Խաչիկ Զաքարյան՝ մեր Շարժման առաջին զոհը. 5 հուլիս, 1988թ

7230

Ծանոթ. ԱՆԻ-ի. http://hambardzum.am/ կայքը անդրադարձել է Շարժման առաջին զոհի՝ Խաչիկ Զաքարյանի սպանությանը, որը տեղի է ունեցել 1988-ի հուլիսի 5-ին: Հրապարակման հեղինակը Լիզա Ճաղարյանն է: Այն կրում է «Խաչիկի ձեռքինը զենք չէր» խորագիրը:

Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Khachik 1

Աննախադեպ թաղում էր…

Համազգային Շարժումից ի վեր՝ Հայաստանն այնքան մահեր է տեսել՝ Սումգայիթի զոհեր, երկրաշարժի զոհեր, պատերազմի զոհեր, Հոկտեմբերի 27-ի զոհեր, Մարտի 1-ի զոհեր, որ մեկ զոհի մասին պատմելը, առավել ևս՝ տարակուսելը, որ մոռացել ենք նրան, շատերին կարող է տարօրինակ թվալ։ Եվ երևի թե պետք չէ զարմանալ ու անմիջապես մաշված ու քաջածանոթ հետևությունն անել. «Դե, ժողովուրդ չենք, էլի»։

Ժողովուրդ ենք, կարիք չկա ինքնադատափետումների գիրկն ընկնելու, բայց տարակուսելը տեղին է։ Այո, 22-ամյա Խաչիկ Զաքարյանը մեր Շարժման առաջին զոհն էր։ Առաջին անմե՛ղ զոհն էր։ Խաչիկի ձեռքինը զենք չէր, լուսանկարչական ապարատ էր։ Խաչիկը լուսանկարում էր, թե ինչպես են ցուցարարները երթով գնում դեպի «Զվարթնոց» օդանավակայան, որ թույլ չտան սովետական բանակին՝ օկուպացնել Հայաստանն աշխարհին կապող մեր օդային ճանապարհը։ Խաչիկը լուսանկարում էր, թե ինչպես էր այդ բանակը փակել ցուցարարների ճանապարհը։ Դե, սովետական սպան էլ կրակեց ու սպանեց Խաչիկին՝ մնացածներիս փորձելով հասկացնել, որ սովետական բանակը Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի նման պետությունների ազատության ցանկությունն է օրորոցում խեղդել, փոքրիկ Հայաստանն ի՞նչ դարձավ, որ մտքով անցկացնում է մատ թափ տալ աշխարհին սարսափի մեջ պահող, մինչև ատամները զինված զորքին։

Իսկ նման դեպքերում ովքե՞ր են զավթիչների կամ պարզապես բռնակալների աչքի գրողները։ Բնականաբար նրանք, ովքեր փաստեր են հավաքում նմանների դեմ։

Դրա մասին ցուցարարներս էլ դեռ կարգին չգիտեինք (հիմա հիանալի գիտենք), Խաչիկ Զաքարյանն էլ չգիտեր։ Նա պարզապես լուսանկարում էր։ Լուսանկարում էր, հավանաբար, տնեցիների համար, հարևանների ու ընկերների համար։ Լուսանկարում էր՝ գուցե իր  ապագա երեխաների ու թոռների համար, որ մի օր ցույց տա նրանց այդ լուսանկարներն ու պատմի՝ այսպես ու այսպես, 1988 թվականի հուլիսի 5-ին Կարմիր բանակը մտել էր Երևան, հայ ժողովուրդը ոտքի էր ելել ընդդեմ բիրտ ուժի, իսկ ինքն ահա լուսանկարում էր…

1988-ի հուլիսի 5-ին սովետական սպան սպանեց Խաչիկ Զաքարյանին, սովետական սպան հերթական դասը տվեց «դարավոր բարեկամի» հանդեպ անհասկանալի ու անբացատրելի սիրուց տապակվող հայերիս, ու իմ տպավորությամբ՝ երբևէ՝ ոչ անցյալում, ոչ էլ ներկայում, հայերս այդպես մինչև հոգու խորքը վիրավորված ու ցնցված չենք եղել, ինչպես՝ Խաչիկի սպանությունից հետո։

Ի դեպ, մինչև հիմա էլ շատերս չգիտենք՝ ո՞վ էր Խաչիկը, ինչո՞վ էր զբաղվում, որտե՞ղ էր աշխատում կամ սովորում, ովքե՞ր էին նրա ծնողները, ունե՞ր ծնողներ, քույր ու եղբայր ունե՞ր, սիրած աղջիկ ունե՞ր… Մենք Խաչիկին ճանաչեցինք նրա սպանությունից հետո և նրա մասին գիտեինք այդքանը՝ 22-ամյա մի երիտասարդ լուսանկարում էր հուլիսի 5-ի իրադարձությունները, և նրան սպանեց սառնասիրտ մի զավթիչ։

Ինքնաբուխ համազգային սու՞գ. դա հենց Խաչիկին վերջին հրաժեշտն էր։ Ողջ մայրաքաղաքը փողոց էր դուրս եկել։ Ազատության հրապարակից մինչև քաղաքի ծայրամասերից մեկի գերեզմանատունը՝ մայթերին ոտք դնելու տեղ չկար։ Արտասվում էին բոլոր արտասվել կարողացողները, լուռ մղկտում էին բոլոր լուռ մղկտալ կարողացողները, ցավեցնելու աստիճան ատամները սեղմում էին բոլոր ատամ ունեցողները։

Խաչիկն ակամա դարձել էր սովետական տարիների «դարավոր բարեկամի» մասին հեքիաթը հօդս ցնդեցնողը, Խաչիկի սպանությունն այն սառը ջուրն էր, որ թափվեց բոլորիս գլխին ու սթափեցրեց. «Սրանք ամեն ինչի ընդունակ են, սրանք մեզ տանկերով էլ կտրորեն-կանցնեն»։ Թե ինչու էինք այդքան ուշ ու դժվարությամբ հասկացել պարզ ճշմարտությունը, և հիմա՛ ինչու են շատերը մոռացել այս պարզ ճշմարտությունը՝ սրա մասին շատ է խոսվել, դեռ էլի շատ ու շատ կխոսվի, և հույսս չեմ կտրում, որ մի օր տեղ կհասնի։

Ես պարզապես ցանկացա հիշեցնել մինչ սովետների փլուզումը Կրեմլի վերջին արձակած փամփուշտների ամենաառաջին զոհի մասին, որին ազգովի ճանապարհեցինք, ազգովի ողբացինք, ի դեպ՝ անսահման անկեղծորեն, անսահման կսկիծով, անսահման արժանապատվությամբ։

Եվ… անսահման «հաջողությամբ» էլ մոռացանք։

Ինչո՞ւ։ Դրա պատասխանը չգիտեմ։ Հազարումի պատճառ կարող ենք բարձրաձայնել, հազարումի արդարացում կարող ենք թափահարել միմյանց քթի տակ, հնարավոր է՝ բոլորն էլ հիմք ունենան, բոլորն էլ արդարացի լինեն։

Եվ ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր ողբալու առիթ են փնտրում, և այդ առիթներից մեկն էլ Խաչիկ Զաքարյանի մահն է, որ հիմա փորձում եմ օգտագործել։

Պարզապես ամոթալի է, որ Հայաստանի անկախության պատմության առաջին անմեղ զոհի հիշատակը հավերժացնող մի հուշարձան չունենք այն նույն մայրաքաղաքում, որի բոլոր բնակիչները սգում էին Խաչիկի մահը, ինչպես իրենց ամենաթանկ հարազատի մահը կսգային։

http://hambardzum.am/hy/xosq/liza-khachik.html