Բուժական գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

5878

Բուժական գյուղը այսօր պատկանում է Կոտայքի մարզին, նախկինում եղել է Ապարանի շրջանի գյուղերից: 1972-ին, երբ Եղվարդ կենտրոնով ձևավորվեց նոր՝ Նաիրիի շրջանը, Բուժականը միացվեց այդ վարչական միավորին:

Գտնվում է Երևանից 35 կիլոմետր հեռավորության վրա:

Բուժականը, որը նախկինում ունեցել է Բաբաքշի անունը, տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին՝ Արա լեռան հանդիման:
Բաբաքշին որոշ ժամանակահատված թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան, ասվում է Կոտայքի մարզպետարանաի կայքում:

Հնում հայեր են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյաց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը: Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից մեզ է հասել միայն վանքի հարավային պատը:

Բուժականի նոր պատմությունն սկսվում է 1922 թվականից: Այստեղ հաստատվեցին հայեր Մշից, Բասենից, Ղարսից, Էրզրումից, ինչպես նաև՝ Պարսկաստանի Խոյ գավառից:

Բուժական գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 72 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 568 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 435 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 431 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 483 հոգի, 

1914 թվական – 573 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 513 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 471 հոգի,

1919 թվական – չվիճակագրված,

1922 թվական – 384 հոգի, որից 380-ը՝ հայ, 4-ը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 517 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 516-ը՝ հայ, 1-ը՝ եզդի,

1931 թվական – 976 հոգի, որից 972-ը՝ հայ, 4-ը՝ թուրքական խումբ:

Լուսանկարում՝ Թեղենյաց վանք

Դիտել ու կարդալ նաև՝