Վազգեն Ա կաթողիկոսը՝ Պոլսի Սկյուտարի Սուրբ Խաչ դպրեվանքում. հուլիս, 1961թ

1111

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՍԿՅՈՒՏԱՐԻ Ս. ԽԱՉ ԴՊՐԵՎԱՆՔՈՒՄ

Վարդավառի պատարագից հետո, Վեհափառ Հայրապետը բարեհաճում է պաշտոնական այցելություն տալ Ս. Խաչ դպրեվանքին, որը հանգուցյալ Պատրիարքի մեծագործություններից մեկը եղավ, միաժամանակ նրա սրտի ամենամոտ կրթական հաստատությունը, որի գոյության և նպատակի հետ շատ պայծառ հույսեր էր կապել Գարեգին Պատրիարքը:

Թեև սուգի մեջ է Դպրեվանքը և վշտահար են դասախոսական կազմն ու ուսանողությունը, սակայն Վեհափառ Հայրապետի ուրախառիթ, մխիթարական այս այցելությունը թեթևացնում է նրանց վիշտը և Ս. Խաչ դպրեվանքի կամարների տակ ստեղծվում է տոնական օրերի հատուկ զվարթ, հոգեշեն մթնոլորտ:

Վեհափառ Հայրապետի բարձր պատվին, Դպրեվանքի հանդիսությանց սրահում կազմակերպվում է ընդունելություն, որին մասնակցում են նաև Դպրեվանքի և նրա այլ հաստատությանց խնամկալության անդամները, Ս. Խաչ, Ս. Կարապետ և Գատըգյուղի եկեղեցիների թաղական խորհուրդների ներկայացուցիչներ, երգչախմբերի ղեկավարներ և այլ պաշտոնական հյուրեր:

Սեղանը օրհնում է Վեհափառ Հայրապետը: Դահլիճի խորքում, գեղեցիկ վարագույրի ֆոնի վրա, ուշադրություն գրավում խոշոր վերտառությունը՝ «ԲԱՐԻ՜ ԵԿԱՔ, ՎԵՀԱՓԱ՛Ռ ՏԵՐ», մինչ դահլիճի պատի վրայից հրճվանքով նայում են նկարները Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի և Գարեգին Պատրիարքի, վերջինս առնված սև քողի մեջ:

Դպրեվանքի տեսուչ հոգեշնորհ Տ. Շահան վարդապետ Սվաճյանը հետևյալ գեղեցիկ ուղերձով ողջունում է Վեհափառ Հայրապետի շնորհաբեր այցելությունը և հանգամանորեն ծանոթացնում դպրեվանքին.

«Հանուն Ս. Խաչ դպրեվանքի ուսուցչական կազմին և աշակերտության, սրտագինս կողջունեմ Ձերդ Վեհափառության շնորհաբեր գալուստը Ս. Խաչ դպրեվանք: Ձերդ Վեհափառության այս այցելությունը հրճվանքով կլցնեն մեր բոլորի սրտերը:

Ժողովուրդի այս սիրալիր առարկա հանդիսացավ Ձերդ Ս. Օծությունը, այս պահուս լավագույն և մխիթարական գրավականն է այն ճշմարտության, որ հայ ժողովուրդը, ուր որ ալ գտնվի, հոգևին կապված է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցիին և անոր միակ կեդրոն աստվածակերտ Ս. Էջմիածնին, որում արժանընտիր ու բազմաշնորհ Գահակալը մեր մեջ տեսնելու երանելի բախտավորությունը ունեցանք բոլորս:

Տակավին մեր ունեցած մեծ սուգի ազդեցության տակ ենք: Այս հաստատությունը կորսնցուց իր Հայրը: Ազգն ալ կորսնցուց անձնամոռաց ու հավատավոր եկեղեցական մը և տաղանդավոր միտք մը:

Բայց հաշտ ենք կյանքի այս սովորական դեպքին առջև: Մեր մխիթարությունը մեր հավատքն իսկ է, այն հավատքը, որ մահ չի ճանչնար և կյանքի և ստեղծագործության գլուխ-գործոցը եղող մարդուն ընդմիշտ կորսվիլը չընդունիր:

Ունինք նաև երկրորդ մխիթարություն մը. թե հանգուցյալ մեծանուն Պատրիարքը իր բարի և առաքինի կյանքով, նկարագրի մեծությամբ և անխոնջ աշխատասիրությամբ շատ հզոր կերպով տպավորված է մեզ, այժմ մեր մեջ կզգանք զորավոր ուղիին:

Վստահ եմ, թե իր անբիծ հոգին պիտի խայտա, եթե այս հաստատության զավակները հետևին այս հաստատության առաջադրած նպատակներուն:

Հանգուցյալը հաճախ կըսեր. «Նյութականի մասին մտահոգություն չունիմ»: Անոր մեծագույն մտահոգությունն էր, որ այս վարժարանը հասնի այն բարձրագույն մակարդակին, որ կարենա դիմագրավել իր ժողովուրդին հոգեկան և մտավոր պահանջները: Շատ կփափագեր, որ այս հաստատության զավակները, որպես ուսուցիչ և հոգևորական, ծառայեին իրենց պատկանած Ազգին:

Տակավին մեր աչքին առջև է անոր հայրական բարի ժպիտը և իր խորունկ գոհունակությունը հայտնաբերող քաղցր բառերը՝ երբ կլսեր աշակերտի մը դեպի այդ ուղղությամբ ունեցած փափագն ու հաջողությունը:

Վեհափա՛ռ Տեր, կորսնցուցինք զինք մարմնավորապես, բայց իր կամքը իր փափագները, իր նախասիրությունները երկար ժամանակե ի վեր մեզի ծանոթ ըլլալուն համար, առաջ Աստված՝ շփոթության մեջ պիտի չիյնանք ասկե վերջ, երբ առանձին մնանք: Մեր ուժերուն ներած չափով պիտի աշխատինք առաջ տանիլ Ս. Խաչ դպրեվանքը, ապրեցնելով ու անպակաս ընելով անոր մեջ Գարեգին կրթանվեր Պատրիարքը և անոր բարձրորեն ներշնչված ոգին:

Վեհափա՛ռ Տեր, իբրև տեսուչը այս դպրեվանքին, որ անարժանաբար հինգ տարիներե ի վեր կվարեմ, այն խորունկ համոզումը ունիմ, թե մեր ժողովուրդը և մեր եկեղեցականությունը շատ պետք ունի դպրոցի և դաստիրակության:

Անջրպետները արշավող և տիրեզերքի գաղտնիքներու լուծմունքը որոնող սա դարուն մեջ, մեր ժողովուրդը և հոգևորականությունը առավել չափով պետք ունին հոգեկան և բարոյական առողջ ու հաստատուն սկզբունքներու վրա հիմնված գիտության և դաստիրակության:

Ս. Խաչ դպրեվանքը իր կարելին պիտի ընե հաջողելու համար այս մարզերուն մեջ: Արդարև, որոշ դժվարություններ կան, բայց երբե՛ք ընկճվելու և հուսալքվելու վախը չունինք: Նպատակն ու արդյունքը շատ նվիրական և հուսադրիչ են: Կբավե, որ ունենանք այս հաստատությանց լուսահոգի հիմնադրին հավատքը, կամքը և աշխատանքը:

Վեհափա՛ռ Տեր, անցյալ տարի Ս. Խաչ դպրեվանքը ունեցավ 158 աշակերտներ: Ասոնցմե 130-ը եկած էին գավառներեն և մնացյալները՝ Ստամբուլեն:

Գավառներու մեջ հայ դպրոցներ չգտնվելուն պատճառով, հոնկե եկածները մեծ մասամբ հայերեն չեն գիտեր: Անոնք այս հաստատության մեջ տարիներու ընթացքին, մեր թուրք հայրենիքի լեզվին զուգընթաց, կսորվին նաև շատ հաջող կերպով իրենց մայրենի լեզուն:

Շնորհապարտ ենք մեր թուրք բարեխնամ կառավարության, որ ժողովրդավար սկզբունքներով և քաղաքակիրթ հասկացողությամբ, ո՛չ միայն կարտոնե հայ լեզվի ուսուցումը մեր դպրոցներուն մեջ, այլ կպարտադրե, որ լավ և վկայալ ուսուցիչներու ձեռքով ու անթերի կերպով ուսուցվի մեր լեզուն հայ աշակերտներուն:

Ս. Խաչ դպրեվանքի միջնակարգի և լիսեի դասարանները վեց հատ են: Նախակրթարանը ավարտող տղաքը կուգան և կմտնեն մեր Զ դասարանը և վեց տարիներու կանոնավոր ուսումե մը վերջ, շրջանավարտ կըլլան դպրեվանքի լիսեի բաժնեն:

Ս. Խաչ դպրեվանքի լիսեն Թուրքիո մեջ եղած հայ և օտար պետական լիսեներու հավասար է, և մեր շրջանավարտները նույն իրավունքները ունին, ինչ որ ունին պետական լիսեի ավարտականները:

Տեսչությանս շրջանին այս տարի երրորդ լիսեավարտներու խումբն է, որ վկայական կստանա, շատ փայլուն հաջողությամբ: Պետական և այլ վարժարաններեն եկած քննիչները ուրախությամբ նշեցին մեր տղոց բացառիկ հաջողությունները: Լուսահոգի Սրբազան Հայրը քննությանց շրջանին ամեն օր մանրամասն կհետաքրքրվեր տղոց քննություններով:

Հոս բառեր կպակսին բացատրելու Նորին Ամենապատվության ուրախությունը, երբ իրեն կհաղորդեի տղոց հաջողությունները:

Այս տարի 11 լիսերավարտ աշակերտները, որոնք կփափագին իրենց ուսումը շարունակել կրոնական և հայագիտական ուղիով, կմնան դպրեվանքի մեջ և կհետևին ընծայարանի դասընթացներուն:

Ընծայարանը ունի 2 դասարան 4 և 5 աշակերտներով: Այս տարի, եթե Տերը կամենա, պիտի ունենանք դասարան մը ևս:

Լուսահոգի Սրբազան Հայր ընծայարանի ուսանողներուն անպայման կուսակրոն եկեղեցական ըլլալու պարտադրանքին տակ չէր դրած, այլ կփափագեր, որ եթե ուզեն, անոնք կրնան ըլլալ զարգացած քահանաներ և ուսուցիչներ:

Տակավին ընծայարանի աշակերտները հոժարակամ եկեղեցական ըլլալու խոստումը չեն տված, բայց բոլորն ալ ուշիմ, աշխատասեր և ծառայասեր տղաք են, մեզի մեծ հույս կներշնչեն, թե անոնք պիտի իրագործեն Սրբազան Պատրիարք Հոր երազները:

Ունինք 24 հատ լավ և որակով հայ և օտար ուսուցիչներ, որոնք գործակիցներ են ինձի:

Վեհափա՛ռ Տեր, մեր անցյալ և նախանցյալ տարիներու շրջանավարտներեն մեկ մասը, որոնք չհետևեցան ընծայարանին, բոլորն ալ առանց բացառության կհետևին համալսարանական կրթության: Ուրախ եմ, որ Ս. Խաչ դպրեվանքը անոնց մեջ դրավ ուսանելու ճաշակն ու տենչը:

Հուզումով կլցվիմ, Վեհափա՛ռ Տեր, երբ կտեսնեմ մեր աշակերտները, որոնք այսօր պետական համալսարաններու մեջ աշխատության և հաջողության նույն թափով դեպի առաջ կսուրան: Ինչքա՜ն ուրախ պիտի ըլլանք, երբ քանի մը տարի վերջ, մեր գավառի այս պատանիները տեսնենք մեկ-մեկ բժիշկներ, փաստաբաններ, արվեստագտներ և գիտության մարդեր:

Ուրախ եմ ըսելու, թե երախտագիտության զգացումը միշտ վառ է անոնց մեջ, և ամեն առիթով իրենց անխառն երախտիքը կհայտնեն Ս. Խաչ դպրեվանքին և անոր երջանկահիշատակ ու հեռատես հիմնադրին:

Կրոնական կյանքին գալով, մեր աշակերտները առավոտ և երեկո  և ամեն կիրակի առանց բացառության կմասնակցին եկեղեցական արարողությանց: Անոնց նկարագրի և բարոյականի շինության գործին մեջ Եկեղեցին իր աղոթքներով, իր շարականներով, իր անցյալի փառքով մեծ դեր կխաղա անոնց մատղաշ մտքերուն մեջ: բոլորն ալ կսիրեն Եկեղեցին և սիրով կապված են անոր փրկարար նպատակին:

Այժմ արձակուրդի շրջան է. հանգուցյալ Պատրիարքի վախճանումեն առաջ տղոց մեծ մասը մեկնած էին իրենց գյուղերն ու քաղաքները, այնպես որ հոս մնացածներով պիտի ջանանք ներկայացնել Ս. Խաչ դպրեվանքի աշակերտությունը: Վստահ եմ, թե Ձերդ Վեհափառությունը ներողամիտ պիտի գտնվի եղած պակասներուն համար:

Բայց գավառ գացողներն ալ պարապ չեն նստած: Արձակուրդը կանցնեն ընթերցումներով և եկեղեցական ծառայությամբ, որոնց մասին հաճախ տեղեկություններ կուզեմ գավառի քահանաներեն, որոնք բոլորն ալ լավ կարտահայտվին տղոց մասին:

Վեհափա՛ռ  Տեր, Ձեր օրհնաբեր այցելությամբ, այս հաստատությունը անգամ մը ևս նվիրականացավ. Որքա՜ն ուրախ է անոր հոգին հիմա, երբ կտեսնե, թե Ազգիս Վեհափառ Հայրապետը եկած է իր հիմնական հաստատությանց մեջ և Իր հայրապետական օրհնությունները կուտա:

Ինչպես ծանոթ է բոլորիդ, հանգուցյալը կատարյալ Էջմիածնասեր մըն էր, բառին բովանդակ իմաստով: Ան ինչքա՜ն տպավորած է մեզ իր իմաստուն և քաղցրաշունչ քարոզներով, երբ մանավանդ կխոսեր Վեհիդ և Մայր Աթոռ լուսակերտ Ս. Էջմիածնի մասին:

Վեհափա՛ռ Տեր, մենք, իր հոգևոր զավակները, պիտի հետևինք իրենց քայլ առ քայլ, այն սերը, այն խորունկ հարգանքը, այն անքակտելի կապը, որ կար լուսահոգի Գարեգին մեծ Պատրիարքին մեջ, կա նաև մեր մեջ և այս պիտի շարունակվի հավերժորեն:

Թող անսասան մնան Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և անոր ճառագայթները եղող աշխարհի բոլոր հայ եկեղեցիները:

Երկա՜ր տարիներ Լուսավորչի արժանավոր հաջորդ Հայոց ամենասիրելի և երիտասարդ Հայրապետին: Աստված խաղաղության, համերաշխության և սիրո մեջ պահե հայ ժողովուրդը»:

Այնուհետև ուսանողները հանդես են գալիս երգերով, արտասանություններով, ուղերձներով, խորունկ գոհունակություն պատճառելով Վեհափառ Հայրապետին և բոլոր ներկաներին:

Ս. Խաչ դպրեվանքի խնամակալության անունից ողջույնի խոսք է ասում պր. Կարպիս Ղազարյանը:

Դպրեվանքի ուսանող Արսեն Ճանյանը, հանուն իր ընկերների, կարդում է հետևյալ գողտրիկ ձոնը՝ Վեհափառ Հայրապետին ուղղված.

ԲԱՐԻ՛ ԵԿԱՐ, ՎԵՀԱՓԱՌ

Գուրգուրո՛տ Հայր,

Բաղձալի Էջմիածնեն

Մեր ցավին համար եկար.

Հայ ցավին համար եկար:

Քու ձայնիդ մեջ,

Հոգելի՛ց Հայր,

Մեր մեծ ցավեն դարման կա:

Քու ձայնիդ մեջ

Մեր երգը կա,

Մեր տառապանքն ու լացը կա:

Քու տառապանքն ու լացը կա:

Վեհափա՛ռ Հայր,

Մեր հարազատ սիրտը կա:

Քու ձայնիդ մեջ,

Հնադարյան մեր Ազգին խոր կամքը կա:

Նայվածքիդ մեջ

Էջմիածինն ամբողջ կա:

Վերջում հանդես է գալիս Վեհափառ Հայրապետը ուսանողության ուղղված օրհնության և գոհունակության խոսքով, և ոգեկոչելով հիշատակը հանգուցյալ Պատրիարքի, հորդորում է ապրեցնել նրան իրենց սրտերում, կյանքում և գործերի մեջ:

Ընդունելությունը վերջանում է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ»-ով:

Դպրեվանքից վերադարձի ճանապարհի վրա, Վեհափառ Հայրապետը այցելում է Սկյուտարի հայոց գերեզմանատունը, ուր «Հոգւոց» է արտասանում Պետրոս Դուրյանի, Ռեթեոս Պերպերյանի և Հովհաննես Հինդլյանի շիրիմների վրա:

http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1961/1961(8).pdf