Հայաստանի պատասխան հեռագիրը Ադրբեջանին՝ կոնֆերանս հրավիրելու առաջարկի մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Խատիսյանը հետևյալ պատասխան-հեռագիրն է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան Խոյսկուն:
Ի պատասխան Ձեր մարտի 4-ի թիվ 1462 հեռագրի, պատիվ ունեմ Ձեզ հաղորդելու հետևյալը.
Հայաստանի կառավարությունը հունվար ամսին գումարված հայ-ադրբեջանական կոնֆերանսը չի համարում ավարտված:
Իմ կառավարությունը մինչև այժմ սպասում է Ձեր կառավարության պատասխանին՝ Թիֆլիս քաղաքում Ձեզ հետ ունեցած տեսակցությանս ժամանակ Ձեզ հայտնած կոնկրետ առաջարկություններիս, որոնք Դուք ընդունեցիք Ձեր կառավարությանը զեկուցելու համար: Այդ առաջարկությունները, որոնք պիտի լինեին որպես հիմք ժամանակավորապես ընդհատված հայ-ադրբեջանյան կոնֆերանսի աշխատանքները շարունակելու համար, կրում էին հետևյալ բնույթը՝
- Երկու կողմից պիտի ճանաչվեն նախ Ղարաբաղի (ստատուս քվոն)՝ խստիվ պաշտպանելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի հետ կնքված համաձայնության պայմանները:
- Ստատուս քվո Զանգեզուրում:
- Երևան-Ջուլֆա երկաթուղագծի բացում:
- Շարուր-Նախիջևանի շրջանների ճանաչումը որպես Հայաստանի անբաժան մաս:
Եռակի փորձը կոնֆերանս հրավիրելու գործում կատարյալ պարզությամբ ապացուցեց, որ առանց կանխապես ընդունելու վերոհիշյալ պայմանները և նրանց կատարյալ ճշտությամբ գործադրելու՝ վերացնում է հնարավորությունը իրական համաձայնության գալու և երկու հանրապետությունների ժողովուրդների աչքում վարկաբեկվում է կոնֆերանսի գաղափարը, իբրև մի օրգանի, որ պետք է երկու կողմերը համաձայնեցնի և գտնի ընդհանուր լեզու երկու ժողովուրդների հետագա սերտ համագործակցության համար:
Հայաստանի կառավարությունը, խորապես գիտակցելով հարևան հանրապետությունների ավելի սերտ գործակցության կենսական անհրաժեշտությունը և գնալով ընդառաջ Ձեր ցանկությանը կոնֆերանս հրավիրելու մասին, իմ կառավարությունը խնդրում է Ձեզ չմերժել, ի նկատի ունենալով իր պատգամավորության լիազորությունների կատարելության, նախօրոք հաղորդել, թե Ադրբեջանի կառավարությունը Ձեր հեռագրով արված առաջարկին նայում է որպես նոր առաջարկի և եթե այո, խնդրում եմ հայտնել այն հարցերի ցուցակը և առաջարկվող կոնֆերանսի կոնկրետ ձևը, ինչպես որ պատկերացնում է Ձեր կառավարությունը:
Ժողովուրդ, թիվ 35, 11 մարտի, 1920 թ http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%2835%29.pdf