«Արարատ». հաղթանակների պատմություն

1772

Առաջին նվաճումները (1935-1948)

1935թ․-ին Երևանում, Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ, ստեղծվեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը: Սկզբնական շրջանում թիմը հանդես էր գալիս ազգային առաջնություններում: Ակումբի առաջին կարևոր ձեռքբերումը 1940թ․-ին էր, երբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը: Այդ ժամանակ թիմն արդեն կրում էր «Դինամո» անունը: 1941-1944թթ ԽՍՀՄ առաջնությունը և գավաթը, ինչպես նաև հանրապետական մրցաշարերը Հայրենական մեծ պատերազմի պատճառով չանցկացվեցին: 1944թ․-ին պատերազմական դադարից հետո կրկին անցկացվող ԽՍՀՄ գավաթի խաղարկությանը պիտի մասնակցեր նաև «Դինամոն», սակայն Թբիլիսիի համանուն թիմի հետ հանդիպումն այդպես էլ չկայացավ երևանյան ակումբի մեղավորությամբ։ Հաջորդ 2 տարիներին դինամոյականները ևս նշանակալի հաջողություններ չգրանցեցին։ 1947թ. թիմը դարձավ Անդրկովկասի տարածաշրջանի Երկրորդ խմբի առաջնության արծաթյա մեդալակիր: Սեփական հարկի տակ թբիլիսյան «Կռիլյա Սովետով»-ի հետ խաղում «Դինամոն» ցույց տվեց առաջնության իր լավագույն (7:1) արդյունքը:

Երևանի «Սպարտակը», 1939թ․։

1948թ. մրցաշրջանը երևանցիները պետք է սկսեին Առաջին խմբում (Բարձրագույն լիգան), սակայն 30 հանդիպում հետո «Դինամոն» ու ևս 15 թիմեր դուրս բերվեցին Առաջին խմբի կազմից: Հերթական մրցաշրջանն անցկացնելով Երկրորդ խմբում՝ երևանյան ակումբը բարելավեց իր ցուցանիշները և գրավեց առաջին հորիզոնականը Հարավային գոտում` հաղթանակ գրանցելով 18 հանդիպումներից 13-ում, սակայն առաջին հորիզոնականը դեռ առաջընթացի երաշխիք չէր: ԽՍՀՄ առաջնության կանոնակարգի համաձայն Բ խմբի հաղթող 6 թիմերը մրցում էին միմյանց հետ: Թիմերի միջև հանդիպումները անց էին կացվում մեկ փուլով և 5 խաղերի արդյունքում Երևանի «Դինամոն» բարձրացավ 3-րդ հորիզոնական, ինչը ակումբին հնարավորություն տվեց ընգրկվելու Ա խմբում:

Երևանի «Դինամոն», 1948թ․։

Փորձի կուտակում (1949—1970)

1949թ.-ին Երևանի «Դինամոն» առաջին անգամ հանդես եկավ ԽՍՀՄ բարձրագույն լիգայում։ Տանելով 8 հաղթանակ, 5 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 21 պարտություն հայկական թիմը 18 թիմերի պայքարում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը և պահպանեց իր տեղը ուժեղագույնների խմբում։ ԽՍՀՄ Գավաթի համար պայքարն ավարտվեց 1/16 եզրափակչում  Ստալինգրադի «Դինամոյին» 0։1 հաշվով պարտվելուց հետո։

1950թ.-ի մրցաշրջանում դինամոյակաների արդյունքները նախորդ մրցաշրջանի համեմատ բարելավվեցին, սակայն դա բավարար չեղավ Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար։ Թիմն իր առաջին պարտությունը կրեց միայն 4-րդ տուրում՝ Լենինգրադի «Զենիթի» հետ խաղում (2:4): Գրանցելով 10 հաղթանակ, 11 ոչ-ոքի և 15 պարտություն Երևանի «Դինամո» վաստակեց 31 միավոր ինչպես և Կիևի համանուն թիմը։ Խփած և բաց թողած գոլերի հանրագումարով զիջելով Կիևի իր անվանակիցներին՝ «Դինամոն» զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը՝ տեղափոխվելով Բ խումբ, որտեղ և անցկացրեց հետագա 10 մրցաշրջանները։ ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում շրջանցելով թույլ մրցակիցներին՝ 1/16-րդ եզրափակչում թիմը հայտնվեց Կիևի «Դինամո»-ի մրցակցի դերում: Արտագնա խաղում դժվարին պայքարի արդյունքում երևանցիները հաղթանակ տարան 3:2 հաշվով: 1/8-րդ եզրափակչում երևանյան ակումբը 0:7 հաշվով պարտություն կրեց ԽՍՀՄ գործող չեմպիոն և այդ մրցաշրջանի արծաթե մեդալակիր Մոսկվայի «Դինամո»-ից և դուրս մնաց հետագա պայքարից:

Համամիութենական մրցաշարերում առաջին լուրջ հաջողությունը կրկին «Սպարտակ» վերանվանված ներկայիս «Արարատը» ունեցավ 1954թ․-ին։ Հայկ Անդրիասյանի գլխավորությամբ մեր թիմը հասավ մինչև ԽՍՀՄ Գավաթի խաղարկության եզրափակիչ իր ճանապարհին հաղթելով Մոսբասի «Շախտյորին» (3:0), Մինսկի «Սպարտակին» (2:0), Ստալինոյի «Շախտյորին» (1:0) և Դնեպրոպետրովսկի «Մետալուրգին» (4:0)։ Երևանյան թիմի մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որի համար այս եզրափակիչը ևս ակումբի պատմության մեջ առաջինն էր։ Հատկանշական է, որ «Սպարտակը» ձեռք էր բերել ամենաամուր պաշտպանություն ունեցող թիմի համբավը․ հայկական թիմը գավաթի խաղարկությունում մինչև եզրափակիչ ոչ մի գնդակ բաց չէր թողել։ Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած եզրափակչում «Սպարտակը», այնուամենայնիվ, զիջեց Կիևի թիմին 1։2 հաշվով։ Մեր թիմից միակ գոլի հեղինակը դարձավ Վիկտոր Մերկուլովը։

 

 

1950-ականների երկրորդ կեսում «Սպարտակը» փոփոխական հաջողություններով անցկացրեց ԽՍՀՄ Ֆուտբոլի առաջնության Բ խմբի 3-րդ զոնայում, որտեղ ի դեպ հանդես էր գալիս նաև Լենինականի «Շիրակը»: Գործող կանոնակարգով ուժեղագույնների խումբ տեղափոխվելը անչափ բարդ էր․ Բ խմբի 6 զոնաների հաղթողները միմյանց հանդիպում էիր հաղթողների մրցաշարում, որի հաղթողը իրավունք  էր ստանում հանդես գալու Բարձրագույն խմբում։ Բ խմբի առաջնությանը այս տարինենրին ընդհանուր առմամբ մասնակցում էր 94-96 թիմ, որոնք պայքարում էին Բարձրագույն խմբի ընդամենը 1 ուղեգրի համար։


1959թ․-ի մրցաշրջանում «Սպարտակը» միավորների մեծ առավելությամբ հռչակվեց Բ խմբի 3-րդ զոնայի հաղթող․ անցկացրած 26 խաղում թիմը 16 հաղթանակ էր տարել և կրել ընդամենը 1 պարտություն։ Զոնաների հաղթողների մրցաշարին, սակայն, հայկական թիմը չմասնակցեց։ 1959թ․-ի դեկտեմբերի 21-ին ԽՍՀՄ սպորտային միությունների և կազմակերպությունների Կենտրոնական խորհրդի նախագահությունը որոշեց Բարձրագույն խմբի մասնակիցների թիվը 12-ից դարձնել 22։ Եթե 1959թ․ առաջնությանը մասնակից 12 թիմերից միայն 4-ը չէին ներկայացնում ՌԽՖՍՀ-ն, ապա 1960թ․ առաջնությանը այդ ակումբների թիվը հասցվեց 12-ի։ Մեկական տեղ ստացան Ադրբեջանի, Հայաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ղազախստանի , Ուզբեկստանի ՍՍՀ-ները և ՌԽՖՍՀ-ն։ ՀԽՍՀ ներկայացուցիչը 1960թ․-ի առաջնությունում պիտի լիներ Երևանի «Սպարտակը»։
ԽՍՀՄ 1960թ.-ի մրցաշրջանը թիմն ավարտեց 9-րդ, 1961թ․-ին-ը՝ 8-րդ, 1962թ․ին-ը՝ 18-րդ հորիզոնականում: Այս տարիներին գրանցած ամենամեծ հաջողությունը թերևս «Սպարտակի»՝ ԽՍՀՄ գավաթի կիսաեզրափակիչ հասնելն էր․ երևանցիներին կանգնեցրեց Օրեխովո-Զուևոյի «Զնամյա Տրուդա թիմը» (0:1):

1963թ․-ին, անցնելով «Աշխատանք» պետական միավորման հսկողության տակ, թիմը վերանվանվեց «Արարատ»: Հենց արդ տարի էլ թիմը դուրս մնաց ԽՍՀՄ Բարձրագույն խմբից վերադառնալով միայն 3 տարի անց։ 1966 թ.-ից սկսած «Արարատը» մշտապես հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն լիգայում: Այդ տարի թիմը համալրեցին Ալյոշա Աբրահամյանը և Ալեքսանդր Սյոմինը` ճանաչվելով «մրցաշրջանի լավագույն նորեկներ»: Հաջորդ խաղաշրջանում այս մրցանակին արժանացավ Նորիկ Դեմիրճյանը: Մինչև 1970 թ. թիմի ելույթները գոհացուցիչ էին, քանի որ Արարատն ըստ էության նորից էր կազմավորվում: Խորհրդային Հայաստանի տարբեր թիմերից «Արարատ» էին հրավիրվում լավագույն ֆուտբոլիստները: Գյումրիի «Շիրակից» Իշտոյանն ու թիմի ապագա ավագ Զանազանյանը, հանրապետության ֆուտբոլի դպրոցի սան Նազար Պետրոսյանը, ինչպես նաև Անդրիասյանն ու Մարկարովը` Բաքվի «Նեֆթչի»-ից:

Հայկական ֆուտբոլի վերելքը (1971-1976թթ․)

1971 թ «Արարատը» Նիկոլայ Գլեբովի ղեկավարությամբ արժանացավ ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալի: Սա Հայկական ԽՍՀՄ ակումբների առաջին մեծ ձեռքբերումն էր: Թիմի միանգամից 6 ֆուտբոլիստներ հայտնվեցին խաղաշրջանի ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում. Իշտոյան, Անդրիասյան, Մարկարով, Զանազանյան, Կովալենկո և Մեսրոպյան:
Հաջորդ խաղաշրջանը ևս «Արարատն» անցկացրեց բավական ակտիվ, ինչի համար արժանացավ «Ագրեսիվ հյուր» թիմային մրցանակին: Սակայն ընդամենը 1 միավորի տարբերությամբ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 1972 թվականի սեպտեմբերի 13-ին «Արարատը» նշեց իր նորամուտը Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Թիմն իր առաջին խաղն անցկացրեց Կիպրոսում` Լառնակայում «Էնոսիս» -ի (ներկայիս ԷՊԱ) հետ` հաղթելով նվազագույն հաշվով` 1:0 հաշվով: Պատասխան խաղը նույնպես ավարտվեց 1: 0 հաշվով` հօգուտ «Արարատի»:
Հաջորդ փուլում թիմի մրցակիցն էր շվեյցարական «Գրասհոպպեր»-ը: Չհանդիպելով լուրջ դիմադրության, 3: 1 հյուրընկալվելիս և 4:2 սեփական հարկի տակ հաշվով «Արարատն» անցավ 3-րդ փուլ, որտեղ նրան սպասում էր Գերմանական «Կայզերսլաուտերն» էր: Մրցակիցներից յուրաքանչյուրը տանը հաղթում է 2:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակը հաղթողին չորոշեց, իսկ 11 մետրանոց հարվածների ժամանակ ( 4:5) հաջողությունը ժպտաց «Արարատի» մրցակիցներին:

ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/8 եզրափակիչ, 29.11.1972թ. «Կայզերսլաուտերն» – «Արարատ» 

«Արարատ» ֆուտբոլային ակումբի պատմության գագաթնակետն է համարվում 1973 թ. խաղաշրջանը, երբ թիմը ղեկավարում էր լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Հենց այս անձնավորության հետ է կապված 1973 թվականի հաջողությունը:
Թիմը հաղթանակ է տոնում ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում` Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղով, այդպիսով գրանցելով «ոսկե դուբլ»: Ցույց տված խաղի համար թիմն արժանացավ 4 թիմային մրցանակի ` «Ագրեսիվ հյուրին», «Գրիգորի Ֆեդոտովի անվան», «Մրցանակ մեծ հաշվի համար» և խփած գնդակների լավագույն տարբերության համար: Ութ ֆուտբոլիստներ ընդգրկվեցին ԽՍՀՄ առաջնության մրցաշրջանի «33 լավագույնների» ցանկում:

ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Երևանի «Արարատը», 1973թ․

Ճակատագրի բերումով «Արարատը» հերթափոխում էր հաջող խաղաշրջանները համեմատաբար անհաջողների հետ: 1974 թվականի առաջնությանը թիմը նորից մնաց առանց մրցանակների, իսկ գավաթի խաղարկությանը սայթաքեց քառորդ եզրափակչում Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղում:

Աշնանը «Արարատն» իր նորամուտը նշեց Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում: Առաջին երկու փուլի մրցակիցները «Վիկինգ»-ը և «Կորկ Սելթիկը» լուրջ դիմադրություն ցույց չտվեցին` պարտվելով համապատսխանաբար` 2:6 և 1:7 հաշվով: Քառորոդ եզրափակչում վիճակահանությամբ «Արարատին» բաժին ընկավ գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան»:
Հյուրընկալվելիս թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով: Երևանում «Արարատը» լավ խաղ ցույց տվեց պաշտպանությունում և նույնիսկ գրավեց ահեղ մրցակցի դարպասը, սակայն մեկ գնդակը բավարար չէր ՈւԵՖԱ-ի գլխավոր մրցաշարին հետագա մասնակցության համար: Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Էդուարդ Մարկարովը (Գերդ Մյուլլերի հետ):

«Արարատի» և Մյունխենի «Բավարիայի» ավագներ Հովհաննես Զանազանյանն ու Ֆրանց Բեկենբաուերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղից առաջ
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, 19.03.1975թ. «Արարատ» – «Բավարիա»

1975 թվականին Վիկտոր Մասլովի հետ Արարատը կիսով չափ հասավ 1973-ի բարձունքներին` դառնալով ԽՍՀՄ գավաթակիր: Առաջատար եռյակից «Արարատը» ետ մնաց 4 միավորով:
Այդ տարի թիմում փայլեց հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի աստղը, որը արժանացավ մրցաշրջանի «լավագույն նորեկ» մրցանակին: Աշնանը կայացավ թիմի նորամուտը «Գավաթակիրների գավաթի մրցաշարում»: Հեշտությամբ շրջանցելով Կիպրոսյան «Անորտոսիսին» (10:1)` «Արարատը» սայթաքեց հաջորդ փուլում, որտեղ լոնդոնյան «Վեստ Հեմ Յունայթեդը» առավելության հասավ 1:1 և 1:3 հաշվով: Սա «Արարատի» վերջին մասնակցությունն էր Եվրոգավաթի խաղարկությանը որպես Խորհրդային ֆուտբոլային թիմ:

1976 թվականին «Արարատը» ղեկավարում է թիմի նախկին խաղացող Էդուարդ Մարկարովը: 1976 թ. գարնանային մրցաշարը «Արարատն» ավարտվում է 2-րդ տեղով` նվաճելով արծաթե մեդալներ: Վերջին խաղում (9-րդ տուրի հետաձգված խաղում) զիջելով Կիևի Դինամոյին 1:2 հաշվով` «Արարատը» չեմպիոնությունը զիջեց մոսկովյան «Դինամոյին»: Լավագույն ռմբարկու (8 գնդակ 15 խաղում) դարձավ Արկադի Անդրեասյանը: Մարկարովի ղեկավարությամբ «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ` կոտրելով մոսկովյան «Դինամոյի», ԲԿՄԱ –ի, ինչպես նաև Դնեպրոպետրոսվսի «Դնեպրի» դիմադրությունը: Եզրափակչում, սակայն, թիմը ջախջախվեց թբիլիսյան դինամոյականների կողմից` 0:3 հաշվով:

«Արարատը» 1977-1991թթ․

1976թ․-ից հետո թիմի կազմը հիմնովին փոխվեց։ «Արարատի» կազմում այլևս հանդես չէին գալիս լեգենդար 1973թ-ին ոսկե դուբլ ձևակերպած ֆուտբոլիստները․ թիմից հեռացան Նիկոլայ Ղազարյանը, Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, էդուրադ Մարկարովը ու մի քանի այլ առաջատարները։«Արարատի» կազմում սկսեցին ի հայտ գալ նոր անուններ․

Խորեն Հովհաննիսյան

1975թ․-ի մարտի 19-ին Մյունխենի «Բավարիայի» դեմ մրցավեճի 64-րդ րոպեին փոխարինելով Նիկոլայ Ղազարյանին, «Արարատի» կազմում իր նորամուտը նշեց 19-ամյա Խորեն Հովհաննիսյանը, որը իր խաղով երկար տարիներ հիացրեց «Հրազդան» մարզադաշտում հավաքվող «Արարատի» տասնյակ հազարավոր երկրպագուներին։ Հովհաննիսյանը այդ տարում մասնակցեց 24 խաղի, խփեց 4 գոլ՝ ճանաչվելով «Մրցաշրջանի լավագույն նորեկ»։ 1979թ․-ին Հովհաննիսյանը 17 գոլ հեղինակեց՝ դառնալով «Արարատի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլտը․ մինչ այդ մեր թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում առավելագույն՝ 14-ական գոլ էին հեղինակել Հովհաննես Զանազանյանն (1969թ.) ու Էդուարդ Մարկարովը (1971թ․): Խորեն Հովհաննիսյանը 5 տարի անընդմեջ (1979-1983թթ․) ընդգրկվեց ԽՍՀՄ «Մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների» ցանկում։ Սա ևս լավագույն ցուցանիշն «Արարատի» ֆուտբոլիստների շրջանում։

1978թ․-ին թիմն իր հնարավորություններից շատ թույլ հանդես եկավ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։ Այս մրցաշրջանը վերջինն էր լեգենդար Արկադի Անդրիասյանի համար, ով 23 խաղում դարձավ 4 գոլի հեղինակ։1978թ․-ի անբավարար արդյունքից հետո Նիկոլայ Գուլաևին փոխարինեց Յոժեֆ Բեցան, ով գլխավորեց թիմը մինչև 1981թ․-ը։ Բեցայի առաջին իսկ մրցաշրջանում թիմի խաղը զգալիորեն բարելավվեց․ «Արարատը» առաջնությունն ավարտեց 7-րդ հորիզոնականում։ «Արարատում»-ի կազմում աչքի էին ընկնում Բաբկեն Մելիքյանը, Ալեքսանդր Քերոբյանը, Սամվել Ղասաբօղլյանը, Աշոտ Սահակյանը։ Վերջինս Խորեն Հովհաննիսյանի հետ միասին ընդգրկվեց 1979թ. ԽՍՀՄ առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։

1980թ․-ին «Արարատը» ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, իսկ Գավաթի խաղարկությունում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 0։1 հաշվով զիջեց Մոսկվայի «Սպարտակին»։ Հաջորդ տարի Բեցայի ֆուտբոլիստները կրկնեցին արդյունքը այս անգամ նվազագույն տարբերությամբ (1։2) պարտվելով ապագա գավաթակիր Ռոստովի ԲՄԱ-ին։ «Արարատի» կազմում միակ գոլը խփեց Սամվել Ղասաբօղլյանը։

1980թ․-ի օգոստոսի 13-ին Բաքվի «Նեֆչիի» հետ խաղի 55-րդ րոպեին «Արարատի» կազմում Բաբկեն Մելիքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 18-ամյա Համլետ Մխիթարյանը, որը Խորեն Հովհաննիսյանի հետ միասին դառնալու էր «Արարատի» երկար տարիների առաջատարը։

Երևանի «Արարատը» 1980թ․։
Ձախից աջ՝Բաբկեն Մելիքյան, Ռոմիկ Վարդազարյան, Սերգեյ Բոնդարենկո, Վլադիմիր Վասիլև, Աշոտ Խաչատրյան, Սամվել Ղասաբօղլյան, Մանվել Ասատրյան, Արտյուշա Մովսիսյան, Անդրանիկ Խաչատրյան, Խորեն Հովհաննիսյան, Սաշիկ Քերոբյան, Սամվել Պետրոսյան, Աշոտ Սահակյան, Սամվել Պողոսյան։

1981թ․-ը ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» համար անհաջող էր։ «Արարատցիները» հայտնվեցին առաջնության մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում, ինչի պատճառով Յոժեֆ Բեցան լքեց թիմը։

1982թ․-ին, արդեն գլխավոր մարզչի կարգավիճակով, «Արարատ» վերադարձավ Արկադի Անդրիասյանը։ Առաջնության 8-րդ տուրից հետո Անդրիասյանի թիմը գլխավորեց մրցաշարային աղյուսակն ու մնաց այդ հորիզոնականում մինչև 14-րդ տուրը։ ԽՍՀՄ առաջնությունը ընդմիջվեց Իսպանիայում կայացած Աշխարհի առաջնությունով, որտեղ ԽՍՀՄ հավաքականի կազմում մրցաշարի լավագույն գոլի հեղինակ դարձավ Խորեն Հովհաննիսյանը։ Առաջնության վերսկսելուց հետո «Արարատը» չկարողացավ պահպանել առավելությունը մրցակիցների նկատմամբ և զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ 1983թ․-ին մրցաշրջանն ավարտվեց 14-րդ հորիզոնականում։

1984թ․-ին Նիկիտա Սիմոնյանը երկրորդ անգամ գլխավորեց «Արարատը», սակայն չկարողացավ կրկնել այն հաջողությունները, որոնք գրանցել էր նախորդ տասնամյակում, թիմը մրցաշրջանն ավարտեց 11-րդ հորիզոնականում։ 1984 թվականը հիշարժան էր Համլետ Մխիթարյանի համար․ 18 գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը դարձավ «Արարատի»՝ մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը գերազանցելով Խորեն Հովհաննիսյանի ցուցանիշը։

 

 

1985թ․-ի էլ առաջնությունը բավակակին վատ էր դասավորվում երևանյան թիմի համար ինչի հետևանքով գլխավոր մարզչի պաշտոնում Նիկիտա Սիմոնյանին փոխարինեց Լեոնիդ Զախարովը, ում գլխավորությամբ էլ թիմն առաջնությունն ավարտվեց 13-րդ հորիզոնականում։

1986թ․-ի առաջնության ընթացքում «Արարատի» ղեկը կրկին, այս անգամ ավելի երկար ժամանակով՝ մինչև 1989թ․-ը, ստանձնեց Արկադի Անդրիասյանը։ 1986թ․-ի մրցաշրջանը շատ բարդ ստացվեց թիմի համար, սակայն Անդրիասյանը կարողացավ թիմին պահել Բարձրագույն խմբում՝ առաջնությունն ավարտելով 14-րդ հորիզոնականում։ Հաջորդ տարի «Արարատն» ավելի լավ արդյունք գրանցեց՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Անդրիասյանը նոր թիմ կառուցեց, որտեղ արդեն չկային նախկին առաջատարները։ Խորեն Հովհաննիսյանը հեռացել էր, իսկ Համլետ Մխիթարյանը թիմը լքեց 1987 թ․-ին։

80-ականների «Արարատի» առաջատարներից էր Աշոտ Խաչատրյանը, որը թիմի կազմում մասնակցեց 16 մրցաշրջանների՝ խաղադաշտ դուրս գալով 366 անգամ: Անցկացրած խաղերի քանակով նա հետ մնաց միայն Սերգեյ Բոնդարենկոյից, ով «Արարատի» կազմում մասնակցել է 392 խաղի։ «Արարատի» համար դժվարին պահերին հենց Խաչատրյանն էր թիմին առաջ տանում իր հետևից ու զարմանալի չէ, որ 1987թ․-ի մրցաշրջանում Խաչատրյանը դարձավ թիմի լավագույն ռմբարկու՝ խփած 6 գոլով։ Հայ ֆուտբոլիստը նույնքան գոլով աչքի ընկավ նաև հաջորդ մրցաշրջանում։

Անդրիասյանի թիմում այս տարիներին իր լավ խաղով աչքի էր ընկնում նաև Բաբկեն Մելիքյանը։ Նա «Արարատում» հանդես է եկել 1978-1984 թվականներին, ինչպես նաև 1988 թ․-ից Անդրիասյանի օրոք կրկին կրել է «Արարատի» մարզաշապիկն ու դարձել թիմի հենասյուններից մեկը։ Ընդհանուր առմամբ Մելիքյանն «Արարատի» կազմում մանսկացել է 302 խաղի ու դարձել 43 գոլի հեղինակ։ Սա ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում 6-րդ արդյունքն է։

1988-89թթ մրցաշրջաններում «Արարատը» գտնվում էր ԽՍՀՄ առաջնության մրցաշարային աղյուսակի միջին կամ ստորին հատվածներում։ Անբավարար արդյունքները հանգեցրին Արկադի Անդրիասյանի հեռացմանը։ «Արարատի» համար այս մրցաշրջանները բավականին ծանր էին․ նոր թիմ էր հավաքվել, որտեղ ընդգրկված էին նաև նախկինում մեծ անուն հանած ֆուտբոլիստներ։ Հաշվի առնելով թիմի կազմն ու մրցակիցների հզորությունը, կարելի է ասել, որ թիմի գրանցած արդյունքները օրինաչափ էին։

Ալեքսանդր Պոդշիվալով

Բաբկեն Մելիքյանի ու Աշոտ Խաչատրյանի հետ միասին այս տարիներին թիմի առաջատարներին էին նաև Էդուարդ Վերանյանը, հարձակվող Ռոբերտ Քոչարյանը, պաշտպաններ Սարգիս Հովհաննիսյանն ու Ալբերտ Սարգսյանը։ «Արարատի» դարպասը այդ տարիներին պաշտպանում էր ռուս դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը, ով 7 մրցաշրջան անցկացրեց «Արարատում»․ այդ տարիներին հենց նրա հուսալի խաղի շնորհիվ թիմը կարևոր միավորներ էր վաստակում։ 1989 թ․-ի գրանցած արդյունքից հետո Անդրիասյանին կարճ ժամանակով փոխարինեց Նիկոլայ Ղազարյանը, իսկ արդեն 1990թ․-ից թիմի ղեկը ստանձնեց Արմեն Սարգսյանը։ Նա երևանյան ակումբում աշխատեց մինչ 1994թ․-ը։ «Արարատը» ԽՍՀՄ վերջին երկու առաջնություններին մասնակցեց հենց նրա գլխավորությամբ։

ԽՍՀՄ վերջին երկու առաջնություններին էլ «Արարատը» զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Պետք է շեշտել, որ անվանի ֆուտբոլիստների կողքին այս տարիներին կրկին հայտնվեցին երիտասարդ անուններ, որոնք թարմություն մտցրին թիմի խաղում ու ապահովեցին թիմի՝ բարձր մակարդակով ելույթները ԽՍՀՄ առաջնությունում։ Այս տարիներին ձևավորվեց նոր թիմ, որից հետագայում դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հիմքը։

Ընդհանուր առմամբ «Արարատը» ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 1026 հանդիպում (մասնակցել է 33 առաջնության) ու տարել 352 հաղթանակ։ ԽՍՀՄ բոլոր ժամանակների 20 լավագույն թիմերի ցանկում սա 10-րդ արդյունքն է։ Երևանցիները միշտ դժվար մրցակից էին բոլորի համար, «Հրազդան» մարզադաշտ այցելությունները իսկական փորձություն էին մրցակիցների համար։ «Արարատը» մինչև ԽՍՀՄ վերջին առաջնությունը կարողացավ բարձր պահել իր խաղամակարդակն ու պատվով ավարտել պատմության այս էջը։

Անկախության շրջան

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տարիների ընթացքում «Արարատը» Հայաստանի առաջնությունում առաջատարի կարգավիճակում էր: Այս տարիներին մեր թիմը չորս անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր (1993, 1994, 1995, 1996/1997 թթ.), մեկ անգամ Հայաստանի չեմպիոն (1993 թ.), երկու անգամ արծաթե մեդալակիր (1996/1997, 1999 թթ.) և մեկ անգամ բրոնզե մեդալակիր (1994 թ.):

2000 թվականին «Արարատը» կրկին արծաթե մեդալակիր է դառնում, իսկ 2001 թ․-ին դուրս է գալիս Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց Երևանի «Միկային» 11 մետրանոց հարվածաշարում:

2003թ.-ի մրցաշրջանից առաջ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Արարատը» մեկ տարի ժամկետով զրկվեց ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Պատճառն այն էր, որ ակումբը թույլ չէր տվել թիմի ֆուտբոլիստներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում մեկնել Իսրայել, քանի որ ՈՒԵՖԱ-ն, երկրում պատերազմական վիճակի հետ կապված, արգելել էր միջազգային հանդիպումների անցկացումը։

2004 թվականին «Արարատը» վերադարձավ Բարձրագույն խումբ, սակայն մինչև 2007թվականը չհասավ զգալի հաջողությունների: 2007-2008թթ «Արարատը» անվանի մասնագետ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ կերպարանափոխվեց․ թիմի լավ խաղն ու հաջողությունները երկար սպասեցնել չտվեցին։ 2007 թվականին «Արարատը» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց Երևանի «Բանանցին», իսկ արդեն 2008 թվականին Իջևանում կայացած եզրափակչում հաղթելով նույն «Բանանցին» կարողացավ հինգերորդ անգամ նվաճել այդ պատվավոր մրցանակը։

«Արարատը» նվաճեց առաջնության արծաթե մեդալները, թեև մինչև վերջին պահը հավակնում էր չեմպիոնությանը: «Արարատը» և «Փյունիկն» այդ մրցաշրջանում հավասար միավորներ էին վաստակել և Հայաստանի չեմպիոնը պետք է վճռվեր «Ոսկե Խաղի» արդյունքում։ 2008թ․-ի նոյեմբերի 19-ին Հանրապետական մարզադաշտում կայացած այդ խաղում բոլոր իրադարձությունները «Արարատին» դեմ էին ընթանում: Սկանդալային խաղի մանրամասների մասին գիտեն հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները։ Չնայած «Արարատն» արժանացավ արծաթե մեդալների այնուամենայնիվ իրավացիորեն արժանի էր ոսկու: Պետք է շեշտել, որ 2019 թվականին՝ 11 տարի անց, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ցանկացավ սիմվոլիկ քայլով ինչ-որ չափով վերականգնել արդարությունը․ «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ Սողոմոնյանը նրանց հանձնեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008 թ-ի գավաթի կրկնօրինակը: Այդ չարաբաստիկ խաղից հետո ակումբը, գտնելով, որ արդար խաղով հնարավոր չէ հասնել հաջողության, հրաժարվեց իր առաջատարներից, ինչի արդյունքում 2009թ.-ին «Արարատը» հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։ Թիմը թեև լքեց Բարձրագույն խումբը, սակայն կարողացավ նվաճել Հայաստանի Սուպերգավաթը:

2010թ. թիմն անցկացրեց Առաջին խմբում: «Արարատը» Բարձրագույն խումբ վերադարձավ առաջին իսկ փորձից` զբաղեցնելով առաջին տեղը: Սակայն, 2011-2012թթ. չի կարելի համարել հաջողակ տարիներ ակումբի համար, քանի որ «Արարատը» հիմնականում գտնվում էր մրցաշարային աղյուսակի ստորին մասում։ Իրավիճակը փոխվեց, երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը:  2013/14 մրցաշրջանից առաջ «Արարատը» վերադարձավ հարազատ դարձած և վերակառուցված «Հրազդան» մարզադաշտ: Առաջնության առաջին հատվածը թիմն ավարտեց առաջին հորիզոնականում՝ ունենալով 8 միավորի առավելություն 2-րդ տեղում ընթացող մրցակցի նկատմամբ: Մրցաշրջանի վերջնամասում, սակայն, Աբրահամ Խաշմանյանը հեռացավ թիմից, իսկ «Արարատը» զբաղեցրեց միայն 4-րդ հորիզոնականը։

Դրան հաջորդած մրցաշրջաններում նույնպես «Արարատը» հիմնականում զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի միջին կամ միջինից ցածր հորիզոնակնները։ Իրավիճակը չփոխվեց անգամ 2018 թվականին, երբ թիմի ղեկը կրկին ստանձնեց Աբրահամ Խաշմանյանը։ Նրա հետ միասին թիմը մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց, սակայն դա էլ չօգնեց, որպեսզի 2018/19 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում թիմը իրեն հարիր տեղ զբաղեցնի։ 2019/20 մրցաշրջանն էլ «Արարատը» բավականին լավ սկսեց՝ ձմեռային դադարի գնալով առաջատարների թվում, սակայն, ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ 2020 թվականին «Արարատը» չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել ու առաջնությունն ավարտվեց 6-րդ հորիզոնականում։

2020/21 մրցաշրջանում թիմում արմատական փոփոխություններ եղան։ Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց Արթուր Նազարյանը, որի հետ միասին թիմ եկավ նաև «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ Թիմի կազմում ևս տեղի ունեցան մեծ փոփոխություններ՝ այն համալրվեց Հայաստանի հավաքականի ներկա և նախկին մի քանի ֆուտբոլիստներով։ Բավականին հաջող խաղի շնորհիվ «Արարատը» 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածն ավարտվեց առաջին հորիզոնականում։

Աղբյուրը՝ https://fcararat.am/am/club/history/our-history.html