Դարիկ գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Ամասիայի շրջան

3637

Դարիկ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արփի լճի ջրամբարի հարևանությամբ՝ ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, Արփի համայնքի կազմում:

Դարիկը մարզկենտրոնից հեռու է 54 կմ, Երևանից՝ 174 կմ: Ունի մի քանի տասնյակ բնակչություն:

Նախկինում ունեցել է Օքսուզ կամ Օքսյուզ անունը, 1991-ի ապրիլի 3-ին վերանվանվել է Դարիկ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Օսքուզը ունեցել է 62 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”: Ինչպես Օքսուզը, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:

Օքսուզը Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում: Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Օքսուզ ուներ 96 բնակիչ, բոլորը՝ իսլամ կամ ավելի ճիշտ՝ սուննի կարափափախ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 153 և 176 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Օքսուզն ունեցել է 202 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Օքսուզն ուներ 243 բնակիչ, որից 1-ը՝ թուրք, 242-ը՝ կարափափախ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Օքսուզն ուներ 270 բնակիչ, որոնք նշված են պարսիկներ: Արդյոք սա տպագրական սխալ է, թե՝ ոչ, դժվարանում ենք ասել:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Օքսուզ գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Օքսուզի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝