Եղնաջուր գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

2730

Եղնաջուր գյուղը, որը նախկինում ունեցել է Չիվինլի անունը և Եղնաջուր է վերանվանվել 1990-ականների սկզբին, մտնում է Արփի համայնքի կազմ՝ շրջակա 13 այլ բնակավայրերի հետ:

Գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Եղնաջուր գետակի ափին, Արփի լճի հարևանությամբ՝ Գառնառիճ գյուղից 4 կմ հեռավորության վրա:

Եղնաջուր գյուղը ունի մոտ հարյուր տարվա պատմություն: Այս գյուղում առաջին գրավոր պահպանված հաշվառումը թվագրվում է 1922 թվականով:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1922-ին Չիվինլինունեցել է 234 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ սուննի կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Չիվինլինուներ 295 բնակիչ, որից 293-ը՝ կարափափախ, 1-ը՝ թուրք, 1-ը՝ հայ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Չիվինլին ուներ 326 բնակիչ, որից 324-ը՝ թուրքական խումբ, 2-ը՝ հայ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Չիվինլի գյուղի և շրջակա գյուղերի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը: 1939-ին Չիվինլին ուներ 349 բնակիչ, 1959-ին՝ 301, 1970-ին՝ 522, 1979-ին՝ 566, 1989-ին՝ 67:

Խորհրդային Հայասանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Չիվինլի գյուղի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝