Թուրքիան վերջ է դնում Հայաստանի օդային շրջափակմանը. Երևան-Անկարա շփումները 1995-ին

731
Armenian President Levon Ter-Petrosyan (L) and Azerbaijan President Haydar Aliyev (R) prepare to take their seats flanking Turkish President Suleyman Demirel (C, standing) while Georgia's Eduard Shevardnadze (Far L) follows his counterparts April 28 in the beginning of a Black Sea countries conference in Istanbul where seven presidents of the Black Sea nations attended. TURKEY BLACK SEA

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

1995 թվականին Անկարան մասամբ մեղմեց Հայաստանի հանդեպ դիրքորոշումը: Ապրիլին Թուրքիան դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ թռչող օդանավերին թույլ տվեց օգտվել իր օդային տարածքից, իսկ թուրք-հայկական սահմանը վերստին բացվեց պաշտոնական պատվիրակությունների համար:

Տարբեր առիթներով նախագահ Դեմիրելն ու վարչապետ Չիլլերը հայտարարեցին, թե որպես բարի կամքի արտահայտություն, կարգադրել են բացել Թուրքիայի և Հայաստանի օդային տարածքները կապող H-50 օդային միջանցքը, որը փակ էր 1993-ի գարնանից ի վեր:

Թշնամական գործողությանը, այն է` հարևան երկիրը շրջափակման տակ պահելը, մասամբ վերջ տալը դժվար թե կարելի լինի համարել բարի կամքի արտահայտություն, մանավանդ, որ Անկարան այդ քայլին գնաց իր արևմտյան դաշնակից Միացյալ Նահանգների ճնշման տակ:

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի Ապրիլ 24-ի ուղերձում ասվում էր. ՙԵս պաշտպանում եմ Թուրքիայի կառավարության վերջին որոշումը` դեպի Հայաստանի օդային միջանցքը բացելու վերաբերյալ, որով օգնության առաքումն ավելի արագ, էժան ու վստահելի կլինի: Մենք պնդել ենք, որ դա կատարվի և հույս ունենք, որ սա կլինի առաջին քայլը տարածաշրջանի մյուս շրջափակումները վերացնելու ուղղությամբ` սկզբում մարդասիրական առաքումների, հետո` մյուս բոլոր փոխադրումների համար՚:

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները տարածել էին վարչապետ Չիլլերի խոսքերը: Թուրքիայի կառավարությունը որոշել է վերստին բացել իր օդային միջանցքները Հայաստան թռիչքների համար, որոնք նա փակել էր ժամանակին ՙորպես պատժի միջոց Հայաստանի կողմից Ադրբեջանում ռազմարշավ իրականացնելու համար՚, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել էր Չիլլերը:

Ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն գերատեսչությունները Անկարայում համաձայնագիր ստորագրեցին օդային սահմանը վերաբացելու մասին:

Ադրբեջանական կողմը դժգոհությամբ ընդունեց Թուրքիայի քայլը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաևը նախքան օդային սահմանի բացումը մի հարցազրույցում այսպես մեկնաբանեց. ՙՔանի դեռ Հայաստանը չի ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, Թուրքիայի բնական իրավունքն է սահմանները փակ պահել: Մենք կողմնակից ենք ներկա դրության պահպանմանը, քանի որ այն Երևանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց է: Եթե սահմանը բացվելու է, այդ դեպքում ԱՄՆ-ը նույնպես պետք է վերանայի Բաքվի դեմ կիրառվող արգելամիջոցները: Գուցե ԱՄՆ-ը և Թուրքիան այս հարցերը փոխկապակցեն մեծ փաթեթի մեջ: ԱՄՆ-ը մեզ տրամադրել է ընդամենը 28 մլն. դոլարի օգնություն այն դեպքում, երբ Հայաստանին տրվել է 350 մլն դոլար՚:

Օդային սահմանը և ցամաքային սահմանը դիվանագետների համար վերաբացելու Թուրքիայի որոշման վրա ազդեցություն թողեցին ինչպես արտաքին ճնշումները, Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումն ու ընթացող հայ-թուրքական շփումները, այնպես էլ Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահերը: 1995 թվականից ՙՀայկական ավիաուղիները՚ սկսեց իրականացնել Երևան-Ստամբուլ թռիչքները: Հաջորդ տարի սկսեցին ավտոբուսներ աշխատել Երևանի և Ստամբուլի միջև` Վրաստանի տարածքով:

Հայաստանի ու Թուրքիայի դիվանագետները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու երկու երկրների հարևան մարզերի տեղական ներկայացուցիչները հանդիպում էին ինչպես միջազգային համաժողովների, այնպես էլ երկկողմ համատեղ ծրագրերի շրջանակներում:

1995թ. միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Լիպարիտյանին փետրվարի 24-ին ընդունեցին նախագահ Դեմիրելը, վարչապետ Չիլլերը, իսկ նախօրեին` արտգործնախարար Կարայալչընը: Լիպարիտյանը Թուրքիա էր մեկնել ցամաքով` սահմանից Կարս հասնելով թուրքական մեքենաներով, որտեղ նրան հյուրընկալել էր Կարսի նահանգապետը:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: