Դսեղը՝ հաղթող, երկրորդ տեղում՝ Ալավերդու թիվ 12 դպրոցը, երրորդ տեղում՝ Օձունի թիմը. Լոռու ձորի ֆուտբոլի մրցաշար

3539

Մայիսի 7-ին Լոռու մարզի Օձուն գյուղի մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի դպրոցականների մրցաշար, որը կազմակերպել և հովանավորում էր «Դովեղ» ֆուտբոլային ակումբը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Լոռու մարզի ներկայացուցիչ Ռուբիկ Ծատինյանի հետ համագործակցաբար։

Կիսաեզրափակիչում մրցեցին Օձունի և Դսեղի, ապա Ալավերդի քաղաքի թիվ 2 և 12 դպրոցների թիմերը:

Դսեղի թիմը հաղթեց Օձունին՝ 2-0, իսկ Ալավերդու թիվ 12 դպրոցը թիվ 2 դպրոցին՝ 2-1 հաշվով:

Երրորդ տեղի համար պայքարում Օձունի թիմը 4-2 հաշվով հաղթեց Ալավերդու թիվ 2 դպրոցին:

Եզրափակիչում մրցեցին Դսեղի և Ալավերդու թիվ 12 դպրոցների թիմերը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցները ավելի լավ իրացրին Դսեղի սաները և հաղթանակ տարան 4-3 հաշվով:

Կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր 4 դպրոցները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Լոռու մարզի ներկայացուցիչ Ռուբիկ Ծատինյանի կողմից ստացան պատվոգրեր:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը հաղթող թիմին՝ Դսեղի դպրոցին հանձնեց Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկերով հուշանվեր, իսկ երկրորդ տեղը գրաված Ալավերդու թիվ 12 դպրոցի թիմին՝ ձեռքի աշխատանք փայտյա փոքր եկեղեցի:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը գնդակներ և գրքեր նվիրեց առաջնության լավագույն դարպասապահին, պաշտպանին, կիսապաշտպանին, հարձակվողին և լավագույն խաղացողին, ինչպես նաև Դսեղ թիմի դարպասապահին: Թիմերի մարզիչները ևս ստացան հուշանվերներ:

Այս մրցաշարը նպատակ ուներ Թումանյանի շրջանից ընտրել մարզիչներ և ֆուտբոլիստներ, ձևավորել տարիքային մեկ կամ մի քանի թիմեր, որոնք «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հովանու ներքո 2021-2022 թվականներին հանդես կգան ֆուտբոլի ՀՀ մանկապատանեկան առաջնությունում:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի կողմից 2021 թվականին առաջին 4 ամիսներին սա թվով երրորդ դպրոցականների մրցաշարն էր: Հաջորդը՝ թվով չորրորդը, կկայանա մայիսի վերջերին:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

7 մայիսի, 2021թ