Հայաստան-Թուրքիա շփումները 1992-ին և Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը

2385

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը

1992թ. հոկտեմբերի 16-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարությունում հակիրճ հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հավաքվածներին հաղորդեց, որ նախագահ Տեր-Պետրոսյանի խնդրանքով հրաժարական է տալիս: Հովհաննիսյանը չմանրամասնեց դրդապատճառները, միայն ասաց, որ հեռանում է ՙանավարտ աշխատանքի զգացումով՚, սակայն, մյուս կողմից` ՙնախընտրեցի մնալ հավատարիմ իմ սկզբունքներին և այն ուղուն, որը, հավատացած եմ, էական է Հայաստանի համար՚:

ՙՄենք տակավին երկար, դժվար ճանապարհ պիտի կտրենք միասին, մինչև որ մեր հայրենիքը, հզոր ու հաղթական, հասնի խաղաղության և արդարության զույգ կատարներին՚: Հաջորդ օրը թերթերը տպագրեցին նախագահի հրամանագիրը, որում ասվում էր. ՙՐաֆֆի Հովհաննիսյանին իր դիմումի համաձայն, ազատել արտգործնախարարի պաշտոնից՚:

Հովհաննիսյանի հրաժարականի առիթը Ստամբուլում նրա ունեցած ելույթն էր, մինչդեռ պատճառներն ավելի խորն էին: Տեր-Պետրոսյանը այսպես է մեկնաբանել. ՙՍկզբի չորս ամիսների ընթացքում, երբ արտգործնախարարությունը պետք է վարեր շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, երբ տեղի էին ունենում անկախության ճանաչման, միջազգային կազմակերպություններին անդամագրվելու գործընթացները, Հովհաննիսյանը իր պարտականությունները կատարեց փայլուն: Բայց դրանից հետո նրա մոտ սկսվեց որոշ խզում Հայաստանի նախագահի արտաքին քաղաքականության սկզբունքներից: Դա առաջին հերթին վերաբերում էր մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունների հարցին: Դրա ամենացայտուն օրինակը Ստամբուլի նրա ելույթն էր, որին ես չեմ կարող համաձայնել ոչ ամբողջությամբ, ոչ էլ յուրաքանչյուր դրույթի առանձին վերցրած: Դա նախ և առաջ ուղղակի հակասում էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական` հարևանների հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքին: Սա Թուրքիայի դեմ ուղղված ելույթ չէր, այլ Արևելքի բացարձակ մերժում և արևմտամետության ցցուն օրինակ՚:

Մինչդեռ Հովհաննիսյանի խոսքերով` Ստամբուլի ելույթը պարզապես պատրվակ էր և ինքն ամենևին չի զղջացել դրա համար: Նա համաձայն չէ որակմանը, թե ՙայդ ելույթը Արևելքի դեմ էր՚, համարելով դա ՙանարդար՚: Ավելին, ՙիմ առաջին այցերը եղել են Իրան և արաբական երկրներ՚:

1992թ. սեպտեմբերի 10-ին Ստամբուլում` Եվրոպայի խորհրդի համաժողովի իր ելույթում, Հովհաննիսյանը բավական կոշտ էր արտահայտվել Թուրքիայի պետական քաղաքականության նկատմամբ: ՙՑեղասպանությունից առաջ Կ. Պոլիսը առանձնահատուկ դեր էր կատարում արևմտահայ մշակութային վերածննդի գործում: Հակառակ Ցեղասպանության ողբերգությանը, նախագահ Տեր-Պետրոսյանը ակտիվ կերպով հետամուտ է եղել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելուն: Թուրքիան մերժել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ հայկական նախաձեռնությունները: Թուրքիան երբեմն վիժեցրել է դեպի Հայաստան մարդասիրական օգնության փոխադրումը և չի կարողացել չեզոքություն պահել ԼՂ հարցում: Ադրբեջանում թուրքական զինվորական խորհրդականներ և սպաներ կան, տեղեկությունները բազմաթիվ են Թուրքիայից Ադրբեջան զենքի հոսքի մասին՚,- ասել էր Հովհաննիսյանը, դառնալով նորանկախ Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Հայոց ցեղասպանության մասին հիշատակել էր նման մակարդակի խորհրդաժողովում և որ հատկանշական է` Թուրքիայում:

Հայաստանի արտգործնախարարի ելույթն արժանացավ Թուրքիայի դժգոհությանը: Արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի համաժողովն այն տեղը չէ, որտեղ օգտագործվեն ՙանհիմն պնդումներ՚: Եվրոպայի խորհրդում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սյոնմեզ Քյոքսալն ընդգծեց, թե Հովհաննիսյանի հրահրիչ ու ագրեսիվ ելույթը չի կարող Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող երկրի քաղաքական կամքի արտահայտություն լինել:

Անկարան գոհունակությամբ արձագանքեց Հովհաննիսյանին պաշտոնանկ անելու Երևանի որոշմանը: ՙԹուրքերը չէին թաքցում, որ դա իրենց վերջին շրջանի խնդիրներից մեկն էր` տարանջատել, օտարել Հայաստանի արտգործնախարարին արտաքին քաղաքականությունից և իր պաշտոնական ծառայությունից: Կարծում եմ, կար նաև թուրքական որոշ ազդեցությունը իմ հրաժարականի հարցում: Ժամանակին ասել եմ` եթե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների վճարելիք գինը Րաֆֆին էր, կարծում եմ` Հայաստանը շատ ավելի մեծ փոխարժեք պիտի ստանար՚,- ասում է Հովհաննիսյանը:

Հայաստանի ղեկավար շրջանակներում Հովհաննիսյանի ելույթը քննադատության արժանացավ` դառնալով նրա հրաժարականի առիթն ու պատճառներից մեկը: ՙԿար միջգերատեսչական մրցակցություն մի կողմից ԱԳՆ-ի, մյուս կողմից` նախագահականի միջև: Առաջացավ արտաքին քաղաքականության երկփեղկվածություն, և 1992-ի ամռանից Ժիրայր Լիպարիտյանը դարձավ նախագահականի կողմից Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը սպասարկողը՚,- հիշում է Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` Լիպարիտյանը միշտ չէ, որ արտգործնախարարությանը տեղեկացնում էր հայ-թուրքական շփումների ընթացքին. ՙԹուրքիայի հարցը այս միջգերատեսչական մրցակցության նուրբ հարցն էր` լակմուսի թղթերից մեկը՚:

Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հովհաննիսյանը կոպիտ սխալ թույլ տվեց. ՙՀայ-թուրքական հարաբերություններում նա մտցրեց երկու արգումենտ, որոնք բացարձակապես անհարկի էին և’ այն ժամանակ, և’ այսօր. դրեց Հյուսիսային Կիպրոսի հարցը, դրանում մեղադրեց Թուրքիային, և քրդական խնդիրը: Մեր արտաքին քաղաքականությունը շատ լուրջ է եղել, մշակվել են սկզբունքներ, որոնցից չէր կարելի շեղվել: Ելույթը չէր համաձայնեցրել ինձ հետ: Ո՞վ էր թույլ տվել նման արգումենտներ մտցնել մեր արտաքին քաղաքականության մեջ: Այսօր էլ է դա վտանգավոր: Նրա հրաժարականի գլխավոր պատճառը սա է եղել: Ես հրապարակայնորեն այլ կերպ եմ մեկնաբանել, բայց ես սա չէի կարող ասել այն ժամանակ, որովհետև մի անգամ էլ էի ուշադրություն հրավիրելու դրան՚:

Ստամբուլի իր ելույթում քրդական և կիպրական հարցերի շուրջ Հովհաննիսյանն ասել էր. ՙԵվրախորհրդարանը վերահաստատել է Թուրքիայում քրդերի կացությանը վերաբերող մի որոշում, որը Թուրքիայի ժողովրդավարացման համար նախահիմք է համարում քրդական հարցի խաղաղ կարգավորումը: Անշուշտ, Կիպրոսը շատ տարբեր պարագա է հատկապես այն պատճառով, որ թուրքական համայնքի պահանջները քաջալերվում են օտար բանակի տարածքային գրավման փաստով: Լեռնային Ղարաբաղում գրավման բանակ չկա՚:

Հայաստանի նախկին արտգործնախարարներից Վարդան Օսկանյանը, ով 1992թ. արտաքին քաղաքական գերատեսչությունում միջին աստիճանի պաշտոնյա էր, Հովհաննիսյանի ելույթը որակել է ՙլավ, բնական պոռթկում Թուրքիայի հողի վրա՚, սակայն մյուս կողմից` ՙայդ օրվա պայմանները մի քիչ այլ էին և հակասության մեջ մտավ՚ Հայաստանի 1992թ. քաղաքականության հետ: ՙԽոսրով Հարությունյանը վարչապետ էր այդ օրերին, և ես լավ հիշում եմ` նույն օրը, երբ Հովհաննիսյանը ելույթ էր ունենում, մենք Թուրքիայի վարչապետին նամակ էինք ուղարկում` խնդրելով Հայաստանին ապահովել ցորենով: Նամակը գրել էր Հարությունյանը, ես թարգմանել էի անգլերեն՚:

Տարիների հեռվից Հովհաննիսյանը Ստամբուլի իր ելույթը շարունակում է արդարացի համարել: ՙՄենք ամեն օր տեսնում էինք Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարքը: Այո, դիվանագիտությունը բանական, ռացիոնալ, հնարավորությունների արվեստ է, բայց ոչ միայն: Դիվանագիտությունը նաև քո ազգային շահերը ներկայացնելու հրամայականն է, ընդհանուր առմամբ` դիվանագիտական շոյող լեզվով, բայց մեկ-մեկ նաև քո զինանոցը ավելի դիպուկ իրացնելով: Ես համարում եմ, որ արդեն հասունացել էր պահը: Թուրքական սպառնալիքները, բոյկոտները, ինքնաթիռներ իջեցնելը, քաղաքացիներին նեղելը, սահման փակելը, վետո դնելը դարձել էր սովորություն: Այդ ելույթում հնչեց Ցեղասպանություն եզրը, առաջ քաշվեց Ցեղասպանության ժառանգության խնդիրը՚:

Համաժողովի ավարտից հետո Հովհաննիսյանը ինքնաթիռով հասնում է Էրզրում: ՙԵս մորական կողմից Կարնո դաշտի Ձիթող գյուղից եմ, այնտեղ եղել էի 20 տարի առաջ, եղբորս հետ: Մերժվեց իմ խնդրանքը այցելել Ձիթող և պապիս նոր տանտիրոջը ծաղիկ նվիրել պապիկիս կողմից: Տեղական իշխանությունները ասացին, որ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ այցելել: Ապա Ալիջան-Մարգարա կամրջով անցա Արաքսը դեպի Հայաստանի Հանրապետություն: Անասելի զգացում էր: Գալիս ես Հայկական բարձրավանդակից, քո ժառանգությունից` քո հայրենիքից դեպի քո հանրապետություն՚:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: