Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից, որը ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:
Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:
________________________
Գլուխ Դ.
Ադրբեջանի պահանջները Հայաստանէն
շրջանը Տարածություն Հայ Իսլամ Այլք
Ղազախ* մոտ 1.500 – 8.000 –
Բասարգեչար մոտ 2.000 15.000 45.000 500
Սուրմալու մոտ 3.000 32.000 46.000 –
Զանգիբասար մոտ 1.000 – 35.000 –
Վեդիբասար, Սադարակ մոտ 2.000 5.000 40.000 –
Շարուր 2.800 29.000 60.000 1.000
Նախիջևան 4.200 54.000 81.000 1.000
գումար 16.500 135.000 315.000 2.500
*Ակսիբարա, Թաուզչալա, Կարակոյունլու գավառները
Կարսի նահանգ 17.570 123.000 159.000 122.300
Զանգեզուր 6.000 100.000 50.000 800
Կարեագին 450 22.000 – –
Շուշի 2.300 98.000 30.000 –
Ջիւանշիր 3.700 22.000 17.000 –
Գանձակ 4.000 52.000 16.000 8.200
գումար 16.450 294.000 113.000 9.000
Ընդհանուր գումար 50.520 552.000 587.000 133.800
Ադրբեջանի այս պահանջների դիմաց Հայաստանը ունէր իր ձեռքին, անուանապէս, Երեւանի եւ Կարսի շրջանները, եւ ցանկութիւնը ունենալու Ղարաբաղի լեռնային մասը. ամբողջ գումարը հետեւելն էր.
Հայաստանը 1919-ին
անունը Տարածք Հայ Իսլամ Վրացի Այլք
Հայաստան 45.717 854.041 577.953 4.605 154.133
Ղարաբաղ
եւ Զանգեզուր 16.450 294.000 113.500 – 9.000
Ադրբեջանի ուզածը 50.520 552.000 588.000 – 132.800
Մնացորդը 16.847 66.004 113.053 5.755 50.833
Ահա ա՛յդ էր ուզում թողնել մեզ Ադրբեջանը՝ մի հողամաս, որը հազիւ 1/4ը կը կազմէր այն բաղձանքների, որ ընդունած էր Դաշնակցութեան 9րդ Ընդհանուր Ժողովը. մի հողամաս, որ հայ ազգաբնակութեան միայն մէկ երրորդը պիտի ամփոփէր իսկ երկու երրորդը, այսինքն 1.200.000 հայեր պիտի մնային Վրաստանի եւ գլխաւորապէս Ադրբեջանի սահմաններում: Այդ դրութիւնը հիմնովին չէր համապատասխանում ոչ հայ ժողովրդի ձգտումներին, եւ ոչ էլ Դաշնակցութեան որոշումներին, որը ասում էր արտաքին քաղաքական բանաձեւում.-
«Հրահանգել կառավարութեանը, պահպանելով Հայաստանի եւ հայ աշխատաւորութեան շահերը Ադրբեջանի սահմաններում, աշխատել բարի դրացիական յարաբերութիւն պահպանել անոր հետ»:
Այս առաձգական բանաձեւից յետոյ Ընդհանուր Ժողովը որոշ եւ յստակ հրահանգ է տալիս Ղարաբաղի եւ Զանգեզուրի մէջ:
«Ղարաբաղը եւ Զանգեզուրը համարելով անբաժանելի մաս Անկախ եւ Միացեալ Հայաստանի՝ հրահանգել.
1.- Որ միջոցներ ձեռք առնուին ապահովելու համար անոնց ազգային քաղաքական վիճակը:
2.- Որ կուսակցութեան բարձրագոյն մարմինը անմիջապէս լուրջ կարգադրութիւններ ընէ զօրացնելու կուսակցական գործունէութիւնը յիշուած երկու շրջաններու մէջ:
3.- Որ ուրոյն բարձրագոյն մարմին մը, յատուկ աշխատանքով եւ կառավարութեան միջոցով, օժանդակէ այդ շրջաններու դրամական պահանջներուն»:
Այս բանաձեւով, պարզ է, որ Դաշնակցութիւնը ոչ միայն Երեւանի եւ Կարսի նահանգները համարած է Հայաստան, այլեւ չի զիջում Ադրբեջանին Ղարաբաղն ու Զանգեզուրը. ուրիշ խօսքով ժխտում է Ադրբեջանի ձգտումները եւ պահանջում 67.000 քառակուսի վերստ տարածութեամբ Հայաստան՝ 1.200.000 հայութեամբ, ըստ վերեւի վիճակագրութեան: Այսպիսով Դաշնակցութիւնն ու Մուսաւաթը (Հայաստանի եւ Ադրբեջանի կուսակցութիւնները), եւ հայ ու թաթար ժողովուրդները իրարու դէմ են կանգնած լինում: Երկու կողմերի թէ՛ արտաքին եւ թէ ներքին քաղաքականութեան հիմքը պիտի դառնային այդ անհաշտելի սկզբունքները: