Հայ-թուրք/թաթարական կռիվները և Բաքվի ջարդերը. 1918 թվականի գարուն և աշուն

3344

Թիֆլիսում 1918թ. մայիսի 27-ին անկախություն հռչակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը տեղափոխվել էր Գյանջա, քանի որ Բաքվում դեռևս իշխանության էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի Բաքվի սովետը (խորհուրդ):

Բաքվում 1918թ. ապրիլին Շահումյանի նախագահությամբ ձևավորվել էր բոլշևիկյան կառավարություն, որը չէր ճանաչել Սեյմի իշխանությունը և բողոքել Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու դեմ: Բաքվի սովետն իր տրամադրության տակ ուներ գվարդիա` կազմված տարբեր ազգությունների բանվորներից ու զինվորներից: Նրանց միացան Կասպիցի նավաստիները: Բաքվի սովետի 4000 զինվորների կողքին մարտի դաշտ կարող էին դուրս բերվել Բաքվի Հայոց ազգային խորհրդի շուրջ 6000 մարտիկները, հիմնականում հայ զինվորներ, որոնք 1917թ. փետրվարյան հեղափոխությունից վերադարձել էին ռուս-գերմանա-ավստրիական ճակատից:

1918թ. փետրվարին Բաքվի նահանգի մի շարք վայրերում բռնկվեցին հայ-թաթարական բախումներ, իսկ մարտին` վերածվեցին արյունահեղության: Մարտյան դեպքերին հակասական գնահատականներ են տրվել: Ո՞վ առաջինը կրակեց. այս հարցի պատասխանը ևս միանշանակ չէ: Մարտի վերջերին ցարական բանակին մաս կազմած և Չեչնիայի, Դաղստանի ու Անդրկասպյան թուրքական ցեղերի կամավորներով համալրված ՙՎայրենի դիվիզիայի՚ մոտ հինգ տասնյակ սպաներ Լենքորանից նավով հասան Բաքու` մասնակցելու հայտնի նավթարդյունաբերող և մեծահարուստ Զեյն ալ-Աբդին Թաղիևի որդու` Մամեդի թաղմանը: Վերջինս ՙՎայրենի դիվիզիայի՚ մարտիկներից էր և սպանվել էր ռուս-հայկական ուժերի դեմ Լենքորանում տեղի ունեցած բախումներից: Տեղ հասնելուն պես դիվիզիայի որոշ սպաների, այդ թվում հրամանատար, գեներալ Թալիշինսկուն, ձերբակալում են Բաքվի սովետի ուժերը: Մահմեդական բնակչության շրջանում հնչում են զինված դիմադրություն ցույց տալու կոչեր: Մուսավաթ կուսակցությունը ևս ընդվզեց Բաքվի սովետի դեմ:

Թե ինչու էին Բաքվի սովետի ուժերը զինաթափել ՙՎայրենի դիվիզիայի՚ սպաներին և արդյո՞ք վերջիններս հուղարկավորության առիթից օգտվելով նպատակ ունեին ապստամբել Շահումյանի իշխանության դեմ, մնում է  հակասական: Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է, որ Բաքվի մահմեդական բնակչությանը խիստ վրդովեցրել է դիվիզիայի զինաթափման դեպքը, և նրանք սպառնացել էին գրոհել Սովետի դեմ: Մահմեդականները պահանջել էին զենքերը վերադարձնել տերերին և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են ստորացման համար: Մարտի 30-ի մայրամուտին` լարված ժամերից հետո, Շահումյանի գիտությամբ, երբ որոշվել էր զենքերը հետ տալ, քաղաքի մահմեդական հատվածից լսվեցին փոխադարձ կրակահերթերի ձայներ: Շատ հայ զինվորներ շտապեցին միանալ բոլշևիկյան ուժերին` թաթարների դեմ:

Ապրիլի 1-ին բախումները հասան նաև հայկական թաղամաս: Հայկական ջոկատները, որոնք պահպանել էին չեզոքություն, միացան բոլշևիկյան ուժերին: Մուսավաթն ընդունեց Շահումյանի վերջնագիրը, բայց ևս մեկ օր պահանջվեց, որպեսզի կռիվները հանդարտվեն: Ժողկոմխորհին ապրիլի 13-ին Բաքվից ուղարկած նամակում Շահումյանը գրում է. ՙԲաքվում երեք օր շարունակ կատաղի մարտեր էին գնում: Կռվում էին մի կողմից` խորհրդային կարմիր գվարդիան, կարմիր ինտերնացիոնալ բանակը, մեր կողմից կազմակերպված կարմիր նավատորմի հետ միասին և հայկական ազգային զորամասերը, մյուս կողմից` մուսուլմանական ՙՎայրենի դիվիզիան՚, որի կազմում քիչ չեն ռուս սպաները, և ՙՄուսավաթի՚ զինված մուսուլմանների բանդաները: Երկու կողմից մարտերին մասնակցել են ավելի քան 20 հազար մարդ: Արդյունքները մեզ համար փայլուն են: Թշնամու ջախջախումը լիակատար էր: Երկու կողմերից սպանվածների թիվը երեք հազարից ավելի է՚:

Ադրբեջանական աղբյուրները սպանվածների թիվը հասցնում են ավելի քան 12 հազարի: Հենց այդ թիվն է ներկայացրել 1919 թ. Փարիզ մեկնած ադրբեջանական պատվիրակությունը, որը մասնակցում էր Առաջին աշխարհամարտի ավարտից հետո գումարված Խաղաղության վեհաժողովին: Մուսավաթական առաջնորդները սպանությունների համար մեղադրեցին բոլշևիկ-դաշնակցական ուժերին:

Շահումյանը եռօրյա մարտերին տալիս է ՙքաղաքացիական կռիվ՚ որակումը. ՙԹուրքիայի պրոտեկտորատի կողմնակից բեկերը, խաներն ու աղալարները շտապեցին ջախջախել Բաքվի սովետը: Մենք անգամ ստիպված էինք դիմել հայկական գնդի օգնությանը: Հաղթությունն այնքան էր խոշոր, որ այդ հանգամանքը քիչ է մթապատում իրականությունը: Ազգային գունավորումը, որն անխուսափելիորեն ստացավ քաղաքացիական կռիվը, և այն հանգամանքը, որ Կարմիր բանակի կողքին շարունակում էին գոյություն ունենալ ազգային գնդերը, հարկադրեցին մեզ որոշ պայքար մղել դրանց դեմ: Ճիշտ է, մենք ստիպված էինք դրանց օգտագործել, քանի որ նրանք հանդես եկան որպես մեր դաշնակիցներ, բայց նրանք պայքարի մեջ մտցրին ազգային տարր, և ահա, հանուն ինտերնացիոնալիզմի հաղթանակի, չպետք է հնարավորություն տալ ամրանալու ազգային խորհուրդներին և գնդերին՚: Շահումյանը միաժամանակ գրում է, որ թաթար մուսավաթականների դեմ Բաքվի հաղթանակից հետո սովետը վերջնականապես ամրացավ ոչ միայն քաղաքում, այլև նահանգում. ՙՆավթն այժմ արդեն մեր տնօրինության տակ է՚:

1918թ. մայիսի 23-ին Շահումյանը Լենինին հեռագրում և զգուշացնում է թուրքական զորքերի դեպի Բաքու արշավանքի վտանգի մասին: Մայիսի վերջերին Սարդարապատում և Բաշ-Ապարանում պարտություն կրելուց և մի քանի հազար զինվոր կորցնելուց հետո` հունիսի կեսերին թուրքերը կենտրոնացան Գյանջայում: Էնվերի եղբայր Նուրի փաշայի շուրջ 7000 հոգանոց զորքին Գյանջայում միացավ Մյուրսել բեյի դիվիզիան: Հունիսի կեսերից հետո թուրքերն ու թաթարները, ինչպես նաև ՙՎայրենի դիվիզիայի՚ մնացորդները ընդգրկվեցին ՙԻսլամի բանակի՚ կազմում, որը հաշվվում էր շուրջ 20 հազար և ուներ հզոր հրետանի: Նրանք պատրաստ էին արշավել դեպի Բաքու:

Թուրքերի ճնշման տակ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հունիսի 10-ին, այսինքն` Քաջազնունու կառավարության կազմավորումից առաջ, Բաքու էր գործուղել Մարտիրոս Հարությունյանին և Միքայել Արզումանյանին, որպեսզի հայերը չմասնակցեին թուրքական բանակի դեմ սպասվող մարտերում: Սակայն Բաքվում գտնվող հայերն անտեսում են Թի‎ֆ‎լիսից ստացված հորդորը և արդեն հունիսի 12-ին գրավում են Գյանջայից մոտ 150 կմ. դեպի արևելք գտնվող Քյուրդամիր կայարանը: Հունիսի վերջերին թուրքերն անցնում են հակագրոհի, առաջ շարժվում դեպի Բաքու. հայերը տալիս են ավելի քան 1500 զոհ և վիրավոր: Բաքվի սոցիալիստ հեղափոխական, մենշևիկ և դաշնակցական խմբավորումները, անտեսելով Շահումյանի դիմադրությունը, շտապ օգնություն են խնդրում բրիտանացիներից: Հուլիսի վերջերին Շահումյանի կառավարությունը կրկին օգնություն է խնդրում Լենինից, բայց վերջինս որևէ խոստում չի տալիս: Բաքվի սովետն ընկնում է:

Հուլիսի վերջերից թուրք-թաթարական զորքերի առավելությունը դարձավ ակնհայտ: Բաքվի Հայոց ազգային խորհուրդը թուրքերի արևելյան ճակատի պետ Մյուրսել բեյից ստացավ մի գրություն, որով առաջարկվում էր վերջ տալ կռվին և քաղաքը հանձնել: Հուլիսի վերջերին թուրքերն արդեն Բաքվի մերձակայքում էին:

Բաքու հրավիրված բրիտանացիների դեմ թշնամաբար տրամադրված բոլշևիկները փորձում են հեռանալ քաղաքից և փրկվել, սակայն ծովից նրանց հետ են տալիս: Բոլշևիկների փախուստից հետո ստեղծվեց նոր իշխանություն` Բաքվի դիկտատուրան` ՙԿենտրոնական Կասպիի կառավարությունը՚, որի մեջ մտան սոցիալիստ հեղափոխականներ Վելունցն ու Ումանսկին, դաշնակցականներ Առաքելյանն ու Մելիք-Յոլչյանը և երեք նավաստիներ Կասպիցի նավատորմիղից: Դիկտատուրայի առաջին գործը եղավ ռազմանավեր ուղարկել ու հետ բերել բոլշևիկներին ու նրանց տարած ավարը: Նավերը վերադարձվեցին, բոլշևիկները բանտարկվեցին: Օգոստոսի սկզբին թուրքերը կրկին անցան կատաղի հարձակման: Կռիվների ժամանակ սպանվածների մեջ էր և Սեբաստացի Մուրադը: Հայոց ազգային խորհուրդը ստացավ Մյուրսել բեյի երկրորդ, այս անգամ սպառնական նամակը` Բաքուն հանձնելու պահանջով: Օգոստոսի 5-ին, երբ թուրքերը  ետ քաշվեցին, Բաքու հասավ բրիտանական մոտ 1800-անոց զորքը: Թուրքերը պատրաստվում էին վճռական գործողությունների:

1918-ի աշնանը թաթարները վրեժխնդիր եղան մարտյան դեպքերի համար: Սեպտեմբերի 13-ի առավոտյան մոտ 3000 թուրքեր և տեղացի մահմեդականներ սկսեցին գրոհը: Սեպտեմբերի 15-ի առավոտյան Հայոց ազգային խորհրդի անդամները,  ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու ղեկավարները, զինվորներն ու բնակչության մի զգալի մասը նավերով հեռացան Բաքվից` ոմանք դեպի Պարսկաստան, ոմանք դեպի Պետրովսկ, ոմանք Կրասնովոդսկի կողմերը: Վրացյանի խոսքերով` ՙՎերջին նավ նստողն էր Բաքվի հերոսամարտի ոգին` Ռոստոմը, մռայլ, ընկճված ու հուսաբեկ: Իսկ քաղաքում այդ ժամանակ սկսվում է մեծ եղեռնը: Երեք օր շարունակ կատարվեց սպանություն, թալան, բռնաբարություն և աննկարագրելի գազանություն:

Համոզվելով, որ պարտությունն անխուսափելի է, սեպտեմբերի 15-ին բրիտանացիները ևս լքել էին դիրքերը և նավերով հեռացել Էնզելի: Հետո նրանք վերադառնալու էին գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, երբ դաշնակիցներն արդեն հաղթել էին Առաջին աշխարհամարտում: Երկու օր անց Խան Խոյսկու կառավարությունը Գյանջայից տեղափոխվեց Բաքու:

Քաղաքի շուրջ 70 հազար հայերի մի մասը փրկվեց: Սպանված հայերի թիվը առնվազն ինը հազար էր: Ֆիրուզ Կազեմզադեն, վկայակոչելով Հայոց ազգային խորհրդին, նշում է 8.988 թիվը, որից 5.248-ը` Բաքվի հայեր, 1.500-ը` հայ փախստականներ, որոնք Կովկասի տարբեր մասերից ապաստան էին գտել քաղաքում, ևս 2.240 հայերի ինքնությունը, որոնց դիակները գտնվեցին փողոցներից, չպարզվեց:

Իսկ Սերգեյ Մելիք-Յոլչյանը գրում է. ՙՏաճիկ հրամանատարության հետ միասին քաղաք մտավ Ադրբեջանի նոր կառավարությունը Խան Խոյսկու գլխավորությամբ: Մտավ քաղաք և Ադրբեջանի գրգռված ու գազազած տասնյակ հազարավոր թրքությունը, որը Բեյբութ աղա Ջևանշիրի կարգադրությամբ ու Խան Խոյսկու թույլտվությամբ սկսեց կողոպտել ու կոտորել անզեն հայերը: Ազատվեցին միայն նրանք, որ պատսպարվել էին հրեաների ու պարսիկների մոտ: Կոտորվեցին մոտ 17 հազար հոգի՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Փափուկ կազմ, 485 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
2012, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-365-2,