Քանաքեռ. Երևանի խանության շրջանում Քառասուն Աղբյուր մահալի կենտրոնը

4754

Քանաքեռը, որ այսօր Երևանի մաս է կազմում, շուրջ երկու հարյուր տարի առաջ Երևանի խանության (Պարսկաստանի տիրապետության շրջանում վարչական միավոր) Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի կենտրոնն էր 477 բնակչությամբ: Այս 477-ից մահմեդական էր միայն 15 հոգին, իսկ մյուսները՝ 462 հոգին, հայեր էին, որոնցից 386-ը բնիկներ էին, իսկ 41 և 35 հոգին եկել էին համապատասխանաբար Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից 1826-28 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմների տարիներին: Այսպիսի տվյալներ է թողել ռուս պատմաբան Իվան Շոպենն իր «Камеральное описание Армянской области» աշխատության մեջ, որը նա գրել է երեք տարի՝ 1829-1832 թթ., Երևանում և շրջակայքում անցկացնելուց և ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Քառասուն Աղբյուրը, որ Պարսից տիրապետության օրոք անվանվել է Քըրխ բուլաղ, եղել է Երևանի խանության 15 մահալներից՝ շրջաններից մեկը: Այս մահալը համապատասխանում է այսօրվա Երևանի և Կոտայքի մարզի մի մասին: Մահալում եղել է 22 բնակավայր, որոնցից ամենամեծը Քանաքեռն էր:

Առինջ գյուղում, որը մաքուր հայկական էր, 1832-ին բնակչության թիվը եղել է 243 հոգի, որոնցից 192-ը տեղացիներ էին, իսկ 47 հոգի եկել էին Պարսկաստանից, 4 հոգի կամ մեկ ընտանիք՝ Արևմտյան Հայաստանից: Մաքուր հայկական Իլլար գյուղը, որի տեղում այսօրվա Աբովյան քաղաքն է՝ Հայաստանում մեծությամբ հինգերորդ բնակավայրը, ուներ 158 բնակիչ, որոնցից 88-ը՝ բնիկներ, իսկ 70-ը Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից եկածներ:

Ողջ մահալի տարածքում ընդհանուր բնակչության թիվը եղել է 3.053, որից մահմեդականների՝ պարսիկների, քրդերի, թուրքերի և թուրքալեզու ցեղերի թիվը կազմել է 383 հոգի, մինչդեռ հայերի թիվը՝ 2.670, որից 1.396-ը՝ տեղացիներ, 1.043-ը Պարսկաստանից, իսկ 231-ը Արևմտյան Հայաստանից եկածներ:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, 1832 թվականին Երևանի նախկին խանության ողջ տարածքում, որը արդեն կոչվում էր Հայկական մարզ (նրան էր կցվել նաև Նախիջևանի նախկին խանությունը և Գողթնից մի հատված), բնակչության ընդհանուր թիվը 115.106 էր, որից տեղացի հայերը`19.878, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից` Օսմանյան կայսրությունից 1827-1829թթ. տեղափոխված հայերը` 45.207, մահմեդականները` 49.872:

Այսպիսով, 1832-ին նախկին Երևանի խանության տարածքում հայերի թիվը 65.085 էր, մահմեդականների թիվը` 49.872:

Երբ խոսք է գնում Պարսկաստանից տեղափոխվածների մասին, ապա պետք է իմանալ, որ նրանց նախնիները բռնագաղթի հետևանքով Արարատյան աշխարհից Պարսկաստան էին քշվել հիմնականում Շահ Աբասի  տիրապետության տարիներին:

Նկարում՝ Քանաքեռի ռուսական ուղղափառ Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1913-1916 թթ.