Շարուրի շրջանը (Նախիջևան) Երևանի խանության ժամանակներում

9070

Շարուրի շրջանը, որ Արարատյան բարեբեր դաշտավայրի շարունակությունն  է, այսօր Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում Ադրբեջանի մասերից է: Շարուրի շրջանով է Ադրբեջանը շուրջ 12 կմ. հատվածով կապվում Թուրքիային: Այնտեղ է գտնվում Սադարակի կամուրջը (Արաքսի վրա), որով իրականացվում է թուրք-ադրբեջանական ցամաքային կապը:

Քանի որ Շարուրը աշխարհագրորեն մաս էր կազմում Արարատյան աշխարհի, այն միշտ էլ եղել է վարչական այն շրջանի կազմում, որի մաս են եղել Արարատյան աշխարհի մյուս շրջանները՝ Արմավիր, Կոտայք, Արագածոտն: Շարուրը հաճախ Վայոց Ձորի հետ կազմել է մեկ շրջան՝ Շարուր-Դարալագյազ:

1639-ին պարսիկներն ու թուրքերը երկրորդ անգամ Հայաստանը բաժանեցին միմյանց միջև: Պարսկաստանին անցած Արևելյան Հայաստանի շրջաններից մեկը կոչվեց Երևանի խանություն, որը 1828-ին գրավեցին ռուսները և խանության տարածքի վրա ստեղծեցին Հայկական մարզը (1828-1940): Հայկական մարզը` ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, կազմված էր նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Շարուրի մահալում (շրջան) 1832-ին հայերի թիվը կազմում էր 1.757, իսկ մահմեդականների (պարսիկներ, քրդեր, թուրքեր և թուրքալեզու ցեղեր) թիվը՝ 6.510:

Մինչև 1917 թվականը, երբ տապալվեց Ռոմանովների 300-ամյա հարստությունը, Անդրկովկասը վարչական վերաբաժանումների է ենթարկվել հինգ անգամ և բոլոր բաժանումների ժամանակ Շարուրը և Նախիջևանը մաս էին կազմում Հայկական նահանգի:

1921թվականին ռուս-թուրքական՝ բոլշևիկ-քեմալական պայմանավորվածության արդյունքում, Մոսկվան Նախիջևանը նվիրեց Ադրբեջանին: Ավելին, Շարուրը ևս միացրեց Նախիջևանին, այդպիսով՝ անջատելով Հայաստանից:

Հ. Գ. Շարուրի հայկական գյուղերն էին՝

  1. Ուլիա /կամ՝ Հայի/ Նորաշեն

2. Խանլուխլյար

3. Վարմիզիար

4. Քեշտազ

5. Վերին Դաշարխ/հիմնվել է 1828-ին գաղթած Սավրեցիների կողմից/

6. Ալաքլու

7. Փարչի

Սիաղութ կամ Սիագութ գյուղում բնակվում էի ասորիներ, որոնց տեղի հայերը անվանում էին յաղուբիներ, հավանաբար նկատի ունենալով Ասորի Հակոբիկյան եկեղեցուն պատկանելը; Շարուրի հայերի և ասորիների գերակշիռ մեծամասնությունը ազերի թուրքերի կողմից ոչնչացվեց 1919-20թթ.:

Լուսանկարում՝ Բիբլիական Արարատը Շարուրից