Լույս է տեսել Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» հատորի երկրորդ հրատարակությունը

2270

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ լույս է տեսել  խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» հատորի երկրորդ հրատարակությունը:

Այս գրքի առաջին հրատարակությունը ևս իրականացրել է ԱՆԻ կենտրոնը 2018 թվականի գարնանը: Երկրորդ հրատարակության մեջ կատարվել են աննշան փոփոխություններ և ճշգրտումներ:

Հարությունյանի առաջին գիրքը՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», հրատարակվել է 2014-ին և հասանելի է ԱՆԻ կենտրոնի կայքում:

Հարությունյանի այս հատորը կարևոր տեղ է զբաղեցնում ԽՍՀՄ-ում այլախոհության, քաղաքական բռնաճնշումների և տոտալիտար համակարգի մասին պատմող բազմաթիվ և բազմալեզու գրքերի շարքում:

Ներկայացնում ենք ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի՝ երկրորդ հրատարակության համար գրված առաջաբանը:

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակում է Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»: Այս արժեքավոր հատորի առաջին տպագրությունը ԱՆԻ-ն նախաձեռնել էր 2018 թվականին:

Իր առաջին գրքում՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» աշխատության մեջ, Հարությունյանը ներկայացնում է 20-րդ դարի 60-ից 80-ական թվականներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժումները, ընդհատակյա կազմակերպությունները, նրանց չեզոքացմանն ուղղված խորհրդային իշխանությունների բիրտ, անմարդկային քայլերը, այլախոհների դեմ կազմակերպված դատավարությունները։

«Քաղբանտարկյալի պատմությունը», որ կարող ենք նաև համարել «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» հատորի շարունակությունը, ներկայացնում է հայ և այլազգի քաղբանտարկյալների՝ կալանավայրում ու աքսորում անցկացրած տարիների դժվար, դաժան, բայց նաև հումորային և լուսավոր պատմությունները։

Այս հատորում դուք կհանդիպեք հետաքրքիր մարդկանց՝ բատոնո Վասո, Նորիկ Գրիգորյան, Վիտալի Շևչենկո, Գլեբ Յակունին, թուրք Ալի, Ստեփան Խմարա, հավատացյալ Գաջիև, Գավրիլյուկ, քահանա Սիգիտաս Տամկյավիչուս, Մարզպետ Հարությունյան, Իշխան… Մարդիկ, որոնց խորհրդային բռնատիրական համակարգն անգամ չի կարողնում չարացնել:

Ինքը՝ Վարդան Հարությունյանը, մեկն էր հարյուրավոր քաղբանտարկյալներից, ովքեր մերժում էին խորհրդային հասարակարգը և պայքարում դրա դեմ՝ հստակ գիտակցելով, որ իրենց սպասում է երկարատև բանտարկություն և աքսոր: Քաղբանտարկյալներն արժանապատվությամբ էին կրում փորձություններով լի պատիժը, չէին կորցնում մարդկային դեմքը, ապագայի հանդեպ լավատեսությունը։

Քաղբանտարկյալների բանտային ու աքսորի տարիները ծանր են եղել։ Ոչ պակաս ծանր է եղել նրանց ընտանիքի անդամների կյանքը։ Մի կողմից խորհրդային անմարդկային քարոզչության հարվածներն էին, մյուս կողմից՝ կարոտն ու անորոշությունը։

Զգայացունց են այն տողերը, երբ Վարդան Հարությունյանը նկարագրում է դատավարությունն ու դրան ծնողների ներկայությունը: Չեկիստները նրանց մոլորեցրել էին, որ եթե որդին դատարանում ներում խնդրի և ասի, որ զղջում է, ապա չեն դատելու: Պարզ, միամիտ, ազնիվ գյուղացի ծնողները հավատացել էին նրանց և ողջ դատավարության ընթացքում որդու վրա հոգեբանական ու բարոյական ճնշում գործադրել:

«Մորս չդադարող լացն ու հորս աղաչանքները ընդմիշտ դաջվել են հիշողությանս մեջ»,- գրում է նա։

1986-ին՝ ազատ արձակվելուց երկու տարի առաջ, մահացավ հայրը։ Նրա մահվան մասին Վարդան Հարությունյանը տեղեկանում է երկու տարի անց միայն. «Ազատազրկմանս ողջ ընթացքում անընդհատ մտածել եմ, որ մի օր հորս հետ զրուցելու ու նրան ամեն ինչ բացատրելու հնարավորություն եմ ունենալու»։

Բանտարկության ու աքսորի ութ տարիները, սակայն, չեն չարացրել մարդուն։

«1988-ին՝ իմ ազատ արձակվելուց մի քանի օր առաջ, չեկիստները սիրով տեղեկացրին ինձ, որ պատրաստ են ինձ համար հայրենիք վերադառնալու ինքնաթիռի տոմս գնել։ Կարգն այնպես էր, որ իմ տոմսն արդեն ես պետք է գնեի։ Ես աքսորավայրում աշխատում ու աշխատավարձ էի ստանում։ Գումար էլ ունեի։ Բայց նրանք, չգիտես ինչու, որոշել էին անել ինձ այդ «լավությունը»։ Ես պետք է միայն տեղեկացնեի իմ երթուղին։ Եվ տեղեկացրի՝ Մագադան-Մոսկվա-Կիև-Երևան։ Այնպես ստացվեց, որ նրանք իրենց հաշվին ինձ հասցրին աշխարհի ծայրն ու իրենց հաշվին էլ տուն վերադարձրին։ Իմ մեջ նրանց նկատմամբ մեկ կաթիլ անգամ չարություն չի մնացել։ Կարծում եմ՝ չի էլ եղել»,- ավարտում է իր օրագրություն-պատմությունը Վարդան Հարությունյանը։

Այս հուշագրությունը կարդալը պարտադիր է, եթե ուզում ես քաղբանտարկյալների, նրանց ու հարազատների կրած տառապանքների միջոցով պատկերացում կազմել մոլորակի քարտեզից ջնջված Խորհրդային Միության մասին։

Թաթուլ Հակոբյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն