Վազաշեն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

4812

Վազաշենը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում` Վահագնի լեռների լանջին, սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլու գյուղին: Նախկինում ունեցել է Լալիգեղ, Լալիքենդ, Աշըղգեղ անունները, Վազաշեն է վերանվանվել 1978 թ.-ի հունվարի 25-ին:

Գյուղը սկսել է զարգացում ապրել հատկապես 1960թ-ից հետո, երբ ոռոգման ցանցի կառուցմամբ բուռն զարգացում է ապրել այգեգործությունը, որի շնորհիվ կարճ ժամանակում գյուղի տնտեսությունը դարձել էր տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը: Վազաշենը ուներ մոտ 1500 հեկտար խաղողի այգիներ ու կայացած խաղողագործություն, տարեկան շուրջ 2000 տոննա բերքով: Այստեղ աճեցվող բարձրորակ խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակի և գինու արտադրության բնագավառում:

Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացին կրակի գոտում և ոչնչացվեցին: Ադրբեջանական դիրքերի հսկողության տակ են գտնվում նաև հարյուրավոր հեկտար հողատարածքներ: Պատերազմի տարիներին գյուղի պաշտպանության ժամանակ զոհվել են մեկ տասնյակ ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ, վիրավորվել է ավելի քան երկու տասնյակը:

Վազաշեն գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 237 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 202 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 248 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 463 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 583 հոգի,

1914 թվական – 698 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1916 թվական – 469 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց),

1919 թվական – 616 հոգի,

1922 թվական – 652 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 665 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 660-ը՝ հայ, 3-ը՝ ռուս, 2-ը՝ թուրք,

1931 թվական – 798 հոգի, որից 795-ը՝ հայ, 3-ը՝ ռուս:

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Վազաշենը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի Իջևանի գավառակի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին Վազաշենը եղել է Իջևանի շրջանի կազմում:

Դիտել և կարդալ նաև՝

Իջևանի շրջանի գյուղերի բնակչությունը 1831-ի տվյալներով