Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է սիրողական-ուսանողական լիգա. Կողբի հաջողության օրինակը

1628
ՀՖՖ-ի նոր նախաձեռնությունը. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021 թ. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը։ Այն կանցկացվի 2021 թ. հոկտեմբերից 2022 թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում որպես սիրողական գրանցված ակումբները։ 

Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող է մասնակցել առավելագույնը 10 թիմ․ Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:

Սիրողական առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ է:

Սիրողական ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սիրողական ֆուտբոլի առաջնության խաղերն անցկացվելու են «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով:

Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 20-ը:

Մրցաշարի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին՝ նամակ ուղարկելով competition@ffa.am հասցեին:

ՀՖՖ պաշտոնական կայք

——————————

2019 թ. սեպտեմբերի 1-ին մենք առաջարկել ենք ունենալ սիրողական-ուսանողական լիգա:

Հայկական ֆուտբոլը նոր շունչ է ստացել՝ պայմանավորված մի շարք հաջող օրինակներով: «Արարատ Արմենիան», որ հիմնադրման ուղիղ մեկ տարվա պատմություն ունի, հայկական ֆուտբոլի համար պատմություն կերտեց՝ հասնելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ: Մեկ այլ ակումբ՝ «Փյունիկը», դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ փուլ՝ «Հանրապետական» մարզադաշտ բերելով անգլիական գայլերին՝ «Վուլվերհեմփթոնին»։ Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ երկու անընդմեջ հաղթանակ տոնել Եվրո-2020-ի խմբային փուլում։ Երևանում հուլիսին բարձր մակարդակով անցկացվեց մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բարձրագույն խմբի 2019-2020 թթ առաջնությունում մասնակից թիմերի թիվը հասել է 10-ի։ Ավելացել է Առաջին խմբի առաջնության թիմերի թիվը՝ 17։ Հունիսի սկզբին Արցախում անց է կացվել Եվրոպայի չճանաչված ֆուտբոլային երկրների առաջնությունը՝ CONOFA-2019-ը։

Այս՝ 2019-2020 մրցաշրջանը, ամենաֆուտբոլայինն է մանկապատանեկան մրցաշարերում: Այս մրցաշրջանում, օրինակ, Տավուշի մարզը խաղալու է ավելի քան 15 թիմերով: Մարզը երկու թիմ ունի Առաջին խմբում՝ տղաների «Դիլիջանը» և Բերդավան գյուղի «Թխաձոր աղջիկները»: Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը գերազանցապես կենտրոնացած Երևանում: Հաջողության հասնելու համար պետք է ֆուտբոլը հնարավորինս հավասարաչափ բաշխել Հայաստանի բոլոր շրջաններում:  

Հայկական ֆուտբոլին այսօր պակասում է սիրողական-ուսանողական լիգան: Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ է կարևոր դրա հիմնադրումը:

Հայաստանում ֆուտբոլային աստիճանակարգը այսպիսին է: Ամենավերևում Բարձրագույն խումբն է, որտեղ խաղում են 10 թիմեր: Վերջին տեղը զբաղեցնող թիմը այս տարի հրաժեշտ կտա Բարձրագույն խմբին և կհայտնվի Առաջին խմբում, որտեղ խաղում են 17 թիմեր: Առաջին խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը մյուս՝ 2020-2021 թթ առաջնությունում, հանդես կգա Բարձրագույն խմբում:

Առաջին խմբից հետո գալիս են Հայաստանի մանկապատանեկան առաջնությունները՝ մինչև 18, 17, 16, 15, 14 և 13 տարեկաններ: Մինչև 12, 11 և 10 տարեկանները խաղում են Երևանի առաջնությունում:

Մենք առաջարկում ենք ստեղծել սիրողական-ուսանողական լիգա, որ կլինի Հայաստանի ֆուտբոլի առաջնության Երկրորդ խումբը:

Ովքե՞ր կարող են մասնակցել Երկրորդ խմբի առաջնությանը: Դրանք կարող են լինել խոշոր արտադրական և այլ ընկերությունների թիմեր, որոնք կլինեն սիրողական, բայց որոնցից կարող են դուրս գալ և ձևավորվել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Օրինակ, ցանկության դեպքում, նման թիմեր կարող են հիմնել «Գրանդ քենդին», «Արմենթելը», «Վիվասելը», «Մուլտի գրուպը», Սամվել Ալեքսանյանի արտադրական, գործարար միավորումները: Սիրողական-ուսանողական լիգայի պարտադիր մաս պետք է կազմեն տարբեր բուհեր, IT ընկերություններ, նախարարություններ, վարչություններ, ինչպես նաև խոշոր համայնքներ, այդ թվում՝ գյուղական:

Սիրողական-ուսանողական լիգան կամ Երկրորդ խումբը կարող է ունենալ այնքան թիմեր, որ դրանք ենթարկվեն աշխարհագրական բաժանումների, օրինակ՝ 4 գոտիների՝ Հարավ, Հյուսիս, Արևելք, Արևմուտք: Այս լիգան պետք է լինի սիրողական, բայց դա չի նշանակում, թե այստեղ խաղացող լավագույն ֆուտբոլիստները չեն կարող չվարձատրվել: Ակնհայտ է, սակայն, որ այդ լիգայի թիմերի տարեկան ծախսերը փոքր կլինեն՝ մինչև մի քանի միլիոն դրամ:

Ի՞նչ պետք է տա ուսանողական-սիրողական լիգան կամ Երկրորդ խումբը հայկական ֆուտբոլին:

Առաջին. ֆուտբոլը իրավամբ կդառնա մասսայական և կնպաստի նաև երկրում տիրող սոցիալ-հոգեբանական իրավիճակի բարելավմանը:

Երկրորդ. այս լիգան հայկական ֆուտբոլին կտա նոր, երիտասարդ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ:

Երրորդ. ուսանողությունը կներգրավվի հայկական ֆուտբոլում: Ուսանողությունը ամեն մի երկրի շարժիչ ուժն է, այն շարժիչ ուժ է նաև սպորտի, առաջին հերթին՝ ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի համար:

Ես համոզված եմ, որ միայն ուսանողական-սիրողական լիգայի կամ Երկրորդ խմբի ստեղծումով է հնարավոր հայկական ֆուտբոլը բերել նոր որակի ու մակարդակի, հասցնել Հայաստանի բոլոր անկյուններ:

Արդեն 2020-2021 թթ առաջնությունում հնարավոր է ունենալ ուսանողական-սիրողական՝ Երկրորդ լիգան: Դա նշանակում է, որ այսօրվանից կարող են ձևավորվել թիմեր: Եթե ձևավորում ենք այդ լիգան, ապա յուրաքանաչյուր նորաստեղծ թիմ այլևս չի կարող միանգամից խաղալ Առաջին խմբում, ինչպես այսօր է: Այսպիսով, ճանապարհը դեպի Բարձրագույն խումբ պետք է սկսվի Երկրորդ խմբից: Բացի այդ, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությանը պետք է թույլ տալ մասնակցել բոլոր ցանկացող թիմերին, եթե այդ թիմերի թիվը հասնի 50-ի կամ անգամ 100-ի: Այդպես է, օրինակ, Անգլիայում և ֆուտբոլային այլ երկրներում:

Վերջում, Տավուշի մարզի Կողբ գյուղի օրինակով ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է գյուղական թիմը մի քանի տարում կարողանում խաղալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Սա լավագույն օրինակն է, թե ինչպես է սիրողականը դառնում պրոֆեսիոնալ, թե ինչպես է ֆուտբոլը զարգանում ներքևից վերև:

Խորհրդային Միությունում ֆուտբոլն ուներ այսպիսի աստիճանակարգ՝ Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Երկրորդ խումբ (որտեղ կար աշխարհագրական 9 գոտի): Երևանի «Արարատը» խաղում էր Բարձագույն, Աբովյանի «Կոտայքը»՝ Առաջին խմբում: Երկրորդ խմբի 9-րդ գոտում անդրկովկասյան հանրապետությունների հետ խաղում էին Լենինականի «Շիրակն» ու Կիրովականի «Լոռին»:

Խորհրդային տարիներին հանրապետություններն ունեին իրենց առաջնությունները և գավաթի խաղարկությունները: Խորհրդային Հայաստանում անց էին կացվում հանրապետական և շրջանային առաջնություններ: 1980-1988 թվականներին Կողբ գյուղի թիմը հաղթում էր Նոյեմբերյանի շրջանի առաջնությունում: 1987-ին Կողբը հասավ Խորհրդային Հայաստանի գավաթի եզրափակիչ: Երկու տարի անց Կողբը Խորհրդային Հայաստանի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը: Պատկերացնում ե՞ք այսօր որևէ գյուղական թիմ խաղա Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն կամ Առաջին խմբում:

Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և հանրապետությունները անկախացան, Կողբի թիմի հիմքի վրա ձևավորվեց «Պահածոյագործը», ապա՝ «Ազնավուրը»: Այս թիմը 1992-1997 թթ. խաղաց Հայաստանի Առաջին և Բարձրագույն խմբում:

Թաթուլ Հակոբյան

1 սեպտեմբերի, 2019թ