Արցախի հարցի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշման մասին. Բադամյանցի գրությունը Հարությունյանին, 1988թ

5887

“Հույժ գաղտնի. անձնապես” կնիքը կրող և ռուսերենով գրված այս զեկուցագիրը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին ուղարկել է Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար (1988-1991թթ.) Վալերի Բադամյանցը 1988-ի հոկտեմբերի 28-ին: Այն տեղ է գտել Գևորգ Յազըճյանի` վերջերս կազմած և հրապարակած “Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ”(1945-1991, ընտրանի) հատորում (Երևան, հեղինակային հրատարակություն, 2016), էջ 90-92:

Բադամյանցը, մասնավորապես, գրում է.

Ձեզ հետ համաձայնեցված և ԽՍՀՄ ՊԱԿ-ի թույլտվությամբ 1988-ի սեպտեմբերին հանրապետության տարածքում մենք աշխատանք կատարեցինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի և Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանի հետ:

ՀՅԴ առաջնորդները հանրապետության ՊԱԿ-ի նախագահին հավաստիացրին, որ կուսակցությունը զորակցում է ԼՂԻՄ հարցի լուծման համար ԽՍՀՄ ղեկավարության և Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գործնական քայլերին:

ՀՅԴ առաջնորդները հավաստիացրին, որ ջանքեր կգործադրեն “հայկական ներքին հողերի” հարցում Սփյուռքը հեռու պահել հակախորհրդային բնույթի գործողություններից: Նրանք ընդգծեցին, որ միջոցներ պետք է առնեն ԽՍՀՄ-ից արտաքսված Պարույր Հայրիկյանի հակախորհրդային գործունեությունը սահմանափակելու համար, ինչպես նաև՝ ազդեցություն գործադրվի Ազատություն ռադիոկայանի հայկական խմբագրության աշխատակիցների վրա՝ Խորհրդային Հայաստանի դեմ գաղափարական սուր գործողություններից հրաժարվելու ուղղությամբ:

Վերջին ժամանակներում մեզ հասնող տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ առաջնորդները տեր են կանգնել իրենց հավաստիացումներին: 1988-ի դեկտեմբերին Վենետիկում ՀՅԴ նախաձեռնությամբ կկայանա խորհրդաժողով՝ նվիրված Սփյուռքի հարցերին: Խորհրդաժողովի օրակարգի հիմնական կետը Լեռնային Ղարաբաղի հարցի պիտի լինի: Վենետիկի քաղաքապետն առաջարկել է ԼՂԻՄ-ից պատվիրակություն հրավիրել, սակայն ՀՅԴ ղեկավարությունը չի պաշտպանել այդ առաջարկությունը:

ՀՅԴ ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ամփոփվում է հետևյալ կետերում.

– ՀՅԴ ղեկավարությունը զորակցում է ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու պահանջին, սակայն այդ հարցը դիտում է ԽՍՀՄ ներքին հարց,

– ՀՅԴ ղեկավարությունը դատապարտում է Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս բերելու կոչերը՝ Հայկական ԽՍՀ-ն դիտարկելով իբրև հայկական պետական կազմավորման միակ առկա իրական ձևը,

– ՀՅԴ ղեկավարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մոտեցումներում ծայրահեղականության ամեն ձև և գտնում է, որ ԽՍՀՄ-ում Վերակառուցման հաղթանակը հարցի քաղաքական լուծման նոր հեռանկարներ է բացում:

Թարգմանություն ռուսերենից, ՀԱԱ, ֆ.1, ց. 87, գ. 16, թ. 160-162: Պատճեն: Մեքենագիր: