Իրանի Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը հայտարարել է, որ քվեարկության նախնական արդյունքներով Իրանում երեկ անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Քվեարկությանը մասնակցած 28 միլիոն 600 հազար մարդուց նրան ձայն է տվել 17,8 միլիոնը։
ԻԻՀ-ի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը հայտնել է նաեւ, որ մյուս թեկնածուներից Մոհսեն Ռեզային հավաքել է շուրջ 3,3 միլիոն, Աբդոլնասեր Խեմատին՝ շուրջ 2,4 միլիոն, Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին՝ ավելի քան 1 միլիոն ձայն:
Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:
Օրֆի հայտարարությունից առաջ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ արդեն հայտնի է նախագահական 13-րդ ընտրություններում հաղթանակին մոտ թեկնածուն՝ առանց նշելու նրա անունը: Ընդսմին Մոհսեն Ռեզային ու եւս մեկ թեկնածու արդեն իսկ շնորհավորել էին Իբրահիմ Ռայիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«Շնորհավորում եմ գերագույն առաջնորդին, Իրանի ժողովրդին իմ եղբոր՝ Իբրահիմ Ռայիսիի ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Մոհսեն Ռեզային։
Փորձագետներն արդեն իսկ կանխատեսել էին, որ նախագահական ընտրություններում կհաղթի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին: Վերջինիս սատարում է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:
Ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն էին Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմին եւ Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: