Ալագյազ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. քրդերն ու եզդիները Հայաստանում

3988
Ալագյազ համայնքում ընդգրկվել են հիմնականում քրդերով ու եզդիներով բանկեցված հետևյալ գյուղերը՝ ԱվշենԿանիաշիրՃարճակիսՄիջնատունՄիրաքՇենկանիՋամշլուՌյա թազաՍադունցՍիփան:

Ալագյազը գտնվում է Արագածոտնի մարզում, Ապարան-Սպիտակ խճուղու վրա: Մարզկենտրոն Աշտարակից գտնվում է 44 կմ հեռավորության վրա: Տեղաբաշխված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա:

Նախկինում կոչվել է Մեծ Ջամշլու: Ալագյազ է վերանվանվել 1938 թվականի հունվարի 4-ին: Այս շրջանում Ջամշլու անունով երեք գյուղեր են եղել: Այսպես, Ապարանի շրջանի հայաբնակ Արագած գյուղը նախկինում կրել է Ջամշլու անունը, իսկ Մեծ Ջամշլու և Փոքր Ջամշլու գյուղերը բնակեցված են եղել եզդիներով (քրդերով): Մեծ Ջամշլուն այսօրվա Ալագյազն է, իսկ Փոքր Ջամշլուն՝ այսօրվա Ջամշլուն՝ Ալագյազի հարևանությամբ:

Ալագյազ՝ Մեծ և Փոքր Ջամշլու գյուղերիի բնակչության մասին Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) աշխատության մեջ գրված է, որ 1831-ին Մեծ Ջամշլու գյուղում եղել է 397 բնակիչ, բոլորը՝ հայ, իսկ Փոքր Ջամշլուն եղել է ավերակ:

Հաջորդ՝ 1873 թվականի մարդահամար հաշվառման ժամանակ Մեծ Ջամշլուի բնակչությունը եղել է 196 հոգի, բոլորը՝ եզդի: Եթե այս տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ նախկինում Ալագյազ/Մեծ Ջամշլու գյուղում բնակվել են հայեր, որոնք հեռացել են, իսկ նրանց փոխարեն հաստատվել են եզդիներ: Իսկ գուցե տպագրական վրիպակ է՞ այն, որ 1831-ին Մեծ Ջամշլու գյուղում բնակվել են 397 հայեր, այլ պետք է լինի եզդինե՞ր:

Փոքր Ջամշլու գյուղում, որն այսօրվա Ջամշլուն է, եթե 1831-ին բնակչություն չի եղել, քանի որ այն ավերակ էր, ապա 1873-ին արդեն կար 157 բնակիչ:

Այստեղ պետք է նշենք, որ Պարսից տիրապետության շրջանում Ապարանի տարածաշրջանում բնակվող սուննի քրդերը, ի տարբերություն շիա քրդերի, զանգվածաբար հեռացան Հայաստանից՝ Երևանի խանությունից, երբ 1826-1828 թթ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում տարածքը անցավ Ռոմանովների կայսրությանը: Այդպես է գրված ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության մեջ:

Այսօր Արագածի շրջանում բնակվող եզդիները, որոնք երբեմն իրենց քուրդ են անվանում, Հայաստանից շուրջ 200 տարի հեռացած քրդերի հետնորդներն են, թե՝ ոչ, դժվարանում ենք ասել:

Ըստ Կորկոտյանի, Ալագյազ, այսինքն՝ Մեծ Ջամշլու գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 397 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 196 հոգի, բոլորը՝ եզդի,

1886 թվական – 298 հոգի, բոլորը՝ եզդի,

1897 թվական – 284 հոգի (ցարական մարդահամար),

1908 թվական – 316 հոգի, 

1914 թվական – 339 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 347 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 353 հոգի,

1919 թվական – 436 հոգի,

1922 թվական – 356 հոգի, 

1926 թվական – 375 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 17-ը՝ հայ, 358-ը՝ եզդի,

1931 թվական – 523 հոգի, որից 11-ը՝ հայ, 512-ը՝ եզդի:

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2015/05/02/aparan-mahal-1832/

https://www.aniarc.am/2017/09/30/aparan-region-1831-korkotian/