Էնվերի և Թալեաթի առաջարկը Հայաստանի ղեկավարներին. 1918 թ ամառ և աշուն

2467

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական Հանրապետության խաղարարար պատգամավորության նիստերի արձանագրություններ

25 հունիս-18 հոկտեմբեր, 1918թ, Կ․ Պոլիս

Նիստ 18

Սեպտեմբերի 1-ի առավոտյան, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան և առաջին քարտուղարը:

Խոսակցության գլխավոր նյութն էր մեր անելիքը ռուս-գերմանական վերջին լրացուցիչ համաձայնության առթիվ, որով Գերմանիան և Ռուսաստանը ճանաչում են Վրաստանի անկախությունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի անկախությունը՝ ոչ:

Մտքերի փոխանակությունից հետո որոշվում է բոլոր հնարավոր միջոցների դիմել մեր խնդիրը պարզելու և մեր անկախությունը ճանաչել տալու համար: Այդ հարցը որոշվում է կտրուկ դնել հենց այսօրվա տեսակցության ժամանակ Նեսսիմի բեյի հետ, որը նշանակված է ժամը 2-ին:

Նեսսիմի բեյի հետ կայանալիք տեսակցության առթիվ Պապաջանյանը դրեց հետևյալ հարցը. օգոստոսի 20-ի տեսակցության ժամանակ Էնվեր փաշան մեզ դրեց մի հարց, որը իր կարծիքով վերջնագրի բնույթ ուներ, այն է՝ ընդունում ենք արդյոք մենք entente կամ դաշն կամ confederation թուրքերի հետ, թե՝ ոչ: Այդ հացին մենք պետք է այժմ որոշ պատասխան տանք: Մենք պետք է ասենք, որ 1. մենք ընդունում ենք սկզբունքով entente թուրքերի հետ, 2. մեր մասնակցությունը entente-ի մեջ չի կարող լինել ագրեսիվ, այդ իրենք՝ թուրքերն էլ ընդունում են, այլ միայն պաշտպանելու համար մեր չեզոքությունը, Թուրքիային նպաստավոր չեզոքություն:

Ահարոնյանն էլ ընդունում է վերջին տեսակետը, այն է՝ մեր բարեմիտ չեզոքությունը Թուրքիայի նկատմամբ, պայմանով, որ Թուրքիան հանձն է առնում ապահովել դաշնակիցների միջոցով, որ Ռուսաստանը չի առարկի մեր անկախության դեմ: Որոշվում է այսօրվա տեսակցության միջոցին Նեսսիմի բեյի հետ խոսք բաց անել այդ entente-ի խնդրի մասին:

Հետո Պապաջանյանի առաջարկությամբ ընդունվում է , որ մենք այսօր հարց դնենք , որպեսզի Բեռլինի առաջիկա խորհրդակցությունների ընթացքում այն նիստերում, երբ զբաղվելու են մեր հարցով, հրավիրվի ներկա լինելու մեր ներկայացուցիչը:

Նիստ 19

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամը 9.30-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան և առաջին քարտուղարը:

Ժողովը զբաղվեց այն խնդիրներով, որ պետք է դնել Թալեաթ փաշայի հետ լինելիք տեսակցության ժամանակ, որը նշանակված է վաղը ժամը 11-ին, ինչպես նաև այն խնդիրներով, որ պիտի դնել գերմանական դեսպանի հետ ունենալիք տեսակցության միջոցին:

Գլխավոր խնդիրը վերաբերում է Հայաստանի անկախությանը, որ պիտի աշխատել Բեռլինում հաջողեցնել: Այդ առիթով որոշվեց հայտնել Թալեաթին, որ մենք պատրաստվենք գալ Բեռլին և պաշտպանել մեր խնդիրը:

Միևնույն ժամանակ, որոշվեց պարզ դնել entente-ի խնդիրը և ասել, որ մենք պատրաստ ենք զբաղվել դրանով: Թող նրանք պատրաստեն իրենց առաջարկը  մշակված ձևով և մեզ ներկայացնեն:

Նիստ 20

Սեպտեմբերի 10-ի երեկոյան ժամը 10-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ. Խատիսյանը և գործերի կառավարիչը:

Խորհրդակցության նյութն է այն հարցը, թե ինչ քայլեր պիտի անենք այն առթիվ, որ վերջին ռուս-գերմանական լրացուցիչ համաձայնությամբ ընդունվում է Վրաստանի անկախությունը, իսկ Հայաստանինը և Ադրբեջանինը՝ ոչ: Հայտնվեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը այդ առթիվ ներկայացրել է բողոք թե Թուրքիայի կառավարությանը և թե մյուս դաշնակից պետություններին:

Մտքերի փոխանակությունից հետո որոշվեց, որ մենք վաղն իսկ Նեսսիմ բեյին փոխանցենք մեր գրավոր բողոքը այդ մասին: Որոշվեց գրավոր բողոքներ ներկայացնել գերմանական, ավստրո-հունգարական և բուլղարական դեսպաններին:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 32-99։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 241-243: