Հովտուն գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

3191

Հովտուն գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից՝ 36 կմ հեռավորության վրա: Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, Եղնախաղի լեռնազանգվածի արևելյան ստորոտում` ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Ալաքիլիսա, Ալաքիլիսե, Բայթար անվանումները: Հովտուն է վերանվանվել 1991 թ-ին: Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Գյուղի այսօրվա բնակիչների նախնիները 1918-1920 թթ. գաղթել են Կարսի Գյոզեյրան գյուղից:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1831 թվականին Բայթարը ունեցել է 27 բնակիչ, բոլորը՝ իսլամ:

1873-ին և 1886-ին գյուղն ունեցել է համապատասխանաբար 231 և 167 բնակիչ, որոնք դրված են “այլք” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են հայերը և թաթարները:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Բայթար գյուղն ուներ 220 բնակիչ, որից 23-ը՝ դրված է “հայ լուսավորչական և հայ կաթոլիկ” դասակարգման տակ, 188-ը՝ պրավոսլավ, այսինքն՝ ուղղափառ, 9-ը՝ այլ:

1908 թվականին գյուղն ունեցել է 330 բնակիչ, և չկա դասակարգում, թե որ ազգությունների կամ կրոնների ներկայացուցիչներ են: 1914 թվականի հաշվառման համաձայն, Բայթարում եղել 279 բնակիչ, իսկ հիմնական ազգությունը նշվում է հույն:

1914, 1916 և 1919 թվականներին գյուղն ունեցել է համապատասխանաբար 363, 270 և 310 հույն բնակչություն:

1922 թվականի հաշվառման համաձայն, ըստ Կորկոտյանի, Բայթարում բնակվել են միայն հայեր՝ 306 հոգի, ինչը նշանակում է, որ 1919-1922 թվականների ընթացքում հույները հեռացել են և նրանց փոխարեն հաստատվել են հայեր:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Բայթարը ունեցել է 352 բնակիչ, որից 321-ը՝ հայ, 31-ը՝ քուրդ:

Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Բայթարն ուներ 447 բնակիչ, որից 409-ը՝ հայ, 38-ը՝ եզդի:

ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Հովտունն ունեցել է՝

1939 թվական – 477 հոգի,

1959 թվական – 236 հոգի,

1970 թվական – 207 հոգի,

1979 թվական – 253 հոգի,

1989 թվական – 238 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ տեսարան Ամասիայից

Կարդալ և դիտել նաև՝