«Կովկասյան օրացույց»-ում («Кавказский Календарь») (1894 թվական) նշվում է Նյուվադի գյուղը՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի հատված, որի բնակչությունը՝ 1083 հոգի, թաթեր են:
Նյուվադի գյուղը 1928 թվականին է միացվել Խորհրդային Հայաստանին, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Խորհրդային տարիներին Հայաստանում չեն եղել թաթերենով դպրոցներ: Իրանախոս թաթերը, ինչպես և քրդերը, հաճախել են ադրբեջանական դպրոցներ:
Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Նյուվադին է եղել վերջին ադրբեջանական գյուղը, որտեղից հեռացել են նրա բնակիչները: Դա տեղի է ունեցել 1991-ի ամռանը: Այդ գյուղը պաշտպանում էին խորհրդային զորքերը:
Իրականում, Նյուվադիի մուսուլման բնակիչները եղել են թաթեր, որոնք տասնամյակների ընթացքում, ինչպես հազարավոր թաթեր Խորհրդային Ադրբեջանում, դարձել են ադրբեջանցի:
1831-ից 1931 թվականների մարդահամարների և հաշվառումների ժամանակ թաթերը տարբեր կերպ են արձանագրվել՝ իսլամ, թաթար, թրքո-թաթար, թուրքական խումբ:
Նյուվադին, այսօր Նռնաձոր, գտնվում է Հայաստանի ամենահարավում՝ Արաքս գետի ափին:
Նյուվադի/Նռնաձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 291 հոգի, բոլորը՝ իսլամ
1873 թվական – 705 հոգի, բոլորը՝ թաթար
1886 թվական – 1083 հոգի, բոլորը՝ այլ,
1897 թվական – 952 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ
1904 թվական – 771 հոգի
1914 թվական – 1072 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1922 թվական – 662 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար
1926 թվական – 494 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 480-ը՝ թուրք, 14-ը՝ այլ
1931 թվական – 596 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:
Խորհրդային մարդահամար տվյալներով գյուղն ունեցել է՝
1939 թվական – 618 հոգի,
1970 թվական – 1277 հոգի,
1979 թվական – 1539 հոգի,
1989 թվական – 1344 հոգի:
Այսօր Նռնաձորում բնակիչները հայեր են, որոնք այստեղ են տեղափոխվել Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերից 1991 թվականի երկրորդ կեսից հետո:
Լուսանկարում՝ Նռնաձոր տանող հին ճանապարհը
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝