Ընդդիմությունը խորհրդարանում 25 տոկոսից ավելի չի ստանում

1952

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ ընդդիմությունը, անգամ միավորվելու դեպքում, չի կարողանում օրենսդիր մարմնում ապահովել 25 տոկոսից ավելի քվեներ (համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով):

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնց անց կացվեցին Թավշյա հեղափոխությունից 8 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների ավելի քան 70 տոկոսը կամ շուրջ 885 հազար ձայն: Երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» էր՝ ավելի քան 8 տոկոս կամ շուրջ 104 հազար ձայն։ Եռյակը եզրափակեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ ավելի քան 80 հազար ձայն կամ շուրջ 6,4 տոկոս։

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը ստացան հետևյալ քվեները՝ «Ելք» դաշինք՝ շուրջ 7.7 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3.7 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 1.65 տոկոս:

Իշխող ՀՀԿ-ն ստացավ 49 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 27 տոկոս, ՀՅԴ-ն՝ 6.5 տոկոս:

2012-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում էին 9 միավորներ, որոնցից 6-ը հաղթահարեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու շեմը: Ըստ պաշտոնական տվյալների, իշխող Հանրապետականը՝ ՀՀԿ-ն, ստացավ քվեների ավելի քան 44 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» (ԲՀԿ) էր: Դաշնակցությունը (ՀՅԴ) և «Օրինաց երկիրը» (ՕԵԿ) ստացան 5.7 և 5.5 տոկոս համապատասխանաբար: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգությունը» ստացան համապատասխանաբար 7 և 5.8 տոկոս:

Այսպիսով, ընդդիմադիր երկու կուսակցությունները միասին ստացան քվեների 13 տոկոսից էլ պակաս: Սա համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգով աթոռների մեծ մասին տիրացան իշխանական ուժերը, հիմնականում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Ի դեպ, ընտրությունների պատմության մեջ ընդդիմությանը եթե հաջողվել է համամասնական ընտրակարրգով զբաղեցնել խորհրդարանի աթոռների մեկ քառորդը, ապա մեծամասնական ընտրակարգում բացահայտ առավելությամբ հաղթել են իշխանական կան անկախ թեկնածուները, որոնք ընտրվելուց հետո դարձել են իշխանական:

2007-ի ընտրություններին մասնակցում էին 23 ուժեր, որոնցից միայն 6-ը հաղթահարեցին 5-տոկոսանոց շեմը: Դրանցից միայն մեկն էր ընդդիմադիր ուժ՝ «Ժառանգությունը», որը ստացավ քվեների շուրջ 6 տոկոսը: Համամասնական, ինչպես նաև մեծամասնական մյուս տեղերը բաժին հասավ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին, որը թեև հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն, մեծ հաշվով, իր պատմության մեջ այս կուսակցությունն ու նրա անփոփոխ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չեն եղել ընդդիմադիր:

Խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ ընդդիմությունը ամենաբարձր արդյունքը գրանցել է 2003-ին, երբ Արդարություն դաշինքը, որը գլխավորում էր Ստեփան Դեմիրճյանը, ստացավ քվեների 13.7 տոկոսը: Այդ ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժ, որը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից՝ «Ազգային միաբանությունը» (նախագահ՝ Արտաշես Գեղամյան), ստացավ քվեների 9 տոկոսը: Առաջին և վերջին անգամն էր նաև, որ ընդդիմադիր ուժը ընտրություններում զբաղեցրեց երկրորդը տեղը: Խորհրդարանում աթոռների մյուս մասը զբաղեցրին ՀՀԿ-ն, որ ստացավ քվեների գրեթե 24 տոկոսը (ընտրությունների պատմության մեջ սա իշխանական կուսակցության ամենից ցածր ցուցանիշն է), ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Միավորված աշխատանքային կուսակցությունը:

1999-ի ընտրություններում հաղթեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դենիրճյանի «Միասնություն» դաշինքը, որ միավորում էր ՀՀԿ-ին և ՀԺԿ-ին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: Միասնությունը ստացավ քվեների գրեթե 42 տոկոսը: Հինգ տոկոսի շեմը հաղթահարեցին նաև Կոմկուսը՝ 12 տոկոս, «Իրավունք և միաբանություն» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ 8-ական տոկոս, ՕԵԿ-ն ու Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն՝ 5-ական տոկոս:

Այս ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես էին գալիս Կոմկուսը, «Իրավունք և միաբանությունն» ու ԱԺՄ-ն, որոնք միասին ստացան համամասնական քվեների շուրջ 25 տոկոսը: Սա ընդդիմության լավագույն արդյունքն է 1990-ից ի վեր:

1995-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր երեք ուժեր՝ Կոմկուսը, ԱԺՄ-ն և Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը հաղթահարեցին 5-տոկոսի շեմը: Իշխանական երկու ուժեր՝ «Հանրապետություն» միավորումը, որը ներառում էր ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին ու մի քանի այլ կազմակերպությունների, համամասնական ընտրակարգով ստացավ քվեների ավելի քան 75 տոկոսը:

1990-ի խորհրդարանական ընտրությունները անց են կացվել բացառապես մեծամասնական ընտրակարգով: Հենց այդ ընտրություններով էր, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: ՀՀՇ-ն նվազագույն առավելությամբ հաղթեց Կոմկուսին, իսկ 1990-ի օգոստոսին ՀՀՇ-ից Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի նախագահ ու դեռևս Խորհրդային Միության կազմում գտնվող հանրապետության փաստացի առաջնորդ:

Թաթուլ Հակոբյան