Ջիլիզա գյուղի բնակչությունը 1897-1931 թվականներին

4424

Ջիլիզա գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդիի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 80 կմ հյուսիս-արևելք, Ալավերդի քաղաքից՝ 30 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա՝ Լալվար սարի ստորոտում, Վրաստանի հետ սահմանին։

Ջիլիզան հիշատակվում է նաև Ջիլիզ անունով։ Ներկայիս գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի վերջերին։

Ջիլիզա գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1897 թվական – 62 հոգի, որից 31-ը՝ իսլամ, 31-ը՝ հույն, պրավոսլավ, ցարական մարդահամար

1926 թ․ – 111 հոգի, որից 105-ը՝ հայ, 6-ը՝ հույն, ԽՍՀՄ առաջին մարդահամար,

1931թ․ – 121 հոգի, որից 116-ը՝ հայ, 5-ը՝ հույն։

Այսօր գյուղն ունի շուրջ 100 բնակիչ։

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ, Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ, Օձուն:

Լուսանկարում՝ Խորակերտի վանքը