Մեղրի, Լաչին, Շուշի. Քի Վեսթի միջանցքները

11459

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականի ապրիլին Ֆլորիդայի Քի Վեսթում և 1999-2000 թթ. բանակցություններում Արցախը Լաչինի միջանցքով Հայաստանին միացնելու դիմաց Մեղրի շրջանը Ադրբեջանին փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարել, ինչպես այսօր պնդում են որոշները և հավատում՝ շատերը:

Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը: Իսկ Քի Վեսթում մշակված տարբերակով, որը ստացել էր փաստաթղթային տեսք և որպես ոչ պաշտոնական առաջարկներ ներկայացվել հակամարտության կողմերին, նախատեսում էր կարգավորման հասնել միջանցքների ստեղծումով:

Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը:

Այժմ մանրամասներ երեք միջանցքների մասին՝ Լաչին, Մեղրի և Շուշի, որոնք իրենց լայնությամբ և կարգավիճակով միանգամայն տարբեր են:

Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող 20 կիլոմետր լայնքով միջանցքը դառնում էր հայկական տարածք, թեև Բաքուն համառում էր: Այդ 20 կիլոմետրանոց լայնքով տարածքը վերածվում էր քառակուսի մետրերի և նախկին ԼՂԻՄ-ից նույնքան տարածք տրվում էր Ադրբեջանին: Սա շատ կարևոր մանրամասն է, որի մասին գրեթե չի գրվել: Այո, հայկական կողմը, բացի 7 շրջանները, քննարկել է նաև ԼՂԻՄ-ի ծայրամասից Ադրբեջանին տարածք տալy, միայն թե Լաչինի միջանցքը լինի հայկական հող և վերահսկվի հայկական իշխանությունների կողմից:

Մեղրիով՝ Արաքսի ափով Ադրբեջանին տրվելիք միջանցքը, որը ունենալու էր մոտ 40 կիլոմետր երկարություն և 8 մետր լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը: Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանը այդ միջանցքից ազատ օգտվելու համար Հայաստանին որևէ հարկ տրանզիտի դիմաց չէր վճարելու: Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով` overpassing elevated road, Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապելու տարբերակը, սակայն այն չափից դուրս թանկ էր ստացվում: Առաջարկվեց 8 մետր լայնությամբ ճանապարհ Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հանդիպելու դեպքում դառնալու էր էստակադա, ապա կրկին իջնում գետնի վրա: Սրանով նվազագույնի էր հացվում Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների և Մեղրիի հայերի շփման հավանականությունը:

Հայկական բնակավայրերի մոտ էստակադաների կառուցումը, այն է՝ սուվերեն անցումը գետնից օդ հանելը, լուծում էր մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը: Ճիշտ է, լայն հաշվով Հայաստանի տարածքը 8 մետրով նեղանում էր և բացի այդ, Հայաստանը կորցնում էր Արաքս գետից ամբողջ 40 կիլոմետր երկարության վրա օգտվելու հնարավորությունը, ակայն մյուս կողմից, էստակադաների հատվածում Հայաստանը կարող էր ունենալ մեկից ավելի կամուրջներ, որոնք միմյանց կկապեին Հայաստանն ու Իրանը, ինչպես այսօր դա իրականացվում է մեկ կամրջով՝ Նորդուզ-Կարճևան հատվածում` կառուցված 1995 թվականին:

Հաշվի առնելով հայկական բնակավայրերի քանակը Արաքս գետի երկայանքով` կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանը ամբողջական ցամաքային կապը կպահեին Նռնաձորում, Ալվանքում, Մեղրիի կայարանամերձ հատվածում և Ագարակում` այնտեղ, որտեղ այսօրվա հայ-իրանական անցակետն է:

Թեև փախստականների և տեղահանվածների թեման միշտ էլ եղել է բանակցային սեղանին՝ որպես կարևորագույն հինգ սկզբունքներից մեկը, Քի Վեսթի տարբերակում առաձնապես և առաջին հերթին ուշադրության կենտրոնում է եղել Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի հնարավորությունը: Հայկական կողմը սկզբունքորեն դեմ չի արտահայտվել: Սակայն լուրջ քննարկման թեմա է դարձել ոչ միայն նրանց անվտանգության ապահովման, այլև այն հարցը, թե ինչպես են Շուշիի ադրբեջանցիները կապվելու Ադրբեջանի հետ:

Այստեղ նույնպես օգնության է եկել միջանցքի գաղափարը, այն է՝ հնարավորություն ստեղծել, որ ադրբեջանցիները ազատ կապի հնարավորություն ստանան Ադրբեջանի հետ: Այդ միջանցքը կամ ճանապարհը կարող էր լինել Լաչինով, այսինքն՝ Շուշիից դեպի Լաչին, ապա Հակարիի ափով շրջադարձ դեպի Ղուբաթլու և Արաքսի հովիտ: Կամ երկրորդ տարբերակ՝ անվտանգ ճանապարհ Աղդամից դեպի Շուշի:

Ահա հակիրճ սա է Քի Վեսթի էությունը: Մնացյալը, թե իբր Քոչարյանը Մեղրիի շրջանը հանձնում էր Ադրբեջանին, իսկ Հայաստանը կորցնում էր Իրանի հետ ընդհանուր սահմանը, ճիշտ չէ:

Միանգամից կասեք՝ բայց շատ վատ ու վտանգավոր տարբերակ է: Գուցե:

Կարդացե՛ք 1997-ի փաթեթայինը կամ փուլայինը, կարդացե՛ք 1998-ի Ընդհանուր պետությունը, կարդացե՛ք Մադրիդյանն ու Կազանի փաստաթութը: Փորձեք համեմատել Քի Վեսթի հետ: Այո, Քի Վեսթը լավ տարբերակ չէր: Իսկ մյուս առաջարկները լա՞վն են: Եվ ո՞վ է ասում, որ միջնորդները երբևիցե հայերի ու ադրբեջանցիների առաջ կդնեն տարբերակ, որը ընդունելի կլինի հայերի ու ադրբեջանցիների համար:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Քոչարյանը Քի Վեսթում, ապրիլ, 2001թ