Աչաջուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

9349

Արդեն 200 տարի Աչաջուր գյուղը Հայաստանի խոշորագույն բնակավայրերից է: Գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 889 բնակիչ, բոլորն էլ հայ:

Աչաջուր1

Աչաջուրը Տավուշի մարզում է՝ Աղստև գետի հովտում։ Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, սակայն հաշվի առնելով, որ Աչաջրի շրջակայքում կան մի շարք պատմամշակութային կառույցներ, պետք է կարծել, որ տարածքում բնակչություն եղել է դարեր շարունակ:

Դրանցից ամենահայտնին Մակարավանքն է, որի մասին հիշատակություն կա Կիրակոս Գանձակեցի պատմիչի մատյանում: 13-րդ դարի ճարտարապետական այս հրաշքը գտնվում է անտառապատ Պայտաթափ լեռան լանջին:

97_big

Աչաջուր գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 889 հոգի

1873 թվական – 1.405 հոգի

1886 թվական – 1.845 հոգի

1908 թվական – 2.739 հոգի

1914 թվական – 2.810 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 2.043 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 2.888 հոգի

1922 թվական – 2.056 հոգի

1931 թվական – 2.627 հոգի

makaravank

Աչաջուրը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Աչաջուրը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

8

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին Աչաջուրը եղել է Իջևանի շրջանի կազմում:

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/