններ, խելագարվածներ, վախից մեռնողներ, հրդեհներ, կրակոցներ, անգութ հալածանքներ, յուրաքանչյուր օր փողոցներում հարյուրավոր դիակներ, բռնի մահմեդականացված կանայք, քրիստոնեական ընտանիքներից ու դպրոցներից գողացված ու մուսուլմանական ընտանիքներին հանձնված երեխաներ, շատերն էլ միայն մի շապիկով նստեցվում էին նավակների մեջ ու խեղդամահ արվում Սեւ ծովում կամ Դերե Մենդերե գետում: Ահա սրանք են Տրապիզոնից իմ վերջին, անջնջելի հիշողությունները, որ տանջում ու խռովում են հոգիս:

Թույլ տվեք այսքանով եզրափակել իմ այս զրույցը եւ հայտարարել, որ Թուրքիայի այս սեւ էջը ենթակա է վճռական դատապարտման: Եթե իմանային այն ամենը, ինչ ես գիտեմ, այն ամենը, ինչ տեսել եմ իմ աչքերով ու լսել իմ ականջներով, քրիստոնեական այն բոլոր պետությունները, որոնք մինչ այժմ չեզոք դիրքում են, պետք է ելնեն Թուրքիայի դեմ, դատապարտեն նրա անքաղաքակիրթ իշխանությանը, նրա վայրագ Միություն եւ առաջադիմություն կուսակցությանը եւ պատասխանատու համարեն նրա դաշնակիցներին, որոնք հանդուրժում եւ իրենց օգնությամբ թաքցնում են այն ահավոր ոճրագործությունը, որը համարժեքը չունի ոչ հին, ոչ էլ նոր պատմության մեջ:

Անպատվություն, սարսափ, անարգանք:

Նկարում՝ Տրապիզոնի հայ որբանոցի երեխաները