«Արարատի» փառահեղ վերադարձը

2832

Այսօր Երևանի «Արարատը» փառահեղ վերադարձավ ֆուտբոլ:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի գավաթի եզրափակիչում հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկի անունով թիմը հաղթանակ տարավ Երևանի «Ալաշկերտի» նկատմամբ և նվաճեց VBET Հայաստանի գավաթը:

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատը» հաղթեց 3-1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Աղվան Պապիկյանը և Մորի Կոնեն՝ 2 անգամ, «Ալաշկերտից»՝ Միհրան Մանասյանը:

«Արարատը» միայն ֆուտբոլ չէ, «Արարատը» 73 թվականն է, «Արարատը» հայ ժողովրդի խորհրդանիշն է ու ազգային զարթոնքը: Հատկապես այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է իր դժվարագույն ժամանակները, մեզ պետք են «Արարատ» անունով հաղթանակներ:

Շատ կարևոր է, որ «Արարատը» հաջող հանդես գա եվրոպական գավաթների խաղարկությունում:

Ավելի քան 13 տարի առաջ էր «Արարատը» հասել հաջողության՝ 2008թ նվաճելով Հայաստանի գավաթը, որից հետո անկախ Հայաստանի և Խորհրդային Հայաստանի տիտղոսակիր ակումբը որևէ լուրջ հաջողության չէր հասել: Նույն՝ 2008-ին, «Արարատը» Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով «Փյունիկին»:

2009-ից սկսվեց «Արարատի» անկումը: Այդ տարի թիմը առաջնությունում զբաղեցրեց վերջին՝ 8-րդ տեղը և հրաժեշտ տվեց Բարձրագույն խմբին: Ճիշտ է, 2010-ին թիմը կրկին վերադարձավ ուժեղագույնների խումբ: 2011-ին «Արարատը» կրկին զբաղեցրեց վերջին՝ 8-րդ տեղը: 2012/13 թթ առաջնությունում թիմը զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ տեղը: 2013/14-ին ավելի հաջող խաղաց և զբաղեցրեց 4-րդ տեղը: 2014/15-ին «Արարատը» կրկին զբաղեցրեց վերջին՝ 8-րդ տեղը: 2015/16-ը ավելի հաջող էր՝ 5-րդ տեղը:

Թիմի պատմության վատագույն շրջանը 2016-ից 2019 թվականներն էին, երբ երեք տարի անընդմեջ «Արարատը» զբաղեցրեց վերջին տեղը: 2016/17-ին Բարձրագույն խմբում միայն 6 թիմ էր խաղում, և «Արարատը» գրանցելով իր պատմության վատագույն ցուցանիշը՝ 3 հաղթանակ, 3 ոչ ոքի և 24 պարտություն: 2017/18-ին ևս 6 թիմ էր խաղում Բարձրագույն խմբում: 2018/19-ին «Արարատը» վերջին տեղը զբաղեցրց 9 թիմերը մրցապայքարում: Նախորդ՝ 2019-2020-ին, թիմը համեմատաբար հաջող ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը 10 թիմերի մրցապայքարում:

Այս՝ 2020/21 թթ առաջնությունում «Արարատը» շատ հաջող է խաղում և ունի բոլոր հնարավորությունները VBET Հայաստանի գավաթը նվաճելուց հետո հաղթել նաև VBET Հայաստանի առաջնությունում: Այս տարի չեմպիոնության համար պայքարում են 4 թիմեր և բոլորն էլ պահպանում են հավասար հնարավորություններ՝ «Արարատը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Նոան»:

Վերադառնալով այսօրվա հաղթանակին և գավաթի նվաճմանը, հիշեցնենք, որ «Արարատը» 1992-ից ի վեր հինգ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը՝ 1993-ին, 1994-ին, 1995-ին, 1997-ին և 2008-ին:

«Արարատի» արդյունքները համեստ են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում: Թիմը միայն մեկ անգամ է դարձել հաղթող՝ գրեթե 30 տարի առաջ՝ 1993-ին: 1996/97-ին, 1999-ին, 2000-ին և 2008-ին «Արարատը» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, և մեկ անգամ՝ 1994-ին՝ 3-րդ հորիզոնականը:

Իսկ «Արարատի» փառքը գալիս է խորհրդային տարիներից, երբ ԽՍՀՄ Բարձրագույն խմբում հանդես եկող միակ հայկական թիմը 1973-ին նվաճեց և՛ չեմպիոնությունը, և՛ գավաթը:

Թաթուլ Հակոբյան