Հայաստանի Հանրապետութիւնն է, ուր մենք պէտք է որոնենք և գտնենք մեր փրկութիւնը. Քաջազնունի

2428

ՔԱՋԱԶՆՈՒՆԻԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԷԿ ՃԱՌԸ ԽՕՍՈՒԱԾ ՆԻՒ ԵՕՐՔԻ ՄԻԹԻՆԿԻՆ ՄԷՋ

1919թ Դեկտեմբեր 7-ին Նիւ Եօրքի Հիփոտրօմի մէջ գումարուած խոշոր միթինկի մը մէջ Քաջազնունի խօսած է հետևեալ պատմական գեղեցիկ ճառը: ԱՍՊԱՐԷԶ, 23 Դեկտեմբեր, 1919

—–

Բարի գալուստ մաղթեցիք դուք մեզ: Շնորհակալութի՛ւն: Ես ևս բարևներ ունիմ բերած, ես ևս ողջոյնի խօսք ունիմ ասելու ձեզ: Հայաստանի Հանրապետութեան կողմից է, որ բարևներ եմ բերել ձեզ, ամերիկահայ հայրենակիցներ:

Ալևոր Մասիսի սրբազան գագաթից ու Արագածի ծաղկաւէտ լանջերից: Արցախի ու Սիւնիքի հսկայական լեռներինց ու անդնդախոր ձորերից: Մայր Արաքսի կանաչ ափերից ու Սևանի բիւրեղ ջրերից: Անիի ու Դւինի հոյակապ աւերակներից, Էջմիածնի Մայր-Տաճարից. Հաղպատի, Տաթևի ու Գանձասարի փառահեղ վանքերից՝ – բարևներ եմ բերել ձեզ, հայրենակիցնե՛ր:

Չգիտեմ, ի՛նչ էք զգում դուք, երբ լսում էք այս նուիրական անունները: Արդեօք ձեր ականջների համար էլ նրանք նոյնքան դիւթակա՞ն են, որքան իմ ականջի համար. արդեօք ձեր սրտերն էլ, ինչպէս իմը այս րոպէիս, լեցւո՞ւմ են որդիական սիրոյ, կարօտի, երախտագիտութեան և հպարտութեան, ինչպէս նաև մեծ վշտի բուռն զգացմունքներով:

Ձեր հայրերի ու պապերի երկիրն է այն, հայրենակիցնե՛ր: Այնտեղ են նրանք ապրել ու աշխատել, արիւն-քրտինք թափել, այնտեղ են ուրախացել ու մանաւանդ տանջւել, այնտեղ են գտել վերջի հանգիստը …:

Այդ սրբազան երկիրը այսօր մերն է, հայրենակիցնե՛ր,- ձերը և իմը: Այսօր մենք ենք տէրը մեզանից խլված ժառանգութեանը, մեր պապերի շինած տանը: Չկայ այլևս Ցարը, չկայ Շահը, չկայ Սուլթանը: Հայաստանի հողի վրայ ծածանւում է արդէն Հայկական դրօշակը: Այսօր Հայաստանի Պարլամենտը, ժողովրդի քուէով լիազօրւած, մշակում է հայ երկրի օրէնքները: Հայաստանի կառավարութիւնը, հաշւետու և պատասխանատու ազգի ներկայացուցիչների առաջ, կառավարում է երկիրը հայկական օրէնքներով: Դատարանը դատում է, վճիռներ կայացնում և ի կատար ածում այն յանուն Հայաստանի Հանրապետութեան: Հայ զօրքը, հայ զօրավարների հրամանատարութեան տակ, արթուն պահապան է կանգնած հայրենիքի ազատութեանը:

Հայաստանի Պարլամենտի, Հայաստանի Կառավարութեան ու Հայկ. զօրքի կողմից է, որ բարևներ եմ բերել ձեզ, ամերիկեան հայրենակիցներ:

Երազե՞լ էիք երբ և իցէ, որ ձեզ, ձեր կեանքի ընթացքում, վիճակւել է լսել այդ անունները-Հայկական Պարլամենտ, Կառավարութիւն, զօրք – ոչ իբրև բաղձանք կամ հեռաւոր յոյս, այլ իբրև կատարւած փաստ, գոյութիւն ունեցող իրականութիւն:

Եւ ահաւասիկ ես կանգնած եմ ձեր առաջ իբրև կենդանի վկայ և մեծ աւետիս եմ տալիս ձեզ.-

– Գլուխներդ բա՛րձր պահեցէք, հայ մարդիկ, շիտկեցէք դարերով կորացած իրաններդ Հայաստանը վերածնւում է. Հայկական ազատ պետութիւնը վերաշինւում է և այդ վերաշինման հիմնաքարը դրւած է արդէն հայ ցեղի պատմական օրրանի մէջ, Հայաստանի սրտում, Արարատեան դաշտի շուրջը:

Զգո՞ւմ եք արդեօք այս իրողութեան ամբողջ վեհութիւնը:

Պատմական մեծ դէպքերը ունին մի առանձնայատկութիւն. նրանք չեն հասկացւում, չեն գնահատւում ըստ արժանիքի ժամանակակիցների կողմից: Պատմութիւնը մեծ է, լայն ու խոր, իսկ մարդկային միտքը՝ թոյլ ու սահմանափակ: Ժամանակը պէտք է անցնի, որ յանկարծակիի բերւած մտքերը կարողանան մարսել և իւրացնել անցած եղելութիւնը: Անմիջական մանրամասնութիւնները՝ յաճախ տգեղ ու վրդովեցուցիչ և միշտ չնչին ամբողջութիւնը որակելու համար՝ առօրեայ մանրմունր փոխյարաբերութիւնները, անհատական, խմբային կամ կուսակցական համակրութիւնները և հակակրութիւնները կուրացնում են ժամանակակիցների կարճատես աչքերը, սխալ գաղափար են տալիս կատարւած իրողութեան մեծութեան մասին:

Վախենում եմ, թէ մենք էլ զոհ ենք այդ անխուսափելի կարճատեսութեանը: Բայց կը գայ օրը- և հեռու չէ այն- երբ մեր աչքերը պիտի բացւին և մենք կը տեսնենք, որ հայ ազգի պատմութեան մէջ՝ Բագրատունինների հարստութեան անկման օրից՝ տեղի չի ունեցել վերածնւելու մի ուրիշ փորձ՝ որը լինէր ա՛յնքան մեծ, ա՛յնքան զօրեղ ու այնքան բեղմնաւոր, որքան է այն, ինչ կատարւեց մեր աչքերի առաջ, անցեալ 1918 թւականին, Արարատեան դաշտում:

Սերունդը, որին ես եմ պատկանում, ուրիշ կերպ էր պատկերացնում, ուրիշ ճամբով էր ծրագրում մեր պետական կեանքի վերականգնումը: Մեր աչքերը յառած էին դէպի հարաւ ու արևմուտք. Կարին, Վան, Մուշ- ահա թէ ո՛րտեղից մտածում էինք մենք վերսկսել մեր պատմութիւնը, ահա թե ո՛ւր կեդրոնացրել էինք մենք մեր բոլոր յոյսերը, մեր ամբողջ ուշադրութիւնը և մեր ամբողջ աշխատանքը: Այրարատը մնում էր իբրև հեռաւոր ու անորոշ հնարաւորութիւն,- ա՛յսքան հեռաւոր ու ա՛յսքան անորոշ, որ երբէք չէր առնւում անմիջական գործունէութեան շրջանակի մէջ:

Բայց պատմութիւնը ունի իր սեփական օրէնքները, իր սեփական ընթացքը: Մարդը չէ՛, որ պիտի դիմադրէ այդ ընթացքին,- դա անկարելի բան է: Մնում է միայն հաշւի առնել իրերի նոր ճամբարներ՝ նոյն նպատակին հասնելու համար:

Իրերի բերմամբ, Հայաստանը վերաշինւում է Երևանից և ոչ Կարինից կամ Մուշից… Մի՞թե սա պատճառ է, որ այդ վերաշինում լինի մեզ համար պակաս սիրելի, պակաս ցանկալի, պակաս ոգևորիչ:

Մենք պետք է ունենանք ազատ ու անկախ պետութիւն մեր հայրենի հողի վրայ: Սա է մեր պահանջը, մեր նպատակը: Իսկ թէ որտեղից կ’սկսուի պետութեան կազմակերպութիւնը – հիւսիսից թե հարաւից, արեւելքից թէ արևմուտքից- դա արդէն մանրամասնութիւն է, որ ոչ մի արժէք չունի պատմական դատի վեհութեան առաջ:

Ահռելի զոհաբերութիւնների, անասելի տանջանքների ու զրկանքների, արիւնահեղ կռիւների ու յամառ աշխատանքի գնով հաստատւել է այսօր Արարատեան դաշտի վրայ ու նրա շուրջը Հայաստանի Հանրապետութիւնը:

Սա է այն կորիզը՝ որը զարգանալով ու ծառայելով՝ պետք է տայ մեզ անկախ ու Միացեալ Հայաստանը:

Ամէն մի հայ մարդ պէտք է լաւ հասկանայ այս իրողութիւնը և ըստ այնմ վարւի:

Այսօր Հայաստանի Հանրապետութիւնն է, ուր մենք պէտք է որոնենք և գտնենք մեր փրկութիւնը, մեր դարաւոր տենչերի իրագործումը: Այստեղ է, որ հայ ցեղը պէտք է կեդրոնացնէ այսօր իր ամբողջ ուշադրութիւնը, իր միտքն ու հոգին, իր ստեղծագործական բոլոր կորովը,- որովհետև այստեղից է որ նա պէտք է ընդլայնացնէ սահմանները, վերաշինէ ամբողջական Հայաստանը:

Այս է պատմութեան հրամայական թելադրանքը:

Հանրապետութեան թշնամին Հայութեան թշնամին է:

Հայը, որ կը յանդգնի խէթ աչքով նայելու Հանրապետութեան վրայ – դաւաճան է Հայկական մեծ դատի:

Խմբւել՝ անկեղծօրէն ու անվերապահօրէն՝ Հանրապետութեան շուրջը, ոյժ և կենսունակութիւն տալ նրան – ահա օրուայ պահանջը, ահա ամէն հայի սրբազան պարտքը:

Հանրապետութիւնը կազմակերպման շրջանի մէջ է: Նա կարօտ է բարեացկամութեան և գործօն օգնութեան, մանաւանդ որ կազմակերպւում է այնպիսի դժոխային պայմանների մէջ, որի նմանը թերևս չի տեսած պատմութիւնը:

Այս օգնութիւնն է, որ մենք եկել ենք որոնելու հեռաւոր Ամերիկայում:

Սխալ չհասկանաք մեզ: Մենք անճար ու լալկան կանայք չենք, որ եկել են աղերսելու մի պատառ հաց մեր անոթութիւնը կոտրելու, մի կտոր հին շոր մեր մերկութիւնը ծածկելու համար: Մուրացիկներ չենք մենք: Մենք մարտնչող ու շինարար ժողովուրդ ենք, միանգամայն վստահ մեր սեփական ուժերի վրայ: Մեր նպատակն է ապահովել արդէն գրաւած դիրքերը, ամրացնել մեր ազատութեան հիմքը և ոչ թէ վերածել Հայաստանը մի ընդարձակ անկելանոցի օտար բարեգործների խնամատարութեան տակ: Եթէ մեր միակ հոգսը լինէր մեր ողորմելի կեանքերի փրկութիւնը, մենք չէինք անի այն, ինչ արինք այս հինգ տարուայ ընթացքում և այն, ինչ արել են սրանից շատ առաջ, ամբողջ 30 տարի:

Ո՛չ, բարեգործութիւնը չէ՛ մեր որոնածը:

Ժամանակաւոր օգնութիւն այս ճգնաժամի օրերում, բարեկամական աջակցութիւն մեր սեփական ոյժերը գործի դնելու համար,- ահա թէ ի՛նչ ենք խնդրում մենք:

Խնդրում ենք առանց քաշւելու, ճակատներս բաց, որովհետև մեր բռնած դիրքը, մեր կատարած դերը համաշխարհային պատերազմի մեջ մեզ իրավունք է տալիս ուղղել այդպիսի խնդիր դաշնակից մեծ պետութիւններին, քաղաքակիրթ ու ազատասէր ժողովրդին: Խնդրում ենք առանց քաշւելու նաև այն պատճառով, որ վստահ ենք մեր ուժերի վրայ,- գիտենք, որ ամենակարճ ժամանակամիջոցում պիտի կարողանանք վերադարձնել մեզ արած օգնութիւնը:

Այս է մեր առաքելութեան իսկական բնոյթը:

Միացեալ Նահանգների կառավարութիւնն է, որին եկել ենք դիմելու եւ որից սպասում ենք մեզ հարկաւոր օգնութիւնը:

Բայց սա պատճառ չէ, որ դուք, ամերիկահայեր, մնաք անմաս հայրենիքի վերաշինման գործի մէջ: Ինչ ընթացք ու ելք էլ ստանալու լինի մեր առաքելութիւնը, ձեր վրայ մնում է մի խոշոր պարտականութիւն:

Համոզւած լինելով, որ այն գեղեցիկ խօսքերը, որով պատուեցիք դուք մեզ, խօսքեր չեն միայն, այլ ձեր մտքերի ու զգացումների իսկական արտայայտութիւնը, վստահ լինելով որ այսօրուայ խօսքերը վաղը գործի պիտի վերածւին և դուք լիօրէն կը կատարէք ձեր վրայ ընկած պարտականութիւնը, վերջացնում եմ ասելիքս, լի հաւատքով և յոյսերով:

Հայրենիք