Ակնաղբյուր գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Տավուշ

3187

Ակնաղբյուր գյուղը գտնվում է Աղստև գետի ձախ ափին: Հարավից սահմանակից է Լուսաձոր, հյուսիսից՝ Աչաջուր գյուղերին: Երևանից հեռու է 146 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 13 կմ, ծովի մակերևույթից բարձր է 650 մետր:

Նախկինում գյուղն ունեցել է Ներքին Աղդան անունը: 1967թ. այն վերանվանվեց Մորուտ, իսկ 1970թ. Ակնաղբյուր:

Ակնաղբյուրի շրջակայքի հնավայրերից նշանավոր է նրա հարավային մասում գտնվող սրբատեղին: Այստեղ կա մի դարավոր կաղնի ծառ: Ըստ ավանդության ծառը տնկել էր սպարապետ Վարդան Մամիկոնյան 450թ.՝ Խաղխաղի հաղթական ճակատամարտից վերադառնալու ժամանակ: 1978թ. կաղնին տապալվել է: Ընկած կաղնու կողքին նոր կաղնի է տնկել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Ակնաղբյուրի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 189, բոլորը՝ հայ,

1886թ.- 200, բոլորը՝ հայ,

1908թ.- 341,

1914թ.- 336՝ ըստ Կովկասյան օրացույցի,

1916թ.- 247,

1919թ.- 355,

1922թ.- 248, բոլորը՝ հայ,

1931թ.- 270, բոլորը՝ հայ:

Իջևանը և շրջանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Իջևանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանում հաստատվեցին խորհրդային կարգեր:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը