Վրացյան. Պատմության դառը հեգնանքով` Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչեցին թուրքերը

3113

Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:

Այսպես, 1918թ. կեսին հայ ժողովրդի բեկորներին թողնվել էր բզկտված հողի մի փոքր պատառ, որն անվանվեց հանրապետություն: Բայց որքան էլ Հայաստանի Հանրապետությունը 1918-ի մայիսին խղճալի պետություն էր, նրա գոյության փաստն ինքնին զարմանահրաշ նվաճում էր: Դա ոչ թե հանրապետություն էր, այլ անբարեբեր ու մեկուսացված, ժայռերով ու լեռներով, որբերով ու փախստականներով, տառապանքներով ու թշվառությամբ լեցուն հողակտոր:

Երկիրն անօրինակ ծանր վիճակ էր ապրում: Փոքրիկ Հայաստանը լեփ լեցուն էր գաղթական բազմություններով, իսկ եղած միջոցները բավական չէին` բավարարելու տեղացիների կենսական պահանջները: Առանց չափազազանցության կարելի է ասել, որ համատարած սովն էր իշխում նորաստեղծ պետության մեջ: (Երևանի) փողոցներում, շուկայում, այգիներում մարդիկ գալարվում էին քաղցից, օրն ի բուն լսվում էին հառաչանքներ, տնքոց-նվոցներ: Աղբանոցներում կմախքացած երեխաներ ուտելու բան էին փնտրում` թաթիկներով կեղտերը փորելով: Համաձայն ականատեսի վկայության` ՙանցնում էիր փողոցով` գործի գնալու ժամանակ և տեսնում էիր, որ մայթի վրա` պատի տակ կուչ եկած, ցնցոտիներով ծածկված կին ու երեխա ցրտից սրթսրթում էին ու նվում. ձեռք չէին պարզում, ոչինչ չէին ուզում, աչքերիդ առաջ մաս-մաս մեռնում էին սովից՚:

Հանրապետության անշուք ծննդին նախորդել էին համաշխարհային քառամյա ավերիչ պատերազմը, 1915-1917 թթ.   արևմտահայության ոչնչացումը, 1917թ. ռուսական փետրվարյան հեղափոխության ներշնչած պատրանքային հույսերը, Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Ժողկոմխորհ) աղետաբեր քաղաքականությունը 1918թ. Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի, Օսմանյան Թուրքիայի և նրանց դաշնակիցների հետ վարված խաղաղության բանակցություններում, թուրքական համաժամանակյա անողոք ներխուժումը, Անդրկովկասի մասնատումը և, վերջապես, հայ ղեկավարների խելահեղ ճիգերը` փրկելու ազգը հավանական ոչնչացումից:

Անդրկովկասյան Սեյմը Թիֆլիսում մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետությունը լուծարելու վրացի մենշևիկների  առաջարկությունը: Նույն օրը երեկոյան վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը: Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմեդական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ադրբեջանի անկախությունը, մի հանրապետություն, որը պետք է ներառեր ՙՀարավային և Արևելյան Անդրկովկասը՚: Ակտը պաշտոնապես հռչակվեց հաջորդ օրը, և անդրկովկասյան թաթարների կառավարող մարմինը Գյանջան ընտրեց ժամանակավոր մայրաքաղաք, քանի որ Բաքուն դեռևս մնում էր հայկական և բոլշևիկյան ուժերի համատեղ տիրապետության տակ:

Հայոց Ազգային խորհրդի նիստում վիճաբանություն էր գնում, դաշնակցական անդամները բաժանված էին երկու խմբի. մի մասը դեմ էր Հայաստանի անկախության հռչակմանը: ՙԿողմ էին Սիմոն Վրացյանը, դեմ` Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Արտաշես Բաբալյանը: Վերջիններին միացան սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները` Ստեփան Մամիկոնյանը, Տիգրան Բեկզադյանը: Թի‎ֆ‎լիսի դաշնակցական ղեկավար ընկերները Խաչատուր Կարճիկյանի գլխավորությամբ, կողմ էին անկախության: Բյուրոն բաժանված էր երկու մասի՚:

Անկախության հռչակմանը դեմ սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները մտահոգված էին, որ Հայաստանի մեծ մասը թուրքերը գրավել են, և Ռուսաստանից անջատվելը լուրջ մտահոգություններ էր պատճառում: Բացի այդ, անկախություն հռչակելու և Ռուսաստանից անջատվելու պահանջը հենց թուրքերն էին դնում:

Երկար վեճերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ, մայիսի 30-ին արվեց պաշտոնական հայտարարություն, որի մեջ բացակայում էին ՙանկախություն՚ և ՙհանրապետություն՚ բառերը. ՙՀայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար՚:

Ականատես և մասնակից Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, ՙորովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ՚: ՙ1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և Երևանը, և ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով, պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը՚,- գրում է Վրացյանը:

1918թ. օգոստոսի 1-ին Հայաստանի Խորհրդի (խորհրդարան) պաշտոնական բացման օրը նրա նախագահ Ավետիք Սահակյանը հիշեցրեց, որ ՙԱնդրկովկասի փլուզումից հետո մեր երկիրը թողնված էր բախտին, ուստի Հայոց ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր գործառույթները՚: ՙՀենց այդ ժամանակ էր (մայիսի վերջ-հունիսի սկիզբ), որ ստացվեց Օսմանյան կայսրության բոլորին հայտնի վերջնագիրը (որը) պահանջում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Պատվիրակություն ուղարկվեց Բաթում` հանձինս (Հովհաննես)  Քաջազնունու, (Միքայել) Պապաջանյանի և (Ալեքսանդր) Խատիսյանի: Մեր պատվիրակությունը ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը` իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին: Այո’, մեր հանրապետությունը փոքր է և նեղ իր սահմաններով: Մեր երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի (Թուրքիայի) և նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ՚:

ՀՅԴ առաջնորդներից Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով` ՙթեև 1918թ. Երևանյան Հանրապետությունը անկախ էր, թեև 1919-ից Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն էր առաջադրված, բայց փաստորեն ռուսահայ ժողովրդի մի խոշոր մասի համար դրանք անհասկանալի և անբովանդակ խոսքեր էին միայն, անգամ պետական հիմնարկությունների ու շատ պատասխանատու անձանց համար ձեռք բերված անկախությունը համարվում էր ժամանակավոր մի երևույթ, Հայաստան երկիրը համարվում էր ռուսական մի հողամաս, հայ զորքը նույնիսկ ռուսական զորքի մի մասը՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից