Ողջի գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին. Ամասիայի շրջան

3373

Ողջի գյուղը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ամասիա համայնքի մաս է կազմում:

Ողջին գտնվում է Ամասիայից 18 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 10 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ոխչի, Օխչի, Օղչօղլի, Օղջ, Օճագլր անվանումները: Ողջի է վերանվանվել 1991-ի ապրիլի 3-ին:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ Ողջիում տարբեր թվականների եղել է հետևյալ բնակչությունը.

1886թ. – 551 հոգի, բոլորը՝ կարափափախ,

1897թ. – 747 հոգի, բոլորը՝ կարափափախ,

1908թ. – 935 հոգի, բոլորը՝ կարափափախ,

1914թ. – 980 հոգի, բոլորը՝ կարափափախ,

1922թ. – 454 հոգի, 1-ը՝ հայ, 453-ը՝ թրքո-թաթար,

1926թ. – 709 հոգի, 5-ը՝ հայ, 704-ը՝ կարափափախ,

1931թ. – 893 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Ողջի, նախկինում՝ Օխչօղլի գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

1939-ին Ողջիում բնակչության թիվը 1093 էր, 1959-ին՝ 1032, 1970-ին՝ 1412, 1979-ին՝ 1504: Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել ու կարդալ նաև՝